Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության

Փետրվար 10,2001 00:00

«20-ՐԴ ԴԱՐ ԵՆՔ ՄՏԵԼ՝ ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ԼԵԳԻՏԻՄ ՆԱԽԱԳԱՀ» ՀԺԿ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության երեկ կայացած կոնֆերանսում հայտարարեց Արմեն Խուրշուդյանը։ Սակայն գրեթե բոլոր հռետորներն առավել դժգոհում էին կադրային քաղաքականությունից ու «Հոկտեմբերի 27»-ի գործի շուրջ ստեղծված մթնոլորտից։ ՀԺԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության ղեկավար Գրիգոր Գրիգորյանն իր զեկույցում նշեց, թե չի գործում «Միասնություն» դաշինքով հանդես գալու մեխանիզմը եւ հարցական է՝ կպահպանվի՞ դաշինքը, թե՞ ոչ։ Ավելի ուշ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը հիշեցրեց. «Միասնություն» դաշինքը երկու կուսակցությունների միաձուլում չէ։ Կարող են լինել տարբեր մոտեցումներ, բայց միշտ պետք է փորձենք գտնել լուծումներ»։ Տարածքային կազմակերպության ղեկավարն առաջինն էր, որ դժգոհեց վարվող «միակողմանի կադրային քաղաքականությունից»։ Ըստ Գրիգոր Գրիգորյանի, պաշտոնների են նշանակվում հիմնականում ՀՀԿ-ից, բայց ՀԺԿ-ից պահանջում են պատասխանատվություն կրել։ Ռաֆիկ Բարսեղյանը նույնպես դժգոհ էր, որ ՀԺԿ-ն գրեթե ներկայացված չէ գործադիր մարմիններում եւ չեն օգտագործվում իրենց բազմահազար մասնագետները։ Նա տարակուսանք հայտնեց, որ եթե գործադիր իշխանության մեջ իրենց 1-2 տեղ է տրվում՝ ինչո՞ւ դրանք չեն հատկացվում իրենց ՀԺԿ անդամներին, այլ բաժին են հասնում միայն համակիրներին։ Վերջիններս, ըստ Ռաֆիկ Բարսեղյանի՝ «փոքր լավությունների համար կարող են շնորհակալ լինել, իսկ մեծ լավությունների համար երախտապարտ չեն լինում, երախտամոռ են լինում»։ Եվ որպես օրինակ նշեց գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանին, որն ասել էր, թե ՀԺԿ-ի կարիքը չի զգում։ Գառնիկ Կարապետյանն էլ էր 30 հազարանոց կուսակցության համար անթույլատրելի համարում պաշտոնների երաշխավորումը ոչ ՀԺԿ-ականների։ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանն այս բոլոր դժգոհությունների առնչությամբ իր ելույթում ասաց, որ այդ բողոքները հատուկ են ոչ միայն Մալաթիա- Սեբաստիա համայնքին. «Դա ճիշտ է, որ բավարար չափով ընդգրկված չենք գործադիր իշխանության օղակներում։ Ես ընդունում եմ այդ դժգոհությունը։ Իհարկե, պետք է ասել, որ ՀԺԿ որոշ անդամներ անցել են աշխատանքի։ (…)։ ՀԺԿ-ում իսկապես կան շատ բանիմաց, գործիմաց մասնագետներ, որոնց մասնակցությունը գործադիր օղակներին միայն օգուտ կարող է բերել։ Նրանց ներուժը պիտի օգտագործվի։ Բայց նաեւ պետք է նշեմ, որ մենք մեծ կուսակցություն ենք՝ այդքան տեղ էլ չկա»։ Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ ՀԺԿ-ն «աթոռների համար բազառ չի անում», այլապես բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը կողմ կքվեարկեին եւ կունենային շատ ավելի նախարարներ ու պաշտոններ։ Ի դեպ, կոնֆերանսում դժգոհություն հայտնվեց նաեւ ՀԺԿ-ն խորհրդարանում ներկայացնող պատգամավորներից։ Մասնավորապես, որ քիչ են հանդես գալիս օրենսդրական նախաձեռնություններով։ Այս կոնֆերանսում էլ բազմիցս հնչեցին. «Մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու ոճրագործության բացահայտմանը, «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների եւ պատվիրատուների հայտնաբերմանը», «տեր ենք կանգնելու» եւ նման հավաստիացումներ։ Գրիգոր Գրիգորյանն անգամ առաջարկեց դատավարության ընթացքում տարածքային այս կազմակերպությունում ստեղծել շտաբ, որը կհետեւի քննությանը եւ տեղեկատվություն կներկայացնի շարքերին։ Ավելի ուշ լրագրողները Ստեփան Դեմիրճյանին հարցրին, թե ընդհանրապես ինչպե՞ս է արտահայտվելու այդ «հետամուտ լինելը»։ «Կապրենք՝ կտեսնենք»,- կարճ կապեց նա։ Ի դեպ, պրն Դեմիրճյանը նշեց, թե ներկա չի լինելու դատական նիստերին։ ՀԺԿ անդամ, փաստաբան Ալբերտ Քարամյանը սառը ջուր լցրեց բոլոր նրանց ոգեւորության վրա, ովքեր ենթադրում են, թե այս դատավարության ընթացքում որեւէ նոր հանգամանք է բացահայտվելու. «Դատարաններն առաջադրված մեղադրանքի ծավալից դուրս դատաքննություն չեն կարող կատարել։ Օրենքը դա արգելում է։ Բացի այդ՝ դատավորները շահագրգռված չեն նման դատավարություն անցկացնել։ Այնուամենայնիվ, ժողովրդի աչքերը փակելու համար ոճրագործներից՝ անմիջական կատարողներից, մի քանիսին կտան մահապատիժ։ Այնուհետեւ, քանի որ ՀՀ-ում մահապատիժն ի կատար չի ածվում՝ նրանց կպահեն այնքան ժամանակ, մինչեւ մահապատիժը որպես պատժատեսակ վերացվի, որից հետո արդեն՝ նրանց ազատելը մնում է տեխնիկայի գործ»։ Փաստաբանն անհրաժեշտ էր համարում, որ փորձեն գործը հետ ուղարկել լրացուցիչ նախաքննության եւ նոր քննությամբ վերացվեն նախկինի թերությունները։ Ստեփան Դեմիրճյանին այս կոնֆերանսում շատ էին գրավոր առաջարկներ ուղարկել դատավարության ժամանակ երթեր կազմակերպելու եւ նման գործողությունների վերաբերյալ, որոնց արձագանքեց այսպես. «Հանգի՛ստ։ Հանգիստ, բայց վճռական»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել