Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները ՀՀ խորհրդարանից

Փետրվար 13,2001 00:00

Հովհաննիսյանների գլխներին ամպեր են կուտակվել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները ՀՀ խորհրդարանից չորս հոգի են՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ֆրունզե Խառատյանը։ Եթե դաշնակցական եւ կոմունիստ պատգամավորների համար որեւէ խնդիր չկա եւ նրանք հանգիստ խղճով կարող են իրենց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր զգալ, ապա նույն բանը չենք կարող ասել ժամանակին «Կայունություն» խմբի անդամ, հետագայում խմբից դուրս եկած, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհ. Հովհաննիսյանի եւ «Միասնություն» խմբակցությունում ժամանակին ՀԺԿ թեւը ներկայացնող, այժմ՝ ՀԺԿ-ից հեռացված Հմայակ Հովհաննիսյանի մասին։ Վերջին ճեպազրույցի ժամանակ «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Վարդան Այվազյանն ասաց, թե պատրաստվում են խմբում քննարկել Հովհ. Հովհաննիսյանի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ մնալ-չմնալու հարցը, քանի որ այդ պաշտոնը ընտրովի պաշտոն է եւ քաղաքական մեծամասնությունը պետք է համաձայն լինի։ Ավելի մանրամասնել պարոն Այվազյանն առայժմ չուզեց, ասելով, թե ինքն այդ բանն ասել է «խոսակցական մակարդակով, սպասում ենք առաջիկա եռօրյային, Հովհ. Հովհաննիսյանի հետ խոսելուց հետո որոշակի հայտարարություն կանենք»։ Մի փոքր ուրիշ է ՀԺԿ-ից հեռացված Հմայակ Հովհաննիսյանի պարագան։ Ակնհայտ է, որ կուսակցությունը պատրաստվում է պարոն Հովհաննիսյանին զրկել ՀԺԿ-ի հաշվին ստացած «դափնիներից», ինչի հետ, հասկանալի է, Հմայակ Հովհաննիսյանը չի կարող հաշտվել։ Նրա ասելով, ինքը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր է դարձել ոչ թե որպես ՀԺԿ-ի, այլ որպես «Միասնություն» խմբակցության անդամ։ Հայաստանի՝ Եվրախորհրդի անդամակցության տոնակատարություններին մասնակցելուց առաջ լուրջ «գաղափարական» զրույց է տեղի ունեցել ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի միջեւ։ Մանրամասները թողնելով մեկ այլ առիթի, ասենք միայն, որ պարոն Հովհաննիսյանը, իր ասելով, ճամփորդությունների հանդեպ բուռն սեր չի տածում, եւ ինքը, ոչ ավել-ոչ պակաս, Կանտն է. «Ես ավելի շատ նմանվում եմ Կանտին, որ ամբողջ կյանքում Քյոնիքսբերգում նստել է, բայց աշխարհն ավելի լավ գիտեր, ավելի լավ էր ճանաչում, քան ուրիշները։ Իսկ նրանք, ովքեր սիրում են շրջագայություններ, դատարկ մարդիկ են եւ փորձում են իրենց դատարկությունը լցնել շրջագայություններով»։ Թեպետ պարոն Հովհաննիսյանը հղում անելով «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհ. Հովհաննիսյանին պնդում է, թե Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների ցուցակը կազմվում է մեկ տարվա կտրվածքով, բայց, ըստ հավաստի աղբյուրների, ցուցակում ցանկացած պահի կարող են փոփոխություններ կատարվել։ Հմայակ Հովհաննիսյանը մի կողմից ասում է, թե ինքը շրջագայությունների սիրահար չէ, մյուս կողմից էլ չի թաքցնում, որ եթե ՀԺԿ-ն որոշի իրեն զրկել Խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր լինելու հաճույքից, ինքը պատրաստ է մինչեւ վերջ պայքարել եւ պնդել իրենը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728