Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օրերս տեղեկացանք, որ քաղաքապետարանի որոշմամբ՝ փետրվարի 10-ին նախատեսվում էր քանդել Փափազյան փողոցում

Փետրվար 13,2001 00:00

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ՞, ԹԵ՞ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ԴԵՄ Օրերս տեղեկացանք, որ քաղաքապետարանի որոշմամբ՝ փետրվարի 10-ին նախատեսվում էր քանդել Փափազյան փողոցում գտնվող շուկան, որտեղ առեւտուր անողների մեծ մասը երկրապահների, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ են։ Շշուկներ կային, որ փողոցային առեւտրի դեմ ուղղված ակցիան իրականում Երկրապահների միության դեմ էր։ Շաբաթ օրը, առավոտյան 7։30-ին զոդիչ մեքենան արդեն կանգնած էր շուկայի տարածքում։ Տեղում էին նաեւ բոլոր առեւտրականները, որպեսզի, ինչպես իրենք մեկնաբանեցին, «կյանքի գնով էլ լինի՝ պաշտպանենք մեր շահերը»։ Քաղաքապետարանի որոշմամբ, կազմակերպվել են համաքաղաքային միջոցառումներ՝ քաղաքի արտաքին տեսքը բարելավելու նպատակով։ – Մենք մեր հարազատներին ուղարկեցինք պատերազմ, որը հաշմանդամ դարձավ, որը ընդհանրապես հետ չեկավ։ Եվ ցավալին այն է, որ մենք 10 տարի է՝ լուռումունջ կուլ ենք տալիս ամեն ինչ։ Չենք պահանջում մեզ տալ գործարաններ, եռահարկ տներ, մենք միայն խնդրում ենք մեզ չզրկել մեր ապրուստի միակ միջոցը հանդիսացող շուկայից։ Իսկ մեզ ստիպում են տեղափոխվել կենտրոնական շուկա։ Բայց այնտեղ մենք չենք կարողանա աշխատել, քանզի, եթե մենք, ասենք, խնձորը գնում ենք 100 դրամով, վերավաճառում՝ 120-ով, ապա կենտրոնական շուկայում գյուղացին, ումից որ գնել ենք, կարող է նույն խնձորը վաճառել 50 դրամով։ Բացի դա, այս շուկան մեր տներին մոտ է, իսկ այնտեղ գնալու համար տրանսպորտի գումար է պետք։ Մեր օրական եկամուտը կազմում է 500-1000 դրամ, դրանով հազիվ տուն ենք պահում,- բորբոքված բացատրում էին կանայք։ Տեղեկացանք, որ Երկրապահների միության Արաբկիրի մասնաճյուղը 1 ամիս առաջ շուկան վերակառուցելու համար եվրոստանդարտներին համապատասխանող նախագիծ է ներկայացրել Արաբկիրի թաղապետարան եւ Երեւանի քաղաքապետարան, սակայն, մասնաճյուղի նախագահ Հովհաննես Հարությունյանի խոսքերով. «Մինչ օրս որեւէ արձագանք չի ստացվել։ Մենք պատրաստ ենք աշխատանքները մեզ վրա վերցնել։ Շինանյութը կտրամադրի Երկրապահների միությունը, իսկ մնացած խնդիրները խոստացել է լուծել «Երիցյան եւ որդիներ» ֆիրման»։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք փողոցային առեւտրի դեմ պայքարը ուղղված չէ Երկրապահների միության դեմ, պրն Հարությունյանն ասաց. «Դեռ չեմ կարող հստակ ասել, բայց վերջերս տպավորությունն այնպիսին է, թե մեզ ինչ-որ մեկը փորձում է վարկաբեկել։ Ի դեպ, մեզ նույնիսկ լուրեր են հասել, թե վերջերս շուկայի նախկին տնօրենի հետ խզած պայմանագիրը վերականգնվել է Դաշնակցության ներկայացուցչի հետ»։ Երբ վերադարձանք պրն Հարությունյանի գրասենյակից, շուկայի տարածքում միլիցիոներներին օգնության էին եկել, ինչպես հավաքվածներն էին նրանց անվանում, «սպեցնազի կարմիր բերետավորները»։ Երբ փորձեցինք «կարմիր բերետավորներից» մեկից ճշտել, թե ով է իրենց ուղարկել, նա ժպտաց եւ ասաց. «Դե, էստեղով անցնում էինք, տեսանք մարդիկ են հավաքված, ասինք՝ մոտենանք, կարող ա մեր օգնության կարիքն ունենան»։ Մինչ խոսում էինք բերետավորների հետ, փոքր-ինչ հեռու լսվեց կանանց աղմուկ-աղաղակը։ Կանայք վիճում էին բերետավորների հետ, որպեսզի վերջիններս թույլ տային իրենց դուրս գալ մայթ եւ փակել փողոցը։ Նշենք, որ այս «հանդիսավոր արարողությանը» ներկա էին նաեւ Արաբկիրի թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի վարիչ Միհրան Երգենյանը եւ քաղաքապետարանի առեւտրի վարչության աշխատակից Կարեն Միքայելյանը։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք տեղահանվող շուկայի փոխարեն առեւտրականներին կառաջարկվի աշխատանքի մեկ այլ վայր, պրն Միքայելյանը պատասխանեց. «Մենք առաջարկում ենք առեւտրականներին տեղափոխվել Կոմիտասի կենտրոնական շուկա։ Այս շուկան հենց սկզբից կառուցվել է ապօրինաբար՝ առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու»։ Մեր գործընկերներից մեկի այն հարցին ի պատասխան՝ «եթե ապօրինի էր, ինչո՞ւ հենց սկզբից չարգելվեց», պրն Միքայելյանն ասաց, որ այդ հարցին ի զորու է պատասխանել միայն քաղաքապետը։ Բողոքողները Երկրապահների միության փոխնախագահ Մ. Հակոբյանի հետ գնացին քաղաքապետարան, որտեղ էլ նրանց խոստացան Փափազյան փողոցից ժամանակավոր տեղափոխել Գրիգոր Արծրունու փողոցում տեղակայված շուկան։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728