Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եվ այնուամենայնիվ այս տարի աշխարհը ու նաեւ մենք կիմանանք, թե կոնկրետ ինչ թիվ է կազմում «մի բուռը»։ Ո

Փետրվար 13,2001 00:00

Մի բուռ հայ ենք մնացել, չիմանա՞նք քանի հոգի ենք Եվ այնուամենայնիվ այս տարի աշխարհը ու նաեւ մենք կիմանանք, թե կոնկրետ ինչ թիվ է կազմում «մի բուռը»։ Ու կճշտենք անթիվ-անհամար արտագաղթողների, սեռական եւ կրոնական փոքրամասնության եւ քաղաքական հալածյալների անվան տակ փախստական դարձածների թիվը։ Եթե, իհարկե, ազգային ավանդույթի համաձայն, չսկսվեն համատարած կեղծիքներ՝ թվերը հաշվելիս։ Թեեւ, ըստ օրենքի, ՀՀ-ում յուրաքանչյուր 10 տարին մեկ մարդահամար պիտի անցկացվի, սակայն ճեղքվածքներով ու կարկատաններով հարուստ մեր պետբյուջեն համառորեն ընդդիմանում է օրենքին։ Վերջին անգամ մեզ «հաշվել են» 1989-ին՝ երկրաշարժից անմիջապես հետո, փախստականների ներհոսքի բուռն շրջանում։ Ու, բնականաբար, այդ տարվա մարդահամարի տվյալները լիովին ու ճշգրիտ չէին արտացոլում ՀՀ-ում բնակչության թվային, սեռական, սոցիալական պատկերը՝ «որակյալ» չէին։ Այդ իսկ պատճառով՝ առ այսօր ցանկացած համեմատական, նաեւ օպերատիվ տվյալների հիմքում դրվում են 1979-ի մարդահամարի ցուցանիշները։ Իսկ սրանց «վաղեմության ժամկետն» արդեն անցել է, այդ տվյալները «բարոյապես մաշված» են ու բանի պիտանի չեն։ Վերջին 2 տարում հերթական մարդահամարն անընդհատ հետաձգվեց։ Նախատեսվում էր, որ այս տարի եւս մեր օրենսդիրները ստիպված կլինեն օրենքում փոփոխություն կատարելու միջոցով մարդահամարը տեղափոխել։ Բայց այս հերթապահ նախադասությունն այս տարի չի արտասանվի, քանի որ գտնվեցին երկրներ, որոնք որոշեցին օգնել մեզ՝ հաշվելու մեզ։ Այս ավետիսով երեկ լրագրողներին օգնության կանչեցին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանն ու վիճակագրության, պետռեգիստրի վարչության պետ Ստեփան Մնացականյանը։ Իսկ մեր օգնությունը մարդահամարին, ըստ պրն Մնացականյանի, պիտի լինի հետեւյալը. մարդահամարն անցկացնելու աշխատարար գործում ընդգրկվելու են 11825 հաշվարարներ, որոնց կատարած աշխատանքը անհրաժեշտ է վերահսկել։ Վերահսկողի դերում պրն Մնացականյանը տեսնում էր լրագրողին. «Մարդահամարից հետո լրագրողները ընտրանքային եղանակով մոտենան քաղաքացիներին եւ հարցնեն՝ իրենց մոտեցե՞լ է հաշվարարը, տվյալներ վերցրե՞լ է, թե՞ ոչ։ Այդ ժամանակ քաղաքացու անուն-ազգանունը, թեկուզ հասցեն մեզ ներկայացվի, որը էապես կօժանդակի մարդահամարի որակը վերահսկելուն։ Հաշվարարների վարձատրությունը ուղղակի կախված է լինելու նրանց գործի որակից»։ Չգիտես՝ ի՞նչ չափանիշներով կամ ի՞նչ հիմքերից ելնելով պրն Մնացականյանը որոշեց, որ լրագրողներին խուզարկուի, ոստիկանի կամ «գործ տվողի» դերը շատ սազական է։ Որեւէ մեկը չի կասկածում մարդահամարի կարեւորությանը, սակայն անտրամաբանական է՝ ինչո՞ւ վարձատրվող աշխատանք կատարողին պիտի վերահսկեն հասարակական կարգով եւ այն էլ՝ լրագրողները։ Ի դեպ, մարդահամարի սկզբնական անվանական անհատական տվյալները գաղտնիք են համարվում եւ օրենքով անգամ արգելված է դրանք դատարանում որպես ապացույց ներկայացնելը։ Գաղտնիության բուն նպատակն այն է, որ մարդիկ անկաշկանդ տվյալներ տրամադրեն։ Հիշեցնենք, որ մարդահամարը զուտ մարդկանց քանակը հաշվելու խնդիր չունի։ Հարցաշարը, որին պետք է պատասխանեն մարդիկ, պետք է պարզի նաեւ նրանց սոցիալական, տնտեսական դրությունը, սեռը եւ այլն։ Մարդահամարն անցկացնելու համար մեր կառավարությունը պիտի իր սուղ միջոցներից գտնի 400 հազար դոլար, որին կգումարվի դոնորների 1,5 մլն դոլարը։ Դրանք հիմնականում հաշվարարների աշխատավարձերի համար են։ Աշխատավարձերից, հակառակ դոնորների ընդդիմությանը, մեր կառավարությունը հարկեր է պահելու, այսինքն՝ 1,5+0,4 մլն դոլարի որոշակի մասը ետ է վերադառնալու պետբյուջե։ Ահա այսպիսի մանր խորամանկություններ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել