Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եկեղեցական

Փետրվար 10,2001 00:00

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ ԸՆԴԱՌԱՋ Եկեղեցական որոշ տոներ դարերի ընթացքում այնքան են սիրվել մեր ժողովրդի կողմից, որ «ինտեգրվել են», դարձել ժողովրդական, ազգային։ Ծաղկազարդի, Վարդավառի, Բարեկենդանի, Զատիկի կողքին ազգային-կրոնական կարգավիճակ է ստացել նաեւ Տյառնընդառաջի (Տրնդեզի) ոչ շարժական տոնը։ Այն իր մեջ կրում է ե՛ւ քրիստոնեական խորհուրդ, ե՛ւ հեթանոսական ժամանակներից մեզ հասած ավանդույթներ, ծեսեր, սովորույթներ։ Ոչ վաղ անցյալում, երբ աթեիզմի ուրվականը շրջում էր խորհրդային ժողովրդի գիտակցության ծալքերում, մարդիկ գրեթե մոռացության էին մատնել կրոնի հետ առնչություն ունեցող ցանկացած բան։ Տոների խորհուրդը մոռանալով, ամեն դեպքում, որոշ ծեսեր, որոնք ավելի շուտ կենցաղային բնույթ էին կրում, պահպանվեցին։ Ինչպես օրինակ, Զատիկին ձուն կարմիր ներկելը, Վարդավառին միմյանց ջրելը, Տրնդեզին՝ կրակի վրայով թռնելը։ Սակայն տոնի իմաստը, այն ժամանակվա խաղիկները, ծիսական երգուպարը քչերն են հիշում։ Այս մեծ բացը լրացնելու ցանկությամբ, «Ակունք» համույթն արդեն երրորդ տարին է, անդրադառնում է եկեղեցական տոնացույցին, ժողովրդական տոնակատարություններին։ Ինչպես նշեց համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ժողովրդական ստեղծագործության բաժնի վարիչ Հարություն Խաչատրյանը, իրենց նպատակն է՝ հնարավորին չափ մեծ քանակով երիտասարդների մասնակից դարձնելով ժողովրդական ծեսերին, վերականգնել ժողովրդի գիտակցության մեջ ազգային-քրիստոնեական ակունքները։ Տյառնընդառաջի առիթով, փետրվարի 13-ին եւ 14-ին «Ակունքը» կազմակերպել է մեծ ժողովրդական տոնախմբություններ։ 13-ին՝ Աշտարակի Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում եւ 14-ին՝ Գառնիի տաճարի շրջակայքում։ Մուղնիում տոնակատարությունները կսկսվեն ժամը 16։00-ին ու կշարունակվեն մինչեւ մթնելը։ Գառնիում միջոցառումները կսկսվեն կեսօրին։ «Մենք ոչ մի նոր բան չենք հորինել, չենք փորձում ոչինչ գեղեցկացնել կամ ծաղկացնել։ Մենք ընդամենը ցանկանում ենք վերականգնել հին ու գեղեցիկ ծեսերը, ժողովրդական, հոգեւոր երգերի կողքին հիշել դեռ Արա Գեղեցիկի ժամանակներից, հեթանոսական շրջանից կրակի մաքրագործ զորությանն առնչվող երգերն ու խաղիկները»։ Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից առաջ, ժամը 16-17-ը Մուղնիի սուրբ Գեւորգ եկեղեցու բակում ժողովուրդը կհավաքվի, «Ակունքի» գլխավորությամբ կերգեն ու կպարեն տոնին առնչվող երգեր, պարեր։ Այդ ընթացքում եկեղեցում կընթանա պսակի արարողություն։ Իսկ նորափեսաների (եւ ոչ միայն նրանց) բերած ցախերով եկեղեցու բակում կվառվի Տրնդեզի կրակը։ Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցի կմտնեն փոքրիկ երեխաները՝ օրհնություն ստանալու։ Ապա, ըստ ավանդույթի, դրսում քահանան կօրհնի այդ տարի ամուսնացած զույգերին։ Բոլոր ներկաները եկեղեցու բակում վառվող կրակից ջահերով իրենց տուն մի կտոր կրակ կտանեն, որպեսզի «օջախը ջերմ ու շեն մնա»։ Այս ամենը կուղեկցվի ծիսական երգերով, «թագվորագովք»-երով։ Մարդիկ միշտ հավատացել են Տրնդեզի կրակի հրաշագործ զորությանը, այդ պատճառով կրակի վրա թռցնում էին նորահարսներին (որ կրակը նրանց ջերմություն տա, չարը հեռացնի), քառասունքը չլրացած ծննդկաններին (կրակը մաքրագործում էր «անմաքուր» ծննդկաններին, համարվում էր «քառսունքը կտրված»), հիվանդներին, ամուլ կանանց, երիտասարդ, չամուսնացած աղջիկներին (եթե նրանց շորից մի թել այրվեր, նշանակում է՝ այդ տարի պիտի ամուսնանային) եւ այլն։ Անգամ Տրնդեզի կրակի մոխրին էին հրաշագործ ուժեր վերագրում։ Տրնդեզի օրհնությունը սակայն միայն նորապսակների համար չի։ Օրհնվում են նաեւ տնային կենդանիները, բույսերը։ Երեխաները մի-մի հավ գրկած կանգնում են կրակի շուրջ, որ խարույկի ուժով զորացած հավերը մեծ պասին շատ ձու ածեն։ Ծառերի տակ փոքրիկ խարույկներ են վառվում՝ երկիրը ջերմացնելու եւ գարունը շուտ բերելու համար։ Ըստ ավանդույթի, Տրնդեզը ազդարարում է ձմռան վերջը. «ձմռան քառսունքն» է լրանում։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել