Գործազուրկների նպաստ չկա 2001 թվականի փետրվարի 1-ի տվյալներով (ըստ աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության) Հայաստանում գրանցված է 152587 գործազուրկ։ Գրանցված գործազուրկներին, ելնելով աշխատանքային ստաժից, որոշակի նպաստ է վճարվում։ Սակայն 2000 թվականի մարտից հանրապետությունում գործազրկության նպաստ չի վճարվել, բացառությամբ՝ Մեղրիի շրջանի, որտեղ գրանցված գործազուրկները ստացել են մինչեւ հունիս ամսվա նպաստները։ Ցանկացած դրամարկղում, կարող եք տեսնել սեւ տառերով սպիտակին գրված (այս դեպքում՝ գործազուրկների համար) «մահախոսականը». «Գործազուրկների նպաստ չկա»։ Որտեղի՞ց հավաքվեցին պարտքերը, եւ արդյո՞ք վերին ատյաններում չեն տեղեկացվել… Դեկտեմբերին արված հայտարարությունը, թե բոլոր պարտքերը մարված են, սո՞ւտ էր, բլե՞ֆ, թե՞ ժողովրդի աչքին թոզ փչելու նման մի բան… Իսկ ժողովրդի (այս դեպքում՝ գրանցված գործազուրկների) համբերության բաժակը լցվել է մաղձով ու դառնությամբ։ Մի քանի րոպեի ընթացքում հանդիպեցինք տասնյակի հասնող գրանցված գործազուրկների, ովքեր հույսով մտնում էին խնայդրամարկղ եւ սեւակնած դուրս գալիս։ Նրանցից շատերը չցանկացան խոսել, ձեռքները թափ էին տալիս եւ գնում. «Լսողն ո՞վ է»։ Մի քանիսն էլ համաձայնեցին խոսել՝ պայմանով, որ անունները չհրապարակենք։ Սակայն եղան նաեւ մարդիկ, ովքեր «սրանից այն կողմ այլեւս ոչինչ չտեսնելով», որոշեցին խոսել։ Որոշեցին ասել իրենց խոսքը: Սերժիկ – Մեռնում ենք։ Դուք հասկանո՞ւմ եք։ Աշխարհի առջեւ անուն հանեցիք, թե մեզ գործազրկության նպաստ եք տալիս, որ ապրենք, էն էլ կտրեցիք։ Աշխարհը տակն ու վրա շուռ եկավ. ես եմ իմ ամբողջ կյանքում պետությանը ողորմություն տվել, իսկ հիմա սպասում եմ այդ պետության սուտ անուն հանած ողորմությանը։ Լուսիկ – Էս կառավարությունը մեկ, երկու՝ նպաստ չտվեց, տեսավ ձայն չենք հանում, երեւի մտածեց, թե օդով էլ կարող ենք սնվել ու կտրեց… Այդ խղճուկ գումարը նորից հետ էինք վերադարձնում այդ խղճուկ պետությանը. լույսի, աղբի, ջրի, ջեռուցման վարձ տալիս։ Ի՞նչ երեսով են մարդկանց ուղարկում վարձ հավաքելու։ Որտեղի՞ց տանք։ Սոնա – Դարձել ենք անոթի, անտեր մուրացկաններ… Արդեն մի տարի է՝ նպաստ չենք ստացել։ Փաստորեն, այս կառավարության հույսին մնացողն արդեն գետնի տակ փտած կլիներ, որովհետեւ ես դեռեւս ոչ մի տեղ չեմ կարդացել, որ մարդը մեկ տարի կարողանա սոված մնալ… Ո՞վ է մեղավոր, ինչքա՞ն սպասենք։ Մի ճար արեք խեղճ, անոթի մուրացկաններիս… Աիդա- Ես դիմում եմ ձեզ՝ պարոն նախարարներ։ Քցեք- բռնեք, թե ձեզանից ո՞վ պիտի զբաղվի այդ հարցով ու զբաղվե՛ք… Իսկուհի- Ինչքա՞ն կարելի է տանել գանձապահների թթված դեմքերի միմիկան։ Ինչքա՞ն… Նստել եք ձեր տաք տեղերում ու ձեր շատ պե՞տքն է, թե գործազուրկն ինչո՞վ պիտի տաքանա։ Ապուշի նման ուրախ-ուրախ գնում ենք աշխատանքի եւ զբաղվածության կենտրոն, ստորագրում, չեկ ստանում, հույսով, թե պետությունը մի երկու կոպեկ կտա… Ու այդ չեկերը դարսում դրամապանակում… Կտա, բա չի՞ տա։ Որ տա՝ գլուխներդ կգովեք… Ես ինքս հույսս կորցրել եմ… Ամուսնուս հետ պայման ենք կապել. մեզանից ով շուտ մեռնի ու մեռնելուց հետո թե հանկարծ նպաստը տան, ամբողջությամբ գերեզմանի վրա խնկի փոխարեն պիտի վառենք… Որ ծուխը մեզ հասնի, կդադարենք գազազած լինելուց ու բարի աչքերով մտիկ կանենք էս աշխարհին… ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ