Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին

Փետրվար 14,2001 00:00

ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ Է ՍՏԱՑԵԼ Վերջին օրերին նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը հանդիպել էր հասարակական հնչեղություն ունեցող երկու գործերով մեղադրյալների հետ, որոնց հետ զրույցները մանրամասնելու խնդրանքով դիմեցինք նրան։ – Երկուշաբթի հանդիպել էիք Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի հետ։ Ի՞նչ պարզվեց այս հանդիպումից հետո։ – Դատապաշտպանները մեզ տեղեկացրին, որ «Վահան Հարությունյան եւ մյուսներ» գործով ամբաստանյալները հայտարարել են հացադուլ եւ պահանջում են հանդիպում։ Ես ու հանձնաժողովի անդամ Հովհաննես Ասրյանը դատարանում հանդիպեցինք Վահան Հարությունյանին եւ Սահակ Բալյանին։ Վահան Հարությունյանը մեր զրույցի ընթացքում ասաց, որ համաձայն է հացադուլավորների հայտարարությանը եւ գտնում է, որ, բացի իրենից եւ Սահակ Բալյանից, որեւէ մեկը չպետք է լիներ մեղադրյալ։ Վահան Հարությունյանի հետ զրույցից հետո 5-րդ մեկուսարանում հանդիպեցինք 4 հացադուլավորների հետ, որոնք խիստ հանգամանալից ներկայացրին գործի նյութերը, իրենց անմեղության փաստարկները եւ այլն։ Նրանք ապացուցում էին, որ նույնիսկ առաջին ատյանի դատարանի վճռով, որն, ինչպես իրենք էին պնդում, մնալու է ուժի մեջ վերաքննիչ դատարանի որոշմամբ, իրենց մեղքն ապացուցված չէ։ Հացադուլավորները ցանկանում են հանդիպել նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի, եվրոպական որեւէ կառույցի, գլխավոր դատախազի եւ Աղվան Հովսեփյանի հետ։ Նրանք պատրաստ էին այս բոլորի ներկայությամբ հայտարարել, որ իրենց ազատություն է խոստացվել համապատասխան ցուցմունքների դիմաց։ – Երեկ դարձյալ հանդիպել եք «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալների հետ։ Ո՞րն էր այս հանդիպման առիթը։ – Ես եւ հանձնաժողովի փորձագետ Արթուր Տոնապետյանն իրոք երեկ այցելել էինք ԱԱՆ մեկուսարան։ Բայց նշեմ, որ 2-3 օր առաջ դիմում էինք ստացել Նաիրի Հունանյանից, որտեղ նա առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու խնդրում էր անհապաղ հանդիպում։ Չարձագանքեցինք այդ դիմումին, հաշվի առնելով, որ շուտով սկսվում է դատավարությունը։ Բայց երեկ ստացանք երկրորդ դիմումը, որը շատ հրատապ թվաց։ Նաիրի Հունանյանը նշել էր, թե իր եղբայրը լուսամուտից բարձրաձայն գոռալով երկու օր անընդհատ բողոքում է, որ իր վիճակը ծանր է եւ իրեն փորձում են գժի տեղ դնել։ Քանի որ ցանկանում ենք, որ գոնե այս մի գործը դատական փուլ մտնի բնականոն ընթացքով, առանց էքսցեսների՝ որոշեցինք այցելել եւ պարզել իսկությունը։ Նաիրի Հունանյանի հետ զրուցել ենք շուրջ 10 րոպե։ Ոչ մի բողոք չուներ, միայն եղբոր վիճակով էր անհանգստացած։ Հետո մի 30 րոպեի չափ զրուցեցինք Կարեն Հունանյանի հետ։ Նրա հետ հանդիպել եմ 2-3 անգամ եւ, եթե նախկինում միշտ հերոսական կեցվածք ուներ՝ այժմ չափազանց ընկճված էր։ Անհանգստացած էր. խնդրում եւ պահանջում էր, որ միջնորդենք՝ իրեն ԱԱՆ մեկուսարանից տեղափոխեն այլ մեկուսարան, քանի որ այստեղ վտանգ էր զգում։ Փորձեցի բացատրել, որ այդ մեկուսարանն ամենաանվտանգն է։ – Ձեր տպավորությամբ, Կարեն Հունանյանի մոտ, իրոք հոգեկան խանգարման նշաննե՞ր կան։ – Ինձ թվում է, այո։ (Սակայն բացառված չէ, որ Կարեն Հունանյանը եւս նախընտրել է դատի ընթացքում գիժ ձեւանալու մարտավարությունը.- Ա. Ի.)։ Նա չէր կարողանում հիմնավորել, թե ինչի դեմ է բողոքում։ Հարցնում էի՝ քեզ անհանգստացնո՞ւմ են։ Բացասաբար էր պատասխանում։ Ե՛վ Նաիրի Հունանյանը, ե՛ւ Կարեն Հունանյանն անցած տարվա հուլիսից մինչեւ այսօր մենախցում են։ Իսկ դա կարող է ազդել։ Փորձեցի բացատրել, թե այդ վիճակից կարելի է դուրս գալ, կարդալ եւ այլն։ Բացատրեց, որ չի կարողանում կենտրոնանալ, կարդալ։ – Ամեն անգամ, երբ հայտնի է դառնում նախագահին առընթեր հանձնաժողովի այս այցելությունների մասին, միշտ հետեւում են մեկնաբանություններ, որ խիստ առանձնահատուկ վերաբերմունք ունեք այդ մարդասպանների նկատմամբ։ Դուք երբեք չեք պատասխանում, ինչո՞ւ։ – Մենք այցելում ենք շատ մեկուսարաններ եւ բազմաթիվ կալանավորների։ Բնական է, որ Նաիրի Հունանյանին այցելություններն են միայն մեծ արձագանք ստանում, լուսաբանվում թերթերում։ Ինչ-որ իքս քաղաքացուն կամ կալանավորին այցելությունը հետաքրքիր չէ ո՛չ լրագրողների եւ ո՛չ էլ հասարակության համար։ Մի աքսիոմատիկ տարբերակում պիտի լինի. մարդու իրավունքների պաշտպանները պաշտպանում են ոչ թե մարդուն, այլ մարդու իրավունքները։ Անկախ նրանից, թե ով է այդ մարդը՝ հանցագործ, մարդասպան եւ այլն, ու առավել եւս Նաիրի Հունանյանի պարագայում, ամեն ինչ պետք է արվի, որ գոնե այս մի գործը մինչեւ վերջ հասնի իր իրական ավարտին, առանց օրենքների խախտումների։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել