Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուս

Փետրվար 13,2001 00:00

ՀԱՅԵՐԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԵՌ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ Ռուս ոստիկաններն էլ վարորդների ու հետիոտնի հաշվին են ընտանիք պահում Հայն իր սարեցու բնավորությունը պետք է ցուցադրի անխտիր ամենուր: Ի՞նչ նշանակություն ունի, թե որտեղ է նա գտնվում՝ աշխարհը, միեւնույն է, իրենն է: Վերջերս Մոսկվա գնալիս դրանում համոզվելու առիթ ունեցա: Հայերն այնքան վատ տպավորություն էին թողել «Ռուսական ավիաուղիների» օդանավում աշխատող ուղեկցորդուհիների վրա, որ սնունդ բաժանելուց առաջ վարակազերծող անձեռոցիկներ տալիս՝ նրանք հեգնանքով զգուշացրին. «Սա ուտելու չէ»: Սակայն անկաշկանդ հայերը վատ չզգացին, եւ երբ օդանավը Մոսկվայում ոչ այնքան հաջող վայրէջք կատարեց, նրանք սկսեցին ծափահարել եւ «բռավո» բղավել: Եթե «Զվարթնոց» օդանավակայանում համեմատաբար ամեն ինչ հարթ է անցնում, ապա մոսկովյան օդանավակայաններում ամեն ինչ դժվարանում է: Նախեւառաջ «Զվարթնոցում» չկան նրանց տեխնիկական հնարավորությունները: Իսկ, օրինակ, «Շերեմետեւոյի» աշխատակիցների աչքից բացարձակապես ոչինչ չի վրիպում: Նրանց մեծ մասը կանայք են, բայց ի՜նչ կանայք… Երեւանյան աշխատակիցներին նրանք չեն վստահում եւ Մոսկվայում կրկնակի ստուգում են ե՛ւ անձնագիրը, ե՛ւ բեռը, այն էլ՝ մի քանի անգամ: Սուտ են ասում, որ ժողովրդի ձեռքին փող չկա՝ ձմեռային արձակուրդներին բազմաթիվ ուսանողներ գնացել էին Մոսկվա՝ պարզապես հանգստանալու: Նրանց այնքան է այնտեղ դուր եկել, որ թեեւ դասերն արդեն սկսվել են, հանգստացողները չեն վերադառնում: Ի դեպ, ասեմ, որ վերադառնալիս ինքնաթիռում հազիվ 15-20 ուղեւոր կար, մինչդեռ արձակուրդների սկսելուն պես տոմսարկղերում նույն օրվա տոմս ճարելը դժվար էր: Վերջապես, «Զվարթնոցը» մոսկովյան օդանավակայաններին մրցակից չէ: Միայն մի առաջադեմ երեւույթ նկատեցի Երեւանի օդանավակայանում՝ օդանավից իջնելուց հետո մեր բեռին ոչ թե 1,5 ժամ սպասեցինք, այլ 10 րոպե: Մոսկվայում շարունակում են չսիրել Անդրկովկասից եկած հյուրերին: Երբ փողոցներում մոսկվացիները, օրինակ, հայերեն խոսք էին լսում, դժգոհ դեմքերով բավականին տհաճ արտահայտություններ էին անում՝ «Եկել լցվել են զզվելիները, տեղ ու դադար չկա»: Ոստիկաններն ամեն քայլափոխի կանգնեցնում եւ փաստաթղթեր են ստուգում: Ռուս ոստիկանները, ինչպես եւ հայերը, սովորաբար տուն-տեղ-ընտանիք են ունենում: Արդյունքը պարզ է՝ կամ առնվազն 50 ռուբլի ես վճարում, կամ քեզ քաղմաս են ուղեկցում: Հատկապես «վառված են» վրացիները, քանի որ նրանց համար շուտով անցագրային ռեժիմ է մտցվելու: Նրանք «ստոր» եւ «սրիկա» Շեւարդնաձեին են անպատվում, որ չկարողացավ նույնիսկ իրենց «գործերը դզել»: Այնուամենայնիվ, ցանկացած տոնավաճառում (կամ նույնիսկ փողոցում) կարելի է հարազատ հայի հանդիպել եւ էլ ավելի հոգեհարազատ «Ո՞վ է նա, ո՞վ է նա»-ն լսել: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ Մոսկվա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել