Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ գրականությունն ու գրականագիտությունը, գիտությունն ու մշակույթը, մեր ողջ ժողովուրդը ծանր կորուստ

Փետրվար 10,2001 00:00

ՄԱՀԱՑԱՎ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ Հայ գրականությունն ու գրականագիտությունը, գիտությունն ու մշակույթը, մեր ողջ ժողովուրդը ծանր կորուստ կրեցին. կյանքի 75-րդ տարում մեզնից հեռացավ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության, նրա վարչության եւ ավագների խորհրդի անդամ, պետական եւ գրական մրցանակների դափնեկիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրանտ Սմբատի Թամրազյանը։ Հրանտ Թամրազյանն անցել է կյանքի արգասավոր ճանապարհ. սկսած 1950-ական թվականներից նա եղել է գրական ու գիտական կյանքի կենտրոնական դեմքերից մեկը, ուղի եւ ընթացք է հաղորդել մեր գրական մտածողությանն իր քննադատական բորբոքուն ելույթներով, գրականագիտական մեծարժեք աշխատություններով։ Երեւանի պետական համալսարանում երկարամյա դասախոսական աշխատանքին զուգահեռ՝ նա եղել է նաեւ գիտության, կրթության գործի մեծ կազմակերպիչ ու երախտավոր. իբրեւ քննադատ՝ նա դժվարին ժամանակներում եղել է իսկական գրողների եւ ճշմարիտ գեղարվեստական արժեքների խիզախ պաշտպան, գրականության հմուտ պատմաբան եւ հայ քննադատական մտքի պատմության իմաստուն արժեւորող։ Երկար տարիներ Երեւանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչն է եղել նա, բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահը, ավելի քան 40 ասպիրանտների գիտական ղեկավարն ու խորհրդատուն։ Նրա գիտական հունձքն ավելի քան պերճախոս է. շուրջ 45 մենագրություններ, դպրոցական, բուհական դասագրքեր ու ուսումնական ձեռնարկներ, մոտ 300 գիտական ուսումնասիրություններ ու հոդվածներ, տասնյակ գրքերի առաջաբաններ։ Ակադեմիկոս Արսեն Տերտերյանի արժանավոր հաջորդ Հրանտ Թամրազյանն ստեղծել է գրականագիտական ի՛ր դպրոցը, իր ուրույն ոճը, մշակել գեղարվեստական արժեքների գնահատման այնպիսի չափանիշներ, որ ընդունելի եղան նրա ժամանակակիցների, գրականագետների ու քննադատների հաջորդ սերունդների համար։ Բոլոր գրականագետներից ու քննադատներից նա առանձնանում էր մի էական յուրահատկությամբ. նա գրական նյութի խորիմացությունը զուգակցում էր միայն իրեն բնորոշ գեղագիտական վերլուծության հետ. դրա շնորհիվ էլ նրա դասախոսությունները դառնում էին օրինակելի ու վարակիչ։ Փայլում էր հատկապես պոեզիայի իմացությամբ ու զգացողությամբ, գեղեցիկը գնահատելու բացառիկ կարողությամբ։ Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի թաղման կառավարական հանձնաժողովը հայտնում է, որ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի՝ փետրվարի 11-ին, ժ. 18-ին (Այգեստան 10-րդ փ., 2-րդ շենք, բն. 63), հուղարկավորությունը՝ երկուշաբթի ժ. 14-ին՝ Երեւանի պետական համալսարանի Կենտրոնական մասնաշենքից։ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել