Փարիզյան տանգոն միայն երկուսի համար չէ Ռոբերտ Քոչարյանի Փարիզ կատարելիք պաշտոնական այցից առաջ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր ճեպազրույցի։ Ներկայացնում ենք «Առավոտ» օրաթերթի հարցերին տրված պատասխանները։ «Առավոտին» հետաքրքրում էր, թե նախագահ Քոչարյանը որեւէ կերպ զբաղվո՞ւմ է «XXI դար միջազգային անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի գործով. ո՞ւմ հետ է հանդիպել եւ քննարկել Արկադի Վարդանյանի հարցը, որքանո՞վ են հավաստի այն լուրերը, որ նախագահն անձամբ է շահագրգռված Ա. Վարդանյանին նման ծանր վիճակում պահելու համար եւ վերջապես՝ ՌԴ-ի ԱԳՆ-ից նամակ է ուղարկվել ՀՀ, որով Ռուսաստանը հետաքրքրվում է իր քաղաքացու առողջական վիճակով։ Մեր ունեցած տվյալներով նախագահը մոտ երկու շաբաթ առաջ ստացած նամակին չի պատասխանել։ Վահե Գաբրիելյանն իր պատասխաններում ինչպես միշտ, չափազանց լակոնիկ էր։ Պատասխանելով մեր հարցին, Վահե Գաբրիելյանն ասաց. «Արկադի Վարդանյանի տիկնոջ հետ չի հանդիպել, դա հաստատ կարող եմ ասել»։ Հետո պրն Գաբրիելյանը փորձեց տպավորություն ստեղծել, թե հարցն անհասկանալի է եւ ասաց, որ նախագահը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում դատախազի, ՆԳ, ՊՆ, ԱԱ նախարարների, վարչապետի եւ ԿԲ-ի նախագահի հետ. «Դրանք աշխատանքային եւ պարբերական հանդիպումներ են։ Թե ո՞ր հանդիպման ժամանակ նշածս պաշտոնյաներից որեւէ մեկի հետ ի՞չ հարց է քննարկել, որեւէ մեկը չի կարող ասել՝ նախագահից եւ տվյալ պաշտոնյայից բացի»։ Արկադի Վարդանյանի մասին պարոն Գաբրիելյանն ասաց. «Որքան ինձ հայտնի է, Ա. Վարդանյանը տեղափոխվել է այդ պրոֆիլի լավագույն հիվանդանոցը»։ Ըստ նախագահի մամուլի խոսնակի, Ա. Վարդանյանի հանդեպ «մարդասիրական բոլոր մոտեցումները կան»։ «Առավոտն» իր հաջորդ հարցով հետաքրքրվեց, թե նախագահ Քոչարյանը երբվանի՞ց է սկսելու իրականացնել 40 հազար աշխատատեղ բացելու մասին իր խոստումը, կամ, գուցե, արդե՞ն իրականացնում է. «Հավանաբար, սխալ կլինի ասել, որ՝ երեկ չէ առաջին օրվանից, կամ վաղը չէ մյուս օրվանից, որովհետեւ ինչի՞ վրա է հիմնված աշխատատեղերի այդ քանակի հավաստիացումը»։ Պարոն Գաբրիելյանը փոքրիկ տնտեսագիտական հաշվարկ ներկայացրեց, ըստ որի, ասենք x գումար է հարկավոր y աշխատատեղ ստեղծելու համար։ 2001 թ. ընթացքում հանրապետություն մուտք գործելիք գումարների հիման վրա է կատարվել այդ 40 հազարի խոստումը. «ընդ որում, հաշվի են առնվել ոչ թե «թեական» գումարներ, այլ՝ որոնց վերաբերյալ պայմանավորվածություններն արդեն կայացած են»։ Պարոն Գաբրիելյանը հիշեցրեց, որ խոսքը հիմնականում Լինսի հիմնադրամի մասին է։ Գարունը սպասումների ժամանակ է։ Ըստ որոշ սպասումների, մարտին, հենց որ վերջնականապես կսեփականաշնորհվեն բաշխիչ ցանցերը, նախագահ Քոչարյանին այլեւս չեն բավարարի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տնտեսագիտական հմտությունները, եւ նախագահը վերջինիս պաշտոնանկ կանի։ Նախագահի մամուլի խոսնակից փորձեցինք ճշտել՝ կոնկրետ ե՞րբ դա տեղի կունենա. մարտի՞ն, թե՞ ավելի շուտ։ Ըստ Վահե Գաբրիելյանի՝ սպասումները «հավաստի» չեն։ Վերջում ուղղակի ներկայացնենք մի կարճ ցուցակ այն անձանց, ովքեր պետք է ուղեկցեն նախագահ Քոչարյանին պաշտոնական այցի ժամանակ։ Ցուցակը կազմված է բացառապես սիրելիներից։ Նախագահի հետ կլինի վերջինիս տիկինը, ՍԴ նախագահը, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը (ի դեպ, ԱԺ փոխնախագահներից հենց նա է ուղեկցում նախագահին, իսկ ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը երբեք ուղեկցողների մեջ չի լինում), մշակույթի եւ արդյունաբերության նախարարները, հավանաբար, ի պաշտոնե են ուղեկցում եւ ոչ թե ըստ կուսակցական պատկանելության։ Նույնը չես ասի «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի մասին։ Ընդհանրապես, պրն Բաղդասարյանը վերջին շրջանում ֆրանսիական օրիենտացիա ունի, վկան՝ ֆրանսիական համալսարանում նրա զբաղվածությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ