Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսպես են լեզվաբաններն արձագանքում Պարույր Հայրիկյանի՝ մեսրոպյան ուղղագրության վերադառնալու վերջին ե

Փետրվար 10,2001 00:00

«ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԹՈՂ ՔԻԹԸ ՉԽՈԹԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ» Այսպես են լեզվաբաններն արձագանքում Պարույր Հայրիկյանի՝ մեսրոպյան ուղղագրության վերադառնալու վերջին երկու օրերի կոչին։ Մեկն էլ, թե՝ «քյանդրբազություն է անում»։ Իսկ Լեզվի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանը, որ, ըստ մեր տեղեկությունների, խիստ վրդովված է այս առիթով, նույնիսկ չցանկացավ խոսել՝ հիմնավորելով, որ ինքը ամեն չմտածված ելույթի չի կարող պատասխանել։ Հիշեցնենք, որ, ըստ Պ. Հայրիկյանի, միասնական, մեսրոպյան ուղղագրության անցնելը «որոշ ակադեմիկոսների կողմից մատուցվում է որպես ծանր ու դժվար աշխատանք, բայց ինչ-որ չափով գրագետ մարդու համար դա 6 շաբաթ ժամանակ պիտի խլի»։ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Բադիկյանը կտրուկ էր իր գնահատականներում. «Հայրիկյանն այդպես է ասում, որովհետեւ նա ո՛չ լեզու գիտի, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ էլ ուղղագրություն։ Նա չգիտի, թե ինչ է նշանակում գրաբար, չգիտի ինչ է աշխարհաբար, ինչ է արեւելահայերեն եւ արեւմտահայերեն։ Նա շփոթում է լեզու եւ ուղղագրություն, որ 6 շաբաթում մարդը, իբր թե, կարող է գրաբար սովորել»։ Պրն Բադիկյանը նաեւ շեշտեց, որ 1922-ին Մանուկ Աբեղյանի մտցրած ուղղագրական բարեփոխումը պատճառաբանված ու հիմնավորված էր, եւ այն պաշտպանում են ե՛ւ ուսուցիչներն ու դասախոսները, ե՛ւ ուսանողները, ե՛ւ մեր ուղղագրությունը մեզ շատ լավ ծառայում է։ «Ինչպե՞ս մենք կարող ենք անցնել գրաբարի ուղղագրությանը, երբ մենք գրաբարով չենք խոսում։ Մենք խոսում ենք այնպես, ինչպես գրում ենք։ Այսպե՞ս պիտի խոսենք՝ ես մի յոդուած գրեմ «Հայաստանի Հանրապետութիւն» թերթում։ Բայց ո՞վ է հիմա յոդուած ասում, հոդվա՛ծ ենք ասում»,- զարմանում էր պրն Բադիկյանը։ Վերջինս նաեւ իր այս տարակուսանքը չթաքցրեց. «Թե ինչի՞ է նա մեջ ընկել, այն էլ՝ Հայրիկյանը։ Գոնե ուրիշ մեկը այդ մասին խոսեր, կասեինք՝ ոչինչ, խելքը հասնում է ուղղագրությունից, բայց Հայրիկյանի խելքը ինչին է հասնում, որ քիթը խոթում է ուղղագրության մեջ։ Ամեն տեղ չէ, որ իր քիթը պետք է խոթի։ Եվ որտեղ խոթել է, այնտեղ խոտանում է»։ Բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչ Լիանա Հովսեփյանը նույնն ասաց՝ ավելի մեղմ ձեւակերպումներով։ Ըստ նրա, եւս «ոչ մի անհրաժեշտություն չկա վերադառնալ հին ուղղագրության։ Եթե այսօրվա մեր ուղղագրությունը գիտականորեն ճշգրտորեն արտացոլում է լեզվի պատկերը, ոչ մի իմաստ չունի վերադառնալ հնին»։ Գիտականորեն հիմնավորելով իր այս պնդումը՝ Լ. Հովսեփյանը նաեւ նկատեց, որ հին ուղղագրության անցնելը հայ ժողովրդի երկու հատվածները միավորելու միակ ուղին չէ, ինչպես Պ. Հայրիկյանն է մատուցում։ Տիկին Հովսեփյանը նաեւ նկատեց, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր դասական ուղղագրության անցնելու կոչեր են անում, իրենք էլ այդ ուղղագրությամբ գրագետ գրել չգիտեն։ Ապացույցը՝ իրենց ուղղած նամակներն ու առաջարկություններն են։ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտաշես Սարգսյանը, նույն փաստարկները նշելով, նաեւ մի հետաքրքիր նրբություն շեշտեց։ Հին ուղղագրության անցնելը տնտեսագիտորեն էլ արդարացված չէ, հենց միայն, ասենք «ա»-ից «ո»-ից հետո գրվող «յ»-երը. «Հաշվեք, թե մոտ 300 էջանոց գրքի մեջ քանի հատ «ա»-ով ու «ո»-ով ավարտվող բառ կլինի, որի վերջում մենք կգրենք «յ» եւ ինչքան ավելի թուղթ կգնա այդ գիրքը տպագրելու ժամանակ»: Միասնական ուղղագրությունը չի կարող նպաստել հայության երկու հատվածների մերձեցմանը. «Մինչ 1920-22թթ., երբ ուղղագրությունները նույնն էին, էլի կար արեւելահայերեն ու արեւմտահայերեն, սփյուռքահայ, արեւմտահայ ու արեւելահայ»։ Նյութն ամբողջական չէր լինի, եթե չլսեինք Լեզվի պետական տեսչության պետ Լեւոն Գալստյանին, մանավանդ որ, Պ. Հայրիկյանի պնդմամբ՝ հենց «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթն է պահանջում ձգտել միասնական ուղղագրության։ Սա, ըստ Լեւոն Գալստյանի, չի ենթադրում վերադարձ դասական ուղղագրությանը։ Այդ դրույթը կարելի է մեկնաբանել այլ ուղղությամբ. «քանի որ Սփյուռքի ժողովրդագրական պատկերը փոխվել է ու փոխվում է, այլեւս իրականությանը չի համապատասխանում նախկին պատկերացումը, թե Սփյուռքը ուղղագրական միատարրություն ունի, եւ դա դասական ուղղագրությունն է»։ Այնտեղ չկան կառույցներ, որ կկարողանան կարգավորել լեզվավիճակը, այդ թվում՝ ուղղագրական համակարգը, իսկ Հայաստանում կան՝ ի դեմս Հայերենի բարձրագույն խորհրդի։ «Ուղղագրության փոփոխության անհրաժեշտություն չկա»,- համոզված է Լեւոն Գալստյանը։ Ըստ նրա. «Վերադառնալ հին ուղղագրությանը, նշանակում է՝ մեկեն դառնալ անգրագետ, ֆինանսատնտեսական ավելորդ լրացուցիչ ծախսեր, եւ մեր հաղորդակցումը արդեն եղած ժառանգության հետ որոշակիորեն կխզվի։ Բոլոր առումներով սա անտրամաբանական, գիտականորեն հիմնազուրկ մոտեցում է, որը մենք կտրականապես մերժում ենք»։ Իսկ եթե մենք փորձում ենք մերձեցնել գրական լեզվի երկու ճյուղերը, պիտի ավելի խորը նայենք հարցին եւ խոսենք գրական լեզվի համազգայնացման մասին։ Բայց դա վարչական միջամտությամբ չի արվում, այլ միջմշակութային աղերսների, միջմշակութային փոխներթափանցումների միջոցով։ Եվ պրն Գալստյանի կարծիքով. «Այս համատեքստում ավելի ճիշտ կլինի խոսել գրական լեզուների մշակման սկզբունքների մերձեցման, միասնական համազգային տերմինաբանական համակարգ ստեղծելու մասին»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել