ՕՐԵ՞ՆՔՆ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ՄԱՐԴԸ՝ ՕՐԵՆՔԻ 1992-ից Երեւանի կենտրոնում, Ամիրյան 11 հասցեում, գործում է «Գթություն» հասարակական-բարեգործական միության մասնագիտացված գրախանութը, որտեղ վաճառվում է հոգեւոր-կրոնական թեմատիկայով գրականություն։ Սա հանրապետությունում այս կարգի միակ մասնագիտացված գրախանութն է, որն իր նշանակալից դերն ունի ինչպես շարքային հավատացյալների, այնպես էլ մասնագիտորեն կրոն եւ քրիստոնեություն ուսումնասիրողների քրիստոնեական դաստիարակության գործում։ Գրախանութում աշխատակիցների ջանքերով ստեղծվել է նաեւ գրադարան, որտեղ հավաքված է 1500 անուն գիրք։ Ինչպես հպարտորեն նշեց գրախանութի վարիչ Արամ Տեր-Հակոբյանը՝ «Այսպիսի գրադարան նույնիսկ Էջմիածնի ճեմարանը չունի»։ Գրադարանից պարբերաբար օգտվողների թիվն անցնում է 50-60-ից։ Քրիստոնեության 1700-ամյակի առթիվ ակնկալվում են կրոնական եւ պատմական թեմաներով գրականության հրատարակություններ, որոնց վաճառքն էլ հեղինակներն ու հրատարակիչները նախընտրում են իրականացնել այդ գրախանութում, բայց… Հերթական անգամ գրախանութը կանգնած է «լինել-չլինելու» առջեւ։ Ու խնդիրը, ինչպես միշտ, տարածքային է։ Գրախանութի տարածքը պատկանում է Կենտրոն համայնքին։ 1992-ից վարձակալության է տրվել «Գթություն» ՀԲՄ-ի դուստր-ձեռնարկության «Բարիք» ՍՊԸ-ին։ 1995-ին վարձակալության պայմանագրի ժամկետը լրացել է։ Կենտրոն համայնքը, հակառակ «Բարիք» ՍՊԸ-ի խնդրանքներին, չի համաձայնել պայմանագիրը երկարաձգել ու այլընտրանք չընդունող տոնով պահանջում է ազատել տարածքը։ Եվ ահա 5 տարի է՝ ձգվում է գրախանութի ոդիսականը։ Կենտրոն համայնքի եւ «Բարիք» ՍՊԸ-ի միջեւ 1996-ից առ այսօր ընթացող դատական քաշքշուկների վերջին շտրիխը դրվել է 2001թ. հունվարին. Սպանդարյանի առաջին ատյանի դատարանը միանշանակ որոշել է, որ «Բարիք» ՍՊԸ-ն պետք է ազատի ապօրինաբար գրավված տարածքը։ «Բարիքը» հայցով մտել է վերաքննիչ դատարան, որտեղ փետրվարի 19-ին հերթական անգամ կլսվի այս գործը։ Ըստ էության, պարզ է, որ օրենքի տեսակետից գրախանութը դատապարտված է։ Չկա տարածքի վարձակալության մասին պայմանագիր, հետեւաբար չկա վարձակալ։ Դրանով իսկ «Բարիքի» Ամիրյան 11 հասցեում տեղաբաշխվելն ապօրինություն է։ Սակայն… Սակայն, ինչպես ասում են, օրենքը գեղեցիկ է բացառություններով։ Ինչ խոսք, տարածքն ավելի քան աչքի ընկնող է եւ հարմարավետ՝ քաղաքի կենտրոնում, բազմաթիվ օֆիսների ու խանութների հարեւանությամբ, եւ տերը՝ Կենտրոն համայնքը, շատ ավելի լավ պայմաններով այն կարող է վարձակալության տալ կամ նույնիսկ վաճառել։ Ու ինչպես Թումանյան փողոցի գեղարվեստի հայտնի սալոնը դարձավ խաղատուն, այնպես էլ, հնարավոր է, որ այս հոգեւոր-մշակութային կենտրոնի տարածքում մեծ հաջողությամբ հանգրվանեն հերթական սաունան, ռեստորանը կամ կազինոն։ Ամեն ինչ պարզ է, ինչպես «1+1»-ը, սակայն չէ՞ որ մարդը մարդ է ոչ միայն հացիվ։ Ու քրիստոնեություն, համամարդկային արժեքներ քարոզող եւ գովերգող այս ազգը, այն էլ քրիստոնեության 1700-ամյակի շեմին, չպիտի թույլ տա, որ միակ վայրը, որտեղից մարդիկ Աստվածաշունչ եւ աստծո խոսքը քարոզող այլ գրականություն, տեսաերիզներ էին ձեռք բերում, վերածվի խրախճանքի կամ առեւտրի կենտրոնի։ Առավել եւս, որ «Բարիք» ՍՊԸ-ն ոչ թե նվիրատվական կամ բարեգործական կարգով է ցանկանում մնալ այդ տարածքում, այլ՝ պայմանագրային-վարձակալական հիմունքներով. «Մենք շարունակում ենք համայնքին խնդրել, որ մեզ հետ պայմանագիր կնքի, վարձակալության տա այս տարածքը։ Ուղղակի ափսոս է, որ այս գիրն ու գրականությունը, այս հրաշալի գրադարանն այստեղից վերանան ու գա մի օր, որ հավատացյալները կամ կրոնի պատմություն ուսումնասիրող ուսանողները գան ու կողպված տեսնեն այս դուռը»,- ասում է գրախանութի վարիչ Արամ Տեր-Հակոբյանը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ