Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի վրա կատարված մահափորձի գործով դատավարությունը մտավ ավարտական փուլ։ Պետ

Փետրվար 13,2001 00:00

Ժողովուրդը սպասում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի վրա կատարված մահափորձի գործով դատավարությունը մտավ ավարտական փուլ։ Պետական մեղադրանքը, նախաքննությունը համարելով լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննարկման ներկայացրեց իր վճիռը՝ պատժի համապատասխան չափերով։ Հիմա խոսքը պաշտպանությանն է։ Հենց սկզբից քրեական այդ գործը գտնվում է Ղարաբաղի եւ Հայաստանի հասարակայնության ուշադրության կենտրոնում։ Ոմանք դատավարությունը ենթարկեցին սուր քննադատության՝ ոչ երկիմաստ զանգվածային լրատվության միջոցներով առաջ քաշելով Սամվել Բաբայանի հանդեպ «հաշվեհարդար» տեսնելու միտքը։ Մյուսները, ընդհակառակը, կասկածի նշույլ անգամ չարտահայտեցին պաշտպանության նախկին նախարար եւ բանակի հրամանատար Սամվել Բաբայանի մեղավոր լինելու հարցում։ Եվ զարմանալի չէ։ Ստեփանակերտում չի գտնվի ողջամիտ գոնե մեկ մարդ, որը մինչեւ մարտի 22-ը չիմանար, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ պաշտպանության նախարար, բանակի հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ «սեւ կատու է անցել», գլխի չընկներ, թե ինչն էր պատճառը այսօրվա մեղադրյալի՝ մեկը մյուսին հետեւող հրաժարականները, չմտածեր, թե այդ երկու անձինք հասարակական ինչ հետաքրքրություն են ներկայացնում եւ չհամադրեր այդ ամենը՝ սեփական տրամաբանությանն ու բարոյականությանը համապատասխան։ Հենց այդ իրավիճակում էլ, երբ ետպատերազմյան Ղարաբաղում սկսվեց պետական կառավարման եւ հասարակության ձեւավորման երկու սկզբնավորում, երբ մեկի մարտնչող վոլյունտարիզմը, ակնհայտորեն հենվելով ուժի, երբեմն նաեւ՝ ամենակարող զենքի վրա, դեռեւս ճնշում էր մյուսի ժողովրդական, քաղաքացիական՝ աշխարհում ընդունված մարդասիրական ու քաղաքակիրթ, իրավական չափանիշներին համապատասխան աշխարհայացքը, որը դիմակայում էր առաջինի ֆեոդալա-կլանային կարգին, հնարավոր էր այն, ինչ տեղի ունեցավ մարտի 22-ին։ Իհարկե, պետք է խոստովանել, որ Ստեփանակերտում տեղի ունեցող դատավարությունն, այնուամենայնիվ, որոշակի հստակություն առաջացրեց այդ գործով հետաքրքրվող մարդկանց մեջ։ Բայց շարունակվում են շահարկումները դատավարության շուրջ՝ ստեղծելով դատարանի վրա ճնշման մթնոլորտ ոչ միայն «ակտիվորեն վերահսկել դատավարության օբյեկտիվ ընթացքը» քողարկված կոչերով, այլեւ զանգվածային լրատվամիջոցներով դատարանի եւ ԼՂՀ նախագահի հասցեին երբեմն հնչող վիրավորական արտահայտություններով։ Սակայն դատարանը պետք է բարձր գտնվի հասարակական գնահատականներից ու կրքերից։ Եվ դա հասկանալի է։ Քրեական այդ գործի շուրջ քաղաքական կրքերը շատ թանկ արժեցող պարտականությունների հետ ներխուժեցին վարույթ, այն ուղղելով կեղծ հուն՝ «շրջակա միջավայրի կողմնակալ կարծիքի» ճնշման ներքո։ Բանը նաեւ այն է, որ ստեփանակերտյան դատավարության կապակցությամբ հասարակական ընկալումը, ուզենք թե չուզենք, ձեւավորում է մեր վերաբերմունքը ոչ միայն հանցանքի եւ պատժի, այլեւ ընդհանրապես պետության, իշխանության, օրենքի հանդեպ։ Կարելի է հասկանալ տասնամյակների ընթացքում օրենքի, իշխանության, պետության հարաբերություններում փորձության ենթարկված մարդկանց։ Եվ այն, որ այսօր իշխանությունների կողմից կատարված յուրաքանչյուր քայլ նրանց մեջ երբեմն անվստահություն է առաջացնում, ոչ թե մարդկանց մեղքն է, այլ դժբախտությունը։ Դժբախտություն արդեն այն պատճառով, որ նրանք պատրաստ են օժանդակել այն մարդկանց, որոնք դեռ երեկ գտնվելով իշխանական կառույցներում, ատելի էին ժողովրդին։ Այստեղից առաջանում է հասարակության համար վտանգավոր երեւույթ, հաշվի չառնելով ազգային օրենսդրության գերակայության հանգամանքը, մենք հակված էինք նախապատվությունը տալ ազգային մտացածին առասպելներին։ Բայց հենց այդ առասպելներն էլ ծնում են անձեռնմխելի կուռքեր, որոնք, իրենց հերթին, հարկ եղած դեպքում թաքնվելով «հալածյալի» դիմակի տակ, ջանում են որպես իսկական հանցագործներ ներկայացնել իրենց դատավորներին։ Վերադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցող դատավարությանը, կարելի է ասել, որ հենց այդ հանգամանքն էլ դարձավ ճշմարտությունից այդքան հեռու բանավեճի հիմնական պատճառը։ Սակայն միանշանակ կարելի է պնդել հետեւյալը։ Դատավարությունը եւ՛ սովորական է, եւ՛ անսովոր։ Խիստ ասած, դատավճիռը կվերաբերի ոչ միայն մեղադրյալներին, այլեւ Լեռնային Ղարաբաղի ողջ հասարակությանը, որն իր բնույթով լինելով առողջ, կարողացավ ձերբազատվել անիրական սարսափից, որի մեջ գտնվում էր շփոթվածության եւ ԼՂՀ ետպատերազմյան պատմությունը չհասկանալու պատճառով։ Այսօր ճշմարտությունն առանձնացնելով կեղծությունից, նա դատարանից լուռ սպասում է ոչ միայն արդար դատավճիռ, այլեւ իր հասունացման եւ սեփական հողի վրա ապրելու ու հանուն ընդհանուրի բարօրության ստեղծագործ աշխատանքով զբաղվելու ցանկության օրինական հաստատում։ Դե Ֆակտո Հոդվածն, ըստ ամենայնի, արտահայտում է պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել