Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բայց նախկին ազգադավ ու հանցագործ իշխանություններն անտեսեցին նրա «ամբողջական ու գործուն» պատրաստակամո

Փետրվար 13,2001 00:00

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԾԱՌԱՅԵԼ Բայց նախկին ազգադավ ու հանցագործ իշխանություններն անտեսեցին նրա «ամբողջական ու գործուն» պատրաստակամությունը՝ «ծառայելու նույն գործին»։ Անըմբռնելի են մեր քաղաքական գործիչների մոտեցումները։ Դժվար է հասկանալ, թե ինչն է, ասենք, նրանց ստիպում անընդհատ խոսել նախորդ տարիներին «ջրի գնով» սեփականաշնորհված օբյեկտների մասին եւ համառորեն անտեսել ներկայումս ճիշտ նույն գնացուցակով սեփականաշնորհումները։ Անհնար է ըմբռնել, թե ինչո՞ւ են նրանք այժմ պարտիզանի պես լռում ուժային նախարարների շքեղ ավտոմեքենաների եւ ձեւավորված տնտեսական կլանների մասին, երբ նախկինում նույն հարցերը դարձնում էին մատի փաթաթան։ Մեր քաղաքական գործիչների սկզբունքները որոշելու ճիգերն անհուսալի են դառնում, երբ պարզվում է, որ խստիվ քննադատելով իշխանությանը, նրանք մեծագույն սիրով պատրաստ են կանգնել նրանց կողքին։ Զորօրինակ, վերջերս ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը հանդես եկավ «Իշխանափոխություն» հոդվածով։ Չենք ծուլանա եւ այդ ծավալուն հոդվածից կմեջբերենք Շարժման գործիչների հասցեին արված որակումները։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները «ճռճռան հռետորներ» էին, որոնք «միջոցների մեջ ընտրություն չէին կատարում»։ Ակնարկվում է, որ նրանք էին կազմակերպել Մասիսի թունավորումների դեպքերը. «Նրանք պահում էին կատաղած, փողոցային «լյումպենացված» կանանց հրոսակախմբեր»։ Ռուբեն Միրզախանյանը նաեւ գրում է, որ «Ղարաբաղ» կոմիտեն ու ՀՀՇ-ի առաջին շրջանի ղեկավարները «ոչ միայն պատկերացում չունեին երկրի տնտեսության ղեկավարման կարեւորագույն հիմնադրույթներից, այլեւ զուտ մարդկայնորեն անպատրաստ էին ստանձնել հանրապետության ղեկը»։ Բնական է, որ նման մարդկանց գործունեության արդյունքը պիտի լիներ, ըստ ՀՌԱԿ ատենապետի, երկրի տնտեսության ոչնչացումը, տնտեսական կլանների ձեւավորումը եւ այլն։ Ընդունենք, որ այս ամենը ճիշտ է։ Եվ դեռ նկարագրությունն էլ խիստ մեղմ է։ Այս պարագայում տարօրինակ է, որ պրն Միրզախանյանն այդ ժամանակ ցանկություն ուներ կանգնել նման մարդկանց կողքին եւ մաս կազմել նրանց քաղաքականությանը։ 1991-ի հոկտեմբերի 21-ին ՀՌԱԿ հիմնադիր խորհուրդը, որի նախագահն էր Ռուբեն Միրզախանյանը, մի դիմում էր հղել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկին՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրան կոչելով «Նորին վսեմություն» եւ «մեծահարգ»։ Այս դիմումում նրան էին առաջարկվում 4 հոգի, որպեսզի ընդգրկի իր կառավարության կազմում։ Ասենք՝ Վարդան Ուզունյանին առաջարկում էին արտաքին տնտեսական կապերի նախարարի պաշտոնի համար։ Ռոբերտ Մավիսակալյանի համար Հեռուստառադիոպետկոմի նախագահի պաշտոնն էր տեղին թվում։ Ցուցակում երկրորդը հենց Ռուբեն Միրզախանյանն էր, որին հարմար էին նկատվում կրթության կամ մշակույթի նախարարությունները։ Հիմա հարց է. 1998-ից հետո՞ միայն պրն Միրզախանյանը հասկացավ, որ իրենց պատկերացումներով եւ մարդկայնորեն անպատրաստ գործիչներն էին իշխանության գլուխ։ 1991-ին հաստա՛տ չգիտեր։ Այլապես, որպես խիստ հետեւողական եւ սկզբունքային գործիչ, չէր ընդառաջի թեկնածուներ ներկայացնելու նրանց առաջարկին եւ չէր գրի. «Հետագայում, երբ կկազմվի մեր նոր կառավարությունը, մեր կուսակցությունը հանրապետության ապագա վարչապետին կհանձնի թեկնածուների մեկ այլ ցուցակ»։ Սոսկ իշխանափոխությունից 3 տարի անց ռամկավարական առաջնորդը ըմբռնեց, թե ի՜նչ հանցագործներ էին նախկինում իշխանության ղեկին։ Այլապես նույն դիմումում նրանց հաջողություն չէր մաղթի՝ «եւս մի անգամ մեր պատրաստակամությունը հայտնելով ամբողջական ու գործուն մասնակցությամբ ծառայելու նույն գործին»։ … Ամիսներ առաջ, երբ առիթ ունեցանք անդրադառնալ ռամկավար այս գործչի հետին թվով սկզբունքայնության դրսեւորումներին ու միշտ ներկա իշխանությանը հաճոյանալու անթաքույց ձգտումներին՝ դաշնակցական գործիչներից մեկը հիշեցրեց, որ ժամանակին Դաշինքի գործիչներն ավելի խիստ որակումներով էին արտահայտվել նույնի մասին։ Իրոք, ասենք 1995-ին, Դավիթ Վարդանյանի գնահատականներն այդ գործչի չորեքթաթ դիրքի, նրա վարած «կիսաամբիցիոզ, կիսաքծնանքի քաղաքականության», ամեն պահ դավաճանելու եւ թիկունքից հարված հասցնելու պատրաստակամության, անօրինականություններին աջակցելու եւ աչք փակելու մասին թերեւս անհարմար էլ է մեջբերել ամբողջությամբ։ Սակայն «Ղարաբաղ» կոմիտեի այդ ներկայացուցչի խոսքերը Շարժման գործիչներին փնովողների շարքերը լրացնելու եկած այս մեկի մասին այժմեական են նաեւ հիմա։ Դավիթ Վարդանյանը նշել էր, որ համազգային շարժման նկատմամբ ատելությամբ են լցված հիմնականում այն մարդիկ, «որոնց կոմերիտական կարիերան ընդհատվեց 88-ի Շարժմամբ»։ Իրոք որ, դիպուկ է ասված։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել