Հայրիկեանը լեզուին յարութեան տվչութեան տուայտանքներում Եվ դարձյալ բարձրացվեց դասական ուղղագրությանը վերադառնալու հարցը։ Հարցը բարձրացնողը ոչ թե խոշոր լեզվաբան կամ լուրջ մասնագետ է, այլ Պարույր Հայրիկյանը։ Անտեսելով ողջ ժողովրդին անգրագիտացնելու հավանականությունը, մասնագետներ չունենալու փաստը եւ էլի տասնյակ գիտական հիմնավորումները, որոնք դասական ուղղագրությանը վերադառնալու կործանարար հետեւանքներն են մատնանշում, պրն Հայրիկյանն իր անսպառ եռանդն արտագաղթից, տոնակատարություններից, երկքաղաքացիությունից հիմա էլ ուղղել է դասական ուղղագրությանը։ Թեեւ բոլոր ճանաչված լեզվաբանները բազմաթիվ հոդվածներով եւ գիտական աշխատություններով նման առաջարկների հեղինակներին համարում են մարտնչող դիլետանտներ, ամեն դեպքում հարցը բարձրացված է։ «Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է նպատակահարմար անցումը դասական ուղղագրությանը եւ անձամբ Դուք պատրա՞ստ եք սովորել այն»։ Այս հարցը դարձրինք մեր ամենշաբաթյա հարցախույզի թեման։ Մերուժան Գալստյան, տնտեսագետ.- Հիմա հին ուղղագրությանն անցնելը բավական մեծ բարդությունների հետ է կապված։ Գուցե թե առաջ հնարավոր էր աստիճանական անցում, բայց հիմա դա անհնար է։ Ես ինքս չեմ կարող սովորել։ Գագիկ Մարիկյան, ֆիզիկոս.- Դա պրոբլեմներ կառաջացնի. մեծ քանակությամբ մարդիկ կդառնան անգրագետ։ Արթուր Սարգսյան, ճարտարապետ.- Իմ կարծիքով՝ ճիշտն այն է, ինչ սովորել ենք։ Ուրիշ ձեռագիր, այլ ուղղագրություն չեն ընդունի կամ դժվարությամբ կկարդան։ Անձամբ ես չեմ սովորի։ Չեմ կարծում, որ այս տարիքում պետք է նստեմ եւ նոր ուղղագրություն սովորեմ։ Էդուարդ Վարդանյան, Չեխովի անվան դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ.- Դասական ուղղագրություն նշանակում է աշխարհաբար։ Ես կսովորեմ դա։ Նարինե Վարդանյան, ճարտարապետ.- Ես պատրաստ չեմ փոխել իմ իմացած, սովորած ուղղագրությունը։ Գուցե այնքան էլ տեղին չէ, բայց մի անեկդոտ մտաբերեցինք. հայերը չինացիներին համոզում են հայերենը դարձնել երկրորդ լեզու։ Չինացիները համաձայնվում են եւ հեռագիր ուղարկում. «Խնդրում ենք Չինաստան գործուղել 15 միլիոն հայերենի ուսուցիչ»։ Լ. ԱՎԱԳՅԱՆ