Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրեական գործով երեկ ԼՂՀ Գերագույն դատարանն անցավ դատական վիճաբանություն

Փետրվար 14,2001 00:00

Ընդդեմ «դիվագրգռության» «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրեական գործով երեկ ԼՂՀ Գերագույն դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին. նախ խոսեցին տուժողները, տուժողի իրավահաջորդը եւ ապա՝ պաշտպանները։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացուցիչը՝ Կարեն Բաբուրյանը, խոսեց կարճ։ Նա ասաց, որ իրենք մասնակցել են դատաքննությանը եւ «վստահ են, որ դատարանը կկայացնի ճիշտ որոշում»։ Դատարանին նույն վստահության «դոբրոն» տվեցին տուժող Սամվել Սարգսյանն ու քաղհայցվոր Ալեքսանդր Սլոտինը։ Պաշտպաններից Կարեն Գարայանը, Վազգեն Հայրապետյանը, Միրա Ղահրամանյանը, Գեորգի Սաֆարյանը հանդես եկան ռուսերեն, թեեւ դատարանի լեզուն պաշտոնապես արցախահայերենն է։ Ալբերտ Առուստամյանի, Խաչատուր Պետրոսյանի, Վարուժան Մելքումյանի, Դավիթ Ղուլյանի պաշտպանները գտնում էին, որ նրանց պետք է ազատել դատարանի դահլիճից, քանի որ վերջիններս հրաժարվել են նախագահի դեմ մահափորձից, սրտանց զղջացել են։ Վարուժան Մելքումյանի համար ասվեց, որ նա մի քանի անգամ հրաժարվել է մասնակցել «հանցավոր հավաքներին», չեզոք դիրք է գրավել՝ «հայտնվելով անելանելի իրավիճակում»։ Պաշտպանը գտնում էր, որ Վարուժանի նկատմամբ ձեռք բերված ապացույցներում չկա մի ակնարկ, թե նա «հետամտած լինի ԼՂՀ նախագահին»։ Ինքնահրաժարումը մահափորձից նա դիտեց «հանցագործությունից կամովին հրաժարվելու դասական օրինակ»։ Հետաքրքիր լսվեց Գեորգի Սաֆարյանի պաշտպանական ճառը։ Նա պաշտպանն էր միաժամանակ երեք ամբաստանյալ եղբայրների՝ Գառնիկ, Հենրիկ, Վալերի Ծատրյանների։ Այն, որ ապօրինի զենք, զինամթերք են հափշտակել եւ տեղափոխել, նա հարցով դիմեց ներկաներին. ո՞ւմ էր պատկանում այդ զենքը, որը հաշվառված չէր, ի՞նչ զենք ու զինամթերք է իրականում «հափշտակվել» եւ հիշեցրեց, որ Սամվել Բաբայանը (նա իր ցուցմունքներում պնդել էր) ասել էր, որպեսզի զենքը տարվի Մսմնա։ «Նրան (Գառնիկին) ասվել է. վերցրու բանալին եւ տար»։ Ինչ վերաբերում էր իր պաշտպանյալներից մեկի ավտոմատ եւ «Մակարով» տիպի ատրճանակ ունենալուն, պաշտպանն ասաց, որ այդ զենքը ձեռք է բերվել մարտական գործողությունների ժամանակ։ (Գիտեի՞ն, որ զենքերն ընդհանրապես հաշվառված չէ, հարցնում էր պաշտպանը։ Նա ասաց, որ պետք է վերաորակավորի այս արարքը)։ Սասուն Աղաջանյանը ընդմիջման ժամանակ դատարանի դահլիճից դուրս չհանվեց. ի վիճակի չէ ինքնուրույն քայլել։ Դատարանում կրկին լուռ է։ Երբ իր պաշտպանական ճառից առաջ նրան մոտեցավ նրա պաշտպան Էդիկ Աղաջանյանը եւ ինչ-որ բան էր փորձում ճշտել կամ հարցնել, նկատեցինք, որ չարձագանքեց։ Էդիկ Աղաջանյանն իր ճառով վեր հանեց նախ նախաքննական մարմնի կողմից իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված ապօրինությունները, մասնավորապես այն, որ 3 օր փաստացի ապօրինի կալանքի տակ է գտնվել, զրկված լինելով գանգատարկելու իրավունքից, պաշտպանական կողմը զրկված էր մեկուսարան գնալուց եւ նրան տեսակցելուց։ Եվ որ Սասունն ընդհանրապես ծանոթ չէր քրգործի նյութերին, մեղադրական եզրակացությանը։ Սասունի համար Հայաստանից գնացած փաստաբանն առաջարկեց «կիրառել համեմատաբար մեղմ պատիժ» եւ 4 դրվագների համար էլ առաջարկեց գործը կարճել։ Հայաստանից մեկ այլ փաստաբան՝ Անժելա Հակոբյանը, որը պաշտպանում էր Լեւոն Միրզոյանին, գտավ, որ նրան առաջադրված մեղադրանքը շինծու է, առկա է եղել դիտավորություն՝ «կեղծ մեղադրանք ձեռք բերելու համար»։ – Միրզոյան, կանգնիր,- հիշեցրեց դատախազի կոպիտ միջամտության մեկ օրինակ (դատարանում, առերեսման) եւ ապա վկային ուղղված հարցը. – Սա՞ է Միրզոյանը։ Նա ասաց, որ այս ձեւով առերեսում չեն անում, եւ այսկերպ են ձեռք բերվել ապացույցները (իբրեւ Լեւոնին 2 մլն դրամ տալու, Սամվելից հանձնարարություն ստանալու)։ Պաշտպանն ասաց, որ մի քանի ամբաստանյալների դատաքննական ցուցմունքներով այն ժխտվել է։ Ի դեպ, վերնագրիս մասին. «դիվագրգռություն» բառի հեղինակային իրավունքը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանինն է, որը լրատվամիջոցների ցանկացած հականախագահական պոռթկում որակում է այդպես։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել