Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար

Փետրվար 13,2001 00:00

Ինչպես են «կոպիաներ» արվում Դժվար է ասել, թե Հայաստանի Ազգային պատկերասրահում ինչպես էր պահպանվում ընդօրինակություններ կատարելու թույլտվությունը, կարգը։ Վերջերս մի տեղեկանքի ծանոթացանք, որով Պատկերասրահի տնօրենը նշում է, թե Պատկերասրահում ընդօրինակություններ կատարելու թույլտվություն է տրվում միայն Գեղարվեստի ուսումնարանի եւ ինստիտուտի ուսանողներին, ըստ նրանց տնօրինության կողմից ներկայացված համապատասխան անվանական խնդրագրերի։ Պատկերասրահի աշխատանքներին տեղյակ մեկը այս մասին ասաց, թե ընդօրինակվող նկարը պարտադիր պետք է լինի կամ բնագրից մեծ, կամ ավելի փոքր չափերի։ Եվ, Պատկերասրահի տնօրենը պարտադիր պետք է նախքան աշխատանքը սկսելը ընդօրինակվող կտավը կնքի հետեւի կողմից։ Ընդօրինակության ավարտից հետո նույն տեղում պետք է գրվի, որ ընդօրինակումը կատարված է Պատկերասրահում։ Այս ամենից հետո նոր պետք է թույլատրվի հատուկ անցագրով ընդօրինակված կտավը շենքից դուրս հանել։ Թերեւս վերոնշյալը կարգ համարելը դժվար է, քանզի որեւէ կարգ ենթադրում է լուրջ վերահսկողություն։ Վերջին տարիներին հատկապես բազմիցս խոսվում էր մի շարք հայտնի նկարիչների կտավներից ընդօրինակումների տարածվածության չափերի մասին։ ՀՀ մշակույթի նախարարության մի հարցումին Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը պատասխանել է, թե 1996-97թթ. ուսանողների կողմից ընդօրինակում է կատարված Այվազովսկու, Սուրենյանցի, Մակովսկու, Ռեպինի եւ Բասինի նկարներից։ Պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը նշեց, որ ուսանողները երրորդ կուրսից պարտադիր դասեր են անցկացնում Պատկերասրահում ընդօրինակումներ կատարելով։ Պատկերասրահը ժամեր է նշանակում դրա համար։ Ըստ Շ. Խաչատրյանի, ուսանողները հիմնականում դասականների կտավներից են ընդօրինակումներ անում, որոնք ակադեմիական դպրոցների կրողներ են՝ ինչպես 19-րդ դարի նկարիչները, Բրունին, Ռեպինը, եւ այլն։ Հայ դասականներից պրն Խաչատրյանը հավելեց Հովնաթանյանին, Եղիշե Թադեւոսյանին։ Պատկերասրահի պաշտոնական տվյալներով 96-97թթ. ընթացքում Բաշինջաղյանից ընդօրինակված է միայն «Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում» կտավը։ Դեռ մեկ-երկու տարի առաջ խոսակցություններ կային, թե վերջին տարիներին ընդօրինակվել է նաեւ Գ. Բաշինջաղյանի «Կեչիների պուրակը» եւ այլ կտավներ։ Շ. Խաչատրյանը ՀՀ մշակույթի նախարարությանը հղած մի գրությամբ նշում է, որ ամենայն հավանականությամբ Բաշինջաղյանի «Կեչիների պուրակը» կտավը ընդօրինակվել է 70-80-ական թվերին, երբ Բաշինջաղյանի այդ գործի նկատմամբ մանկավարժ-նկարիչների կողմից հետաքրքրություն կար, որպես Սանկտ Պետերբուրգի ակադեմիան ավարտած ուսանողի արծաթե մեդալի արժանացած գործ։ Պարզ է, Հայաստանի Ազգային պատկերասրահում ընդօրինակումներ կատարելու որոշակի կարգ կա, այնուամենայնիվ հարկ է դա վերահսկելու համար որոշ ճշտումներ կատարել։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել