Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այս

Փետրվար 14,2001 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹԱՂԵՑ ՀԱՅ ԴԱՏԸ Այս տարվա հունվարին Հայ Դատի 123-ամյա պատմության մեջ արձանագրվեցին մի շարք նշանակալից իրադարձություններ, որոնք արժանի են մանրակրկիտ քննության եւ իմաստավորման, քանի որ դրանք կարող են ճակատագրական դեր խաղալ Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագա կյանքում։ Նշանակալից՝ մանավանդ այն առումով, որ դրանք բոլորն էլ կապված են բացառապես մեկ անձի՝ Ռ. Քոչարյանի խճճված, հաշմանդամ ու հակասական մտքերի հետ՝ արտահայտված Ստրասբուրգում տեղի ունեցած մամլո ասուլիսում եւ Մեհմեդ Ալի Բիրանդին տված հարցազրույցում։ Պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարարությունը, նախագահի տեղեկատվական ծառայությունը եւ իշխանամետ մամուլը շաբաթներ շարունակ զբաղված էին Քոչարյանի մտքերը ինչ-որ կերպ մեկնաբանելու աճպարարությամբ ու դրանով նրան անհարմար վիճակից հանելու ապարդյուն գործով։ Այժմ մեկ առ մեկ դիտարկենք Քոչարյանի այդքան աղմուկ հանած մտքի գոհարները։ Քոչարյանի հայտարարությունները Ստրասբուրգում Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում Քոչարյանը մշուշապատ արտահայտություններով կատարեց երկու կարեւոր հայտարարություն. «Ցեղասպանության ճանաչման գործընթացում այսօր Հայաստանը՝ որպես պետություն, տարածքային պահանջներ չի ներկայացնում Թուրքիային, որովհետեւ դրա իրավական հիմքերը չունի», եւ ապա՝ «Տարածքային խնդիրն այլ հարթության է վերաբերում, կապվում է Սեւրի պայմանագրի հետ. սա արդեն խնդիր է այլ օպերայից»։ Փորձենք հասկանալ, թե ինչ է ուզում ասել մեր նախագահը, թեեւ խոստովանում եմ, դա այնքան էլ հեշտ խնդիր չէ։ Առաջին. «Այսօր» բառն օգտագործելով, Քոչարյանը իրեն հատուկ գավառական խորամանկությամբ խուսափում է ուղիղ պատասխանից եւ փաստորեն չի բացառում, որ «վաղը» Հայաստանը կարող է պետական մակարդակով տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային։ Երկրորդ. Սակայն սրան հակասում է խոսքի շարունակությունը, թե Հայաստանը Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու իրավական հիմք չունի։ Ուստի անհասկանալի է մնում՝ եթե այսօր նման հիմք չունի, ինչպես է դա ունենալու վաղը։ Երրորդ. Զգալով, որ իր չմտածված արտահայտություններով ընկել է չափազանց ողորմելի վիճակի մեջ, Քոչարյանը հաջորդ ձախորդ հայտարարությամբ շեշտում է, որ, համենայնդեպս, տարածքային խնդիրներ գոյություն ունեն եւ այդ խնդիրները պետք է քննարկվեն Սեւրի դաշնագրի շրջանակներում։ Այնուամենայնիվ, նշված բոլոր հակասություններով հանդերձ, պետք է ընդունել, որ Քոչարյանի ստրասբուրգյան հայտարարությունները ինչ-որ կերպ դեռ կարող են տեղավորվել տարրական տրամաբանության շրջանակներում, մի բան, սակայն, որ ամենեւին չի կարելի ասել Բիրանդի հետ նրա անցկացրած հարցազրույցում հնչած անհեթեթությունների մասին։ Մեհմեդ Ալի Բիրանդի առաքելությունը Ստրասբուրգյան ասուլիսից մեկ շաբաթ անց թուրք հայտնի եւ տաղանդավոր լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը Հայաստան էր եկել պարզելու երկու հարց. «Ցեղասպանության ճանաչման ներկա արշավը կազմակերպված է սփյուռքի հայկական համայնքների՞, թե՞ Հայաստանի իշխանությունների, մասնավորապես՝ Ռ. Քոչարյանի նախաձեռնությամբ», «Ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանն արդյոք տարածքային պահանջներ ներկայացնելո՞ւ է Թուրքիային, թե՞ ոչ»։ Երկար-բարակ խոսակցությամբ բթացնելով Քոչարյանի զգոնությունը, Բիրանդը հմուտ մանեւրներով եւ երբեմն նաեւ պրովոկացիոն հարցերով կարողացավ նրանից կորզել իր ուզած պատասխանները եւ փայլուն հաղթանակով վերադարձավ Թուրքիա։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը կարծես հանդես էր գալիս փորձված քննողի, իսկ նախագահը՝ դասը վատ սերտած եւ այդ պատճառով՝ պատեպատ խփվող, հարցից հարց թռչող աշակերտի դերում։ Քոչարյանի պատասխանները Բիրանդին Առաջին հարցին Քոչարյանը տվեց բառացիորեն հետեւյալ պատասխանը. «Ցեղասպանության ճանաչման պահանջները օժանդակություն են ստացել եւ ուսուցանվել Հայկական սփյուռքի կողմից, ովքեր թոռներն են Ցեղասպանության զոհերի։ Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը ստիպված եղավ որոշել եւ հրապարակել իր քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ։ Ցեղասպանության պնդումների հետ կապված գործողություններն ընթանում են Հայաստանի եւ Հայկական սփյուռքի զուգահեռ ջանքերով։ Այն արդիական դարձավ, երբ ես անձնական կարծիք արտահայտեցի ՄԱԿ-ի ամբիոնից, ապա ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի ընթացքում… Սակայն սխալ կլիներ այդ ամենը վերագրել մեկ անձի նախաձեռնությանը կամ դիրքորոշմանը։ Իմ ազդեցությունն այդ հարցում սահմանափակ է»։ Թեեւ, կարծես թե, ամեն ինչ թափանցիկ է ասված, բայց, կարծում եմ, անհրաժեշտություն կա մեկնաբանելու նախագահի նաեւ այս դատողությունները։ Քոչարյանն, անկասկած, բնազդաբար զգում է, որ քաղաքական տեսակետից ճիշտ է այն մոտեցումը, թե Ցեղասպանության ճանաչման պահանջը բխում է Ցեղասպանության բուն զոհերից, այսինքն՝ Հայկական սփյուռքից։ Բայց Ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթարշավից անմասն չմնալու տղայական գայթակղությունը նրան ստիպում է անզգուշաբար ընդգծել նաեւ Հայաստանի իշխանությունների եւ մանավանդ իր անձնական դերն այս գործում։ Ուստի Բիրանդը լիովին բավարարված է. նա ստացավ իրեն հուզող հարցի պատասխանը. «Թեեւ Ցեղասպանության ճանաչման պահանջով մինչեւ այժմ զբաղվել է Սփյուռքը, որն այսօր էլ շարունակում է իր այդ դերակատարությունը, բայց ներկա արշավը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը»։ Ավելի ուշագրավ եւ կարեւոր է, սակայն, Բիրանդի երկրորդ հարցին տրված քոչարյանական պատասխանը. «Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանն ի վիճակի չի լինի Թուրքիայի դեմ իրավական գործողությունների նախաձեռնություն սկսել։ Ցեղասպանության ճանաչման դեպքում Հայաստանը հողային պահանջ չի ունենա։ Զարմանում եմ, որ թուրք իրավաբաններն այս փաստը թուրքական պետությանը չեն բացատրում… Ես կամ որեւէ կուսակցություն ի՞նչ ենք պահանջելու Թուրքիայից։ Հայաստանն այդ հողերի ժառանգորդը չէ։ Ինչպե՞ս կարող եմ պահանջել, թե այդ հողերը մերն են եւ ասել. «Թուրքիան պետք է այդ հողերը ետ տա մեզ»… Ցեղասպանության ճանաչումը կապ չունի Սեւրի հետ։ Ցեղասպանության ընդունումը պատճառ չի դառնա Սեւրի հարությանը… Չեմ ասում, թե Սեւրի ժամանակների վերջն է, բայց թույլ տվեք ասել նորից, որ այդ պայմանագիրը երբեք կյանքի չի կոչվի։ Այս պայմանագրի շուրջ Հայաստանի կառավարությունը երբեք պրոբլեմներ չի ստեղծի»։ Այս պատասխանը նույնպես այնքան խճճված ու հակասական է, որ հարկ կա կրկին վերծանությամբ զբաղվելու։ Բերված հատվածի ուշադիր ընթերցանությունից կարելի է քաղել հետեւյալ հստակ պնդումները. – Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից, – Հայաստանը Թուրքիայի դեմ իրավական գործողություններ նախաձեռնելու հիմք չունի, – Հայաստանը այդ հողերի (Սեւրի դաշնագրով ամրագրված տարածքների) ժառանգորդը չէ, – Սեւրի պայմանագիրը երբեք կյանքի չի կոչվի, եւ Հայաստանի կառավարությունը այդ պայմանագրի շուրջ երբեք պրոբլեմներ չի ստեղծի։ Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս, արհամարհե՞ս, թե՞ սեփական երկրիդ նախագահի տգիտությունից ամոթահար գետինը մտնես։ Ապշեցուցիչ է, թե ինչպես կարելի է այդպիսի թեթեւամտությամբ ոտնակոխ անել, պղծել, ոչնչացնել մի պայմանագիր, որը հայ դիվանագիտության մեծագույն հաղթանակն է համարվում։ Ինչպե՞ս է սա հանդուրժում 110-ամյա կուսակցությունը եւ շարունակում ջանադրաբար աջակցել իր առաջնորդին։ Ինչո՞ւ են լռել հայ ազգայնականության (այլ խոսքով՝ թրքատյացության) կարկառուն ներկայացուցիչները՝ Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը, Պերճ Զեյթունցյանը եւ շատ ու շատ ուրիշներ։ Մի պահ եթե ենթադրենք անգամ, թե Հայաստանը Սեւրի պայմանագրի իրավական ժառանգորդը չէ (թեեւ դա էլ վիճելի է, քանի որ այդ պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ավետիս Ահարոնյանի կողմից), սակայն ինչպես կարելի է ամենեւին ուրանալ դրա պատմական եւ քաղաքական նշանակությունը։ Անկախ այն բանից, թե այդ դաշնագիրը չի վավերացվել ոչ մի երկրի կողմից, թե դաշնակցական կառավարությունն Ալեքսանդրապոլում հրաժարվել է դրանից, թե Լոզանի դաշնագրով այն փաստորեն չեղյալ է հայտարարվել, միեւնույն է՝ Սեւրի դաշնագրի արժեքն այն է, որ միջազգային հանրությունն ու Սուլթանական Թուրքիան Արեւմտյան Հայաստանի երեք վիլայեթները (Էրզրումի, Բիթլիսի, Վանի), ինչպես նաեւ պատմական Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Տրապիզոնի վիլայեթը, ճանաչել են որպես Հայաստանի տարածք։ Բայց ամենաողբերգականն ու խայտառակը նույնիսկ սա չէ, այլ՝ նախագահի բացարձակ անտեղյակությունն այն բանից, որ Հայաստանի ու Թուրքիայի տարածքային խնդիրները չեն սահմանափակվում միայն Սեւրի դաշնագրով, որ այդ դաշնագրից դուրս կան նաեւ ուրիշ ու շատ ավելի կարեւոր սահմանային հարցեր։ Դրանք վերաբերում են Կարսի նահանգին եւ Երեւանի նահանգի Սուրմալուի գավառին, որոնք գտնվել են Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում եւ, որպես այդպիսին, ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Եթե Հայաստանը չէ 1920 թվականից ի վեր քեմալական Թուրքիայի կողմից օկուպացված այդ տարածքների իրավական ժառանգորդը, ապա ո՞վ է։ Տխուր վերջաբան Զարմանալ կարելի է, թե ինչպես է Հայաստանի նախագահն ընկել խորամանկ թուրք լրագրողի հմտորեն լարած թակարդը եւ ինչու այդ պատասխանատու հարցազրույցից առաջ հարկ չի համարել խորհրդակցել մասնագետ եւ վաստակաշատ պատմաբանների՝ Գալուստ Գալոյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Նիկոլայ Հովհաննիսյանի, Գեւորգ Ավետիսյանի, Էդուարդ Զոհրաբյանի հետ։ Մի՞թե հնարավոր չէր կանխատեսել Բիրանդի հարցերը եւ պատշաճ կերպով նախապատրաստվել հարցազրույցին։ Ինչեւէ, մնում է արձանագրել հետեւյալ տխուր փաստը։ Ռոբերտ Քոչարյանը միակ հայ ղեկավարն է, որ երբեւէ հայտարարել է, թե Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից։ Մինչ այժմ Խորհրդային Միության անունից նման հայտարարություններով հանդես են եկել միայն Մոլոտովը, Կոսիգինը եւ Գրոմիկոն, եւ, հիշում եմ, թե ժամանակին հայ մտավորականությունը ինչպիսի զայրույթով ու վրդովմունքով էր արձագանքում այդ հայտարարություններին։ Ի՞նչն է, ուրեմն, Քոչարյանի այդ, մեղմ ասած, օրիգինալ հայտարարության դրդապատճառը. արդյո՞ք միայն տգիտությունը, անփորձությունը, պատմությունից անտեղյակությունը, թե՞ մի այլ՝ շատ ավելի լուրջ, հանգամանք (թեեւ թվարկվածներն էլ նախագահի պարագայում լուրջ են)։ Համենայնդեպս, ուրիշ որեւէ մեկի դեպքում մեր հասարակությունը չէր հապաղի նրան որակելու որպես դավաճան եւ արժանացնելու Էնվերի ու Թալեաթի շարքը դասվելու պատվին։ Բայցեւայնպես, ինչպիսին էլ լինի օրվա կոնյունկտուրային վերաբերմունքը նրա հանդեպ, Քոչարյանը պատմության մեջ, այնուամենայնիվ, մնալու է Հայաստանի միակ ղեկավարը, – որը ստորագրելով Ստամբուլի խարտիան, Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, – եւ որը հայտարարել է, թե Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից։ ՍԵՐԳԵՅ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել