Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999թ. մայիսի 31-ի որոշմամբ, 1999թ. հոկտեմբերի 1-ից բնակչությանը մատակա

Փետրվար 10,2001 00:00

Հոսանքը հոսում է, հաշվիչը՝ հաշվում ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999թ. մայիսի 31-ի որոշմամբ, 1999թ. հոկտեմբերի 1-ից բնակչությանը մատակարարվող 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի գիշերային սակագինը ժամը 23։00-ից մինչեւ 7-ը սահմանվել է 15 դրամ։ Երկսակագին հաշվիչների տեղադրման, օգտագործման կարգի, տեսուչ-բնակիչ փոխհարաբերությունների եւ այլ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի իրացման հարցերով տնօրեն Արամ Անանյանի հետ։ – Ի՞նչ կերպ է բնակիչը ձեռք բերում երկսակագին հաշվիչ։ – ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999թ. սեպտեմբերի 28-ի եւ 2000թ. հոկտեմբերի 13-ի որոշումներով սահմանվել է բազմասակագնային հաշվիչների տեղադրման հետեւյալ կարգը. եթե բնակիչը ցանկանում է իր նախաձեռնությամբ տեղադրել երկսակագին հաշվիչ, ապա խնայբանկում վճարում է հաշվիչի արժեքը՝ 27300 դրամ, դիմումի հետ մուծման անդորրագրի պատճենը ներկայացնում է էլեկտրաէներգիա մատակարարող մասնաճյուղին։ Վերջինս, ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պարտավոր է տեղադրել հաշվիչը, ինչպես նաեւ բնակչի հետ կնքել պայմանագիր՝ հաշվիչի արժեքը փոխհատուցելու մասին։ Էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը հաշվիչի արժեքը հատուցում է բնակչի գիշերային սակագնի կիրառման ժամերին սպառած էլեկտրաէներգիայի արժեքի չափով։ – Մինչեւ ապրիլի 1-ը կիրականանա բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհումը: Օտարներին սեփականաշնորհելուց հետո մտավախություն չկա՞, որ նրանք կհանեն տեղադրված էլեկտրոնային երկսակագին հաշվիչները։ – Ո՛չ, նրանք շարունակելու են մեր աշխատանքը, արդեն այդ ընկերություններից եկել են եւ ծանոթանում են գործընթացին, մտավախությունն անտեղի է։ – Բնակիչները բողոքում են, որ էլեկտրաէներգիայի սպառողն ու վաճառողը գտնվում են անհավասար պայմաններում, ինչո՞ւ մետաղական արկղի յուրաքանչյուր բացվելուն չի մասնակցում սպառողը։ – Բոլոր մետաղական արկղերին տեղադրել ենք երկրորդ կողպեքի անհրաժեշտ օղակները։ Բնակիչներն իրենք պետք է գնեն երկրորդ կողպեքը։ Գործող կարգն է՝ տեսուչը արկղը բացում է միայն բնակիչների լիազոր ներկայացուցչի հետ։ – Բնակիչները հաճախ բողոքում են, որ ստուգման անվան տակ իրենց հաշվիչներն առանց զգուշացնելու հանում են (չտեղադրելով ժամանակավոր փոխարինողը), վերադարձնում են ուշ եւ բաց թողած օրերի, շաբաթների համար մի կլորիկ գումարի հաշվարկով, սկավառակի պտույտներն էլ արագացրած. իրավունք ունե՞ն առանց բնակչի ներկայության նրա հաշվիչը ստուգել եւ ովքե՞ր են ստուգողները։ – Ո՛չ, տեսուչն իրավունք չունի առանց բնակչի նրա հաշվիչը տանել։ Ստուգումները կատարվում են բնակչի (պարտադիր) ներկայությամբ, պարզապես մեր բնակիչները զլանում են ներկա լինել։ Ստուգումները կատարվում են առանձին ձեռնարկության անկախ լաբորատորիաներում։ Եթե լաբորատորիայի եզրակացությունում նշվում է, որ հաշվիչն արագ է պտտվել 5-10%-ով, վերահաշվարկ է կատարվում եւ բնակչին փոխհատուցվում։ Հաշվիչի ստուգման տանելը չպետք է պատճառ լինի բնակարանի հոսանքազրկման, դրվում է ժամանակավոր հաշվիչ, որպեսզի բնակիչն իմանա իր մի քանի ժամվա կամ 1 օրվա ծախսը։ – Տեսուչը տեղում կարո՞ղ է փոխել հաշվիչի ցուցմունքը եւ ինչպե՞ս է վերահսկվում տեսուչների աշխատանքը։ – Տեսուչը չի կարող փոխել հաշվիչի ցուցմունքը, քանզի հաշվիչները կնքված են (կասկածելիս բնակիչը պետք է ստուգի կնիքները)։ – Ի վերջո, ո՞վ է վճարում հաշվիչի բեռնաթափած (հետ տրված) ցուցմունքի դիմաց, մի ա՞յլ բնակիչ։ – Դա, անշուշտ, վնասում է ձեռնարկությանը, երբ տեսուչները փորձում են կորուստների քողի տակ ներկայացնել, իսկ վճարում են տեսուչները՝ 1 կվտ/ժամը 25 դրամով։ Չվճարումների բազմաթիվ գործեր դատարան ենք տվել եւ 90%-ից ավելին շահել։ Միայն 2000թ. աշխատանքից հեռացվել է շուրջ 250 տեսուչ։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728