Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ

Փետրվար 14,2001 00:00

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ» Առայժմ ԱԺՄ-ի եւ ԱԺԿ-ի մեջտեղում գտնվող Արշակ Սադոյանը եթե ասուլիս է հրավիրում եւ հրապարակավ ասում է, որ երկրում լուրջ գործընթացներ են սկսվել, ուրեմն հաստատ սկսվել են։ Արշակ Սադոյանն իզուր աղմուկ չէր բարձրացնի։ Թերեւս ոմանք չհամաձայնեն, բայց, որ շատ պատգամավորների են հուզում վերջին շրջանում ԱԺ-ն ցրելու մասին լուրերը՝ ակնհայտ է։ Կասկած կա, որ նախագահ Քոչարյանը տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ դժգոհում է, որ խորհրդարանը մեծամասնություն չունի, որ ինքն ԱԺ-ում հենարան չունի։ Ու քանի որ այդպես է՝ ինքը պետք է ցրի խորհրդարանը եւ իր ճաշակով կրկին հավաքի։ Սա մենք ասացինք, Արշակ Սադոյանը չասաց։ Բայց այն, ինչ ասաց Արշակ Սադոյանը իր երեկվա մամլո ասուլիսի ժամանակ, հիմքեր տալիս է նման ենթադրության համար։ Ըստ պրն Սադոյանի՝ «Որոշակի ծրագրեր են մշակվում ԱԺ-ն լուծարելու եւ նոր ընտրություններ անցկացնելու։ Եվ այս դեպքում անհրաժեշտ է լայն հասարակայնությանը տեղյակ պահել այն վտանգներին, որ այսօր կան»։ Սահմանադրական այն փոփոխությունները, որն առաջարկել է նախագահին կից հանձնաժողովը, ըստ Արշակ Սադոյանի, ոչ միայն լուրջ փոփոխություններ չեն, այլեւ՝ «նորից ամեն ինչ մնում է նույնը եւ նորից Հայաստանի համար հոկտեմբերի 27-ները, դատախազների սպանությունները կախված են մնում օդի մեջ»։ Հիշենք, որ իր նախորդ ասուլիսի ժամանակ պրն Սադոյանն ասել էր, որ այս երկիրը (թե՞ իշխանությունները) պոտենցիալ հոկտեմբերի 27 առաջացնողներ են։ Արշակ Սադոյանի ուզածն այն է, որ իշխանություններին թույլ չտրվի անել՝ ինչ ուզում են. «Այսօր արդեն հրատապ է դառնում, որ բոլոր լուրջ քաղաքական ուժերը համախմբվեն եւ պայքարեն այն ամենի դեմ, ինչ կատարվում է իշխանություններում»։ Պրն Սադոյանն առաջարկում է, առանց հոգնելու, անընդհատ հասարակության ուշադրության կենտրոնում պահել բոլոր հարցերը՝ «ԱրմենՏելից» սկսած՝ մինչեւ բաշխիչ ցանցեր, քանի որ այսօրվա «գործադիր իշխանության համար, բացի անձնական շահերից, ուրիշ խնդիրներ չկան»։ Պրն Սադոյանի կարծիքով՝ «Հանրապետության նախագահն ու վարչապետը չեն էլ հասկանում, թե որեւէ երկրի համար որքան կարեւոր են անկախ կուսակցությունները, եւ ծրագրավորված քանդում են կուսակցությունները»։ Մեր կարծիքով՝ լավ էլ հասկանում են, թե որքան կարեւոր են անկախ կուսակցությունները (եթե այդպիսիք կան) եւ հենց դրա համար էլ «ծրագրավորված քանդում են»։ Արշակ Սադոյանը հավատում է, որ քաղաքական ուժերը միանալով, կարող են 4 տարով վերցնել իշխանությունը, ծրագրավորված ղեկավարում իրականացնել, եւ հույս ունի, որ «ԱԺՄ-ի ներսից ստեղծվող քաղաքական խումբը կկարողանա լուրջ հավակնություններ ունենալ այդ ուղղությամբ»։ Որպես լուրջ քաղաքական ուժեր, պրն Սադոյանը չնշեց որեւէ կուսակցության անուն ամբողջովին, նա պարզապես ասաց, որ գրեթե բոլոր կուսակցություններում կան գործիչներ, որոնք կարող են միավորվել։ Բացառվեցին կոմունիստները. «Անհատներ, անձեր այդ կուսակցությունում կան, բայց գաղափարախոսություն չկա, եւ բավական է մեկը հայտարարի, որ «Ռուսաստան-Բելառուսին» այդքան էլ պետք չեն, ապա այդ դեպքում այդ կուսակցության հեռանկարը՝ Հայաստանում որեւէ տեղ ունենալու, զրո է դառնում»։ Հարազատ կուսակցության մասին եւս պրն Սադոյանը խոսեց։ Կրկին ասվեց, որ կուսակցությունները միտումնավոր են քանդվում եւ արդյունքում՝ լուրջ ընդդիմություն, դիմակայող կուսակցություններ չունենք։ Հենց հարազատ կուսակցության ներսում առկա իշխանամետությունը քանդեց ԱԺՄ-ն. սա չի ժխտում Ա. Սադոյանը, ավելին՝ նա ասաց, որ պաշտոնների առաջարկները շարունակվում են։ Ասուլիսի ժամանակ Ա. Սադոյանը չասաց, թե կոնկրետ ում եւ կոնկրետ ինչ պաշտոններ են առաջարկվել։ Փաստն այն է, որ ԱԺՄ-ն երեւացող մեկ նախարարական պորտֆել ունի՝ պետական գույքի կառավարման, պակաս երեւացող պաշտոններ կամ պաշտոնիկներ անշուշտ կլինեն։ Մեզ ուրիշ հարց էր հետաքրքրում։ Ըստ որոշ լուրերի, նախագահ Քոչարյանը Վազգեն Մանուկյանին առաջարկել է վարչապետի պաշտոնը, իսկ Վազգեն Մանուկյանը առայժմ ոչ հրաժարվել է, ոչ էլ՝ ընդունել։ Ի դեպ, այս մասին խոսակցությունները մոտավորապես վեց ամիս է շրջանառության մեջ են։ Որքանո՞վ են հավաստի այս լուրերը, եւ ի՞նչ գիտի այս մասին Արշակ Սադոյանը։ Մեր հարցումին պրն Սադոյանը հարմար գտավ այսպես պատասխանել. «Ես չեմ հասկանում՝ ինչ է ուզում Վազգեն Մանուկյանը, չնայած իմ հարցերին, իմ խնդրանքին, որ բացատրի, նույնիսկ նրա պատասխաններից հետո ես այսօր չեմ հասկանում, թե ինչ է ուզում Վազգեն Մանուկյանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել