Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեկ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի

Փետրվար 10,2001 00:00

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՎ՝ ԴԵՊԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ Երեկ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ ՀԱՕԿ-ի անդամների անվանական կազմի հաստատում, կազմակերպական հարցեր, Սիդնեյի 27-րդ օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի ըմբիշների մասնակցության արդյունքներ եւ ընթացիկ հարցեր։ Նիստը բացելով ՀԱՕԿ-ի նախագահ, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ օլիմպիական կոմիտեի համաժողովի 81 պատվիրակներից ներկա են 65-ը, որը իրավունք է տալիս սկսելու աշխատանքները։ Այնուհետեւ ՀԱՕԿ-ի նախագահն առանձին-առանձին ներկայացրեց մարզական կազմակերպությունների առաջարկած պատվիրակների անունները, որից հետո համաժողովը նրանց հաստատեց օլիմպիական կոմիտեի կազմում։ Օրակարգի երկրորդ հարցում անհրաժեշտ էր լուծել երկու խնդիր՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Նշան Մունչյանի հրաժարականի ընդունումը եւ օլիմպիական կոմիտեի փոխնախագահի ընտրությունը։ Զեկուցողը տեղեկացրեց, որ Նշան Մունչյանի հրաժարականը քննարկվել է ՀԱՕԿ-ի գործկոմում եւ բավարարվել է նրա խնդրանքը, ու ավելացրեց նաեւ, որ Նշան Մունչյանը չի հեռանում սպորտից։ Նա մնում է ՀԱՕԿ-ի գործկոմի կազմում եւ այսուհետեւ գլխավորելու է բռնցքամարտի հանրապետական նորաբաց մարզադպրոցը։ Համաժողովը նույնպես քվեարկությամբ բավարարեց Նշան Մունչյանի հրաժարականի խնդրանքը։ Իշխան Զաքարյանը, կարեւորելով ՀԱՕԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, ասաց, որ այդ պոստում անհրաժեշտ է առաջադրել լուրջ թեկնածություն, եւ այս հարցում գործադիր կոմիտեն առայժմ հարմար թեկնածու է որոնում, որի անունը, ամենայն հավանականությամբ, Օլիմպիական կոմիտեի հաստատմանը կներկայացվի հաջորդ նստաշրջանում։ Անդրադառնալով ՀԱՕԿ-ի փոխնախագահի թափուր տեղը համալրելու խնդրին, զեկուցողն այդ պաշտոնում առաջադրեց արմռեստլինգի Եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, սպորտի մեծ բարեկամ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, որը եւ հաստատվեց միաձայն։ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, ընդգծեց, որ գիտակցում է, թե ինչպիսի պատասխանատվություն է վերցնում իր ուսերին ու վստահեցրեց, որ եթե մինչեւ այսօր սպորտին օգնում էր կամովին, ապա այսուհետեւ դա լինելու է իր նվիրական պարտականությունը։ Դրանից հետո ՀԱՕԿ-ի արտահերթ նիստն անցավ օրակարգային երրորդ հարցին։ Սիդնեյի խաղերին նախապատրաստվելու եւ մասնակցության մասին հաշվետվություն ներկայացրին ազատ եւ հունահռոմեական ոճի Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Հրանտ Ենոքյանն ու Լեւոն Ջուլֆալակյանը։ Նրանց տրվեցին հարցեր, եղան նաեւ ելույթներ։ Այնուհետեւ, քվեարկությամբ, ազատ ոճայինների մասնակցությունը օլիմպիական խաղերին գնահատվեց բավարար, իսկ հունահռոմեականինը՝ անբավարար։ Օրակարգի վերջին հարցն, ըստ էության, տեղեկատվական բնույթ ուներ։ ՀԱՕԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ ավարտվել են «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի նախագծի աշխատանքները, փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա հինգշաբթի օրը կքննարկվի կառավարությունում։ Իշխան Զաքարյանը, հիշեցնելով, որ ՀԱՕԿ-ի գործկոմի որոշմամբ այդ կազմակերպության նախկին գործադիր տնօրեն, Սիդնեյում Հայաստանի պատվիրակության շեֆ-միսիա Գագիկ Չոբանյանի գործը հանձնվել է իրավապահ մարմիններին, տեղեկացրեց նաեւ, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ եւ այն գտնվում է հանրապետության դատախազության վարույթում։ Եվ վերջինը. հայտնի է, որ Ավստրալիայի հայկական համայնքը Հայաստանի օլիմպիական պատվիրակությանը պատշաճ մակարդակով հյուրընկալելու, տեղում անհրաժեշտ աջակցություն ցույց տալու նպատակով բավականին խոշոր գումար էր հավաքել։ Իշխան Զաքարյանը, վերջերս ընտրվելով ՀԱՕԿ-ի նախագահ, մի քանի անգամ պաշտոնապես դիմել է Ավստրալիայում այդ գործի գլուխ կանգնած մարդկանց, կազմակերպիչներին՝ խնդրելով ներկայացնել համապատասխան հաշվետվություն։ Սակայն առայսօր նրա բոլոր դիմումներն անպատասխան են մնացել։ Ելնելով դրանից, ինքը պատրաստվում է եկող շաբաթ հանդես գալ հատուկ հայտարարությամբ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728