Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բորիս

Փետրվար 13,2001 00:00

ԼԻՆԵԼ ՍՏՈՐԱՔԱՐՇ ՉԻՆՈՎՆԻ՞Կ, ԹԵ՞ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ Բորիս Նազարյանն ընտրեց երկրորդը ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի հրաժարականի հիմնական պատճառը, վերջին հաշվով, գործող արատավոր համակարգն է։ Այն «27»-ով ծայր առած եւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի ու նրա թիմակիցների պաշտոնանկությամբ շարունակված իշխանափոխության վերջին շտրիխներից մեկն է նաեւ։ Վազգեն Սարգսյանի զինակիցները, որոնք «27»-ի ոճրագործությունը նվազագույնը չկանխելու մեջ մեղադրում էին նախկին ուժայիններին, նաեւ նախկին գլխավոր դատախազին, հույս ունեին, որ այս պաշտոններում յուրայիններին նշանակելով՝ մի կողմից ապահովելու են իրենց թիկունքը, մյուս կողմից՝ ի դեմս գլխավոր դատախազի պաշտոնում նշանակված Բորիս Նազարյանի ու գործի նախաքննությունը ղեկավարող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, «27»-ի իրական բացահայտման երաշխավորներ ունեն։ Հիշենք, որ Բ.Նազարյանի նշանակումից անմիջապես հետո լրատվամիջոցները կասկած հայտնեցին, թե Բ.Նազարյանը, որ Արարատի մարզային դատախազն էր, ի վիճակի է դատախազությունում սարեր շուռ տալ, առավել եւս, որ նրա երբեմնի վերադասը՝ Ա.Հովսեփյանը շարունակելու էր դատախազությունում վարել իր տեղակալներից մեկի պաշտոնը։ Բ.Նազարյանն իր պաշտոնավարության ընթացքում, իրոք, չկարողացավ դատաիրավական համակարգում սարեր շուռ տալ, բայց ոչ այն պատճառով, որ նրան խանգարեց Ա.Հովսեփյանը։ Պարզապես ներիշխանական հակամարտության զարգացումներն ընթացան հօգուտ նախագահ Քոչարյանի։ Երբ վարչապետ Արամ Սարգսյանի հրաժարականն արդեն հաշված օրերի հարց էր, ազատ արձակվեցին «27»-ի գործով կասկածվող մի շարք մարդիկ։ Շքահանդեսի հրամանատարը զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էր։ Գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին վերապահվել էր միայն կողքից ականատես լինելու դերը։ Երբեւէ, որեւէ մեկը չի կարող հիշել, որ այդ առնչությամբ գլխավոր դատախազը հայտնած լինի իր անհամաձայնությունը, թեեւ ակնհայտ էր, որ դրանից հետո «27»-ի գործի նախաքննությունը որակապես նոր փուլ էր թեւակոխելու, պարզ էր նաեւ, որ գործը դատարան էր մտնելու հենց հինգ հոգու շրջանակով։ Բացառված չէ, սակայն, որ գլխավոր դատախազը վստահ էր՝ գործը ճիշտ հունով է ընթանում: Ոմանք կարծիք են հայտնում, թե ի՞նչ կարող էր անել Բ.Նազարյանը, երբ հարցերը լուծվում էին նախագահ-պաշտպանության նախարար-զինդատախազ եռանկյունիում։ Այս տեսակետի ընդդիմախոսները փաստում են, որ Բ.Նազարյանը դեռ այն ժամանակ բավարար լիազորություն ուներ նախաքննության ընթացքը վերահսկելու, ինչի մասին, ի դեպ, ավելի ուշ ակնարկեց Գ.Ջհանգիրյանը։ Ու եթե ճիշտ են այն տեսակետները, թե «27»-ի գործի նախաքննության կտրուկ շրջադարձի թիկունքում ներկայիս իշխանություններն են, ապա Բ.Նազարյանը, կարծես թե, հնարավորություն ուներ այդ բացահայտել՝ նվազագույնը պահանջելով Գ.Ջհանգիրյանի ձեռքից վերցնել նախաքննությունը վարելու ղեկը։ Եթե այդպիսի հնարավորություն չկար, ապա այս հարցում էլ գործում են ոչ թե իրավական, այլ քաղաքական, ավելի ճիշտ՝ խարդավանքային մեխանիզմներ: Արկադի Վարդանյանի խափանման միջոցն էլ փոխելու հարցում Բ.Նազարյանը կարող էր ավելի վճռական լինել։ Նա իրավասու էր այդ անել՝ առանց դատարան դիմելու։ Բայց Բ.Նազարյանը քաղաքականությունից հեռու մարդ է եւ գուցե հավատացել էր նախագահ Քոչարյանի հավաստիացմանը, թե դատարանի որոշմամբ Ա.Վարդանյանի խափանման միջոցը կփոխվի։ Դիտորդներից ոմանք կարծիք հայտնեցին, թե Բ.Նազարյանը պարզապես ազատվեց ինչպես «27»-ի նախաքննության արմատական բեկման եւ առաջիկա դատավարության անցանկալի անակնկալների, այնպես էլ Ա.Վարդանյանին կալանքի տակ պահելու պատասխանատվությունից։ Հիշյալ երկու գործերն էլ, ըստ էության, զուտ քաղաքական են, մինչդեռ Բ.Նազարյանն, ինչպես նաեւ իր մյուս թիմակիցները, հեռու էր քաղաքականությունից եւ ամենագլխավորը՝ ներկա իշխանությունների քաղաքական թիմից չէր։ Նա, կարծում եմ, ստիպված էր ընտրություն կատարել հրաժարականի կամ ստորաքարշ չինովնիկ դառնալու հեռանկարի միջեւ։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728