Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտին» հասած տեղեկությամբ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի Փարիզ մեկնելու է մի ինքնաթիռով

Փետրվար 10,2001 00:00

Նախագահի շքախումբը դո՞ւրս է թողնում ուղեւորներին «Առավոտին» հասած տեղեկությամբ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի Փարիզ մեկնելու է մի ինքնաթիռով, որի տոմսերի զգալի մասն արդեն վաճառված է։ Եվ քանի որ նախագահը մեկնում է հսկայական պատվիրակությամբ (միայն կապելլան՝ 80 հոգի), ուղեւորներին պարտադրում են հետ վերադարձնել արդեն իսկ ձեռք բերած տոմսերը։ Վերջիններս դժգոհում են, որովհետեւ ստիպված կլինեն հետաձգել պայմանավորվածությունները ու խառնել սեփական գրաֆիկները։ «Առավոտի» թղթակիցը դիմեց նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանին՝ ինչ ինքնաթիռով է Ռ. Քոչարյանը Փարիզ մեկնում հարցով։ «Նկատի ունենալով պատվիրակության մեծ կազմը, հավանաբար, դա կլինի աերոբուս։ Դեռ պարզ չէ»,- եղավ խոսնակի պատասխանը։ Հավանաբար, դա իսկապես աերոբուս կլինի, որովհետեւ որոշ տեղյակ մարդկանց հավաստմամբ, «Հայկական ավիաուղիները» ուրիշ լավ ինքնաթիռ չունի։ Մանավանդ, եթե հիշենք, որ «ՏՈՒ»-երի աղմուկից եւ օդ աղտոտելուց եվրոպական օդանավակայանները վաղուց են բողոքում։ Պարզաբանման համար դիմեցինք «Հայկական ավիաուղիների» մամուլի ծառայություն, որի ղեկավար Թամար Սարգսյանը «Ի՞նչ ինքնաթիռով է մեկնելու նախագահը Փարիզ» հարցի պատասխանի համար «ուղարկեց» նախագահի նստավայր։ Իսկ փետրվարի 12-ի «Երեւան-Փարիզ-Երեւան» չվերթի տոմս ունեցող բոլոր ուղեւորները կթռչեն Փարիզ։ Թե այդ չվերթի քանի տոմս է վաճառվել, ՄԾ ղեկավարը համարեց կոմերցիոն գաղտնիք։ Մի քանի աղբյուրից մեր ունեցած ինֆորմացիան ճշտելու փորձերը հանգեցրին նոր հարցերի. հիմա նախագահը սովորական չվերթային ինքնաթիռո՞վ է մեկնում, իսկ տոմս ունեցող ուղեւորներին մի ուրիշ ինքնաթիռով նույն օրը Փարիզ կուղարկե՞ն, թե՞ նախագահը կնստի իր նախագահական ՏՈՒ-ն եւ տու-տո՜ւ՝ Փարիզ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել