Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա հունվարի «Օրենք եւ իրականություն» ամսագրում (սա իրավաբանական-լրագրողական հանդես է)՝ ի թիվս

Փետրվար 10,2001 00:00

ՄԻԱՅՆ ՏԵՔՍՏ Է. ՈՉ ՄԻ ԵՆԹԱՏԵՔՍՏ Այս տարվա հունվարի «Օրենք եւ իրականություն» ամսագրում (սա իրավաբանական-լրագրողական հանդես է)՝ ի թիվս այլ իրավաբանների, հոդված է տպագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Աղվան Հովսեփյանը։ Հոդվածը կրում է «Դատախազության կազմակերպման եւ գործունեության սկզբունքները» վերնագիրը։ Ոչ մասնագետների համար գուցե թե մասնագիտական այս հոդվածը հետաքրքրություն չի ներկայացնում, սակայն պրն Հովսեփյանի բերած «ՀՀ դատախազության մասին» օրենքի խախտումների մի քանի օրինակներ, ամեն դեպքում, հետաքրքիր են։ Որպես դատախազական մարմինների անկախության սկզբունքի կոպիտ խախտում, պրն Հովսեփյանը բերել է ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ Կ. Դեմիրճյանի, Վ. Սարգսյանի եւ մյուսների նկատմամբ տեռորիստական ակտի առթիվ նախաքննության մասին զեկույցները ԱԺ առանձին խմբակցություններին, Հայաստանի Հանրապետական կուսակցությանն ու ԵԿՄ վարչությանը. «ՀՀ դատախազության մասին» օրենքի պահանջների այդ կոպիտ խախտումները շարունակական բնույթ էին կրում եւ, ի վերջո, կանխվեցին ՀՀ նախագահի 25.04.2000 թ. թիվ ՆԿ-558 կարգադրությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «… քրեական գործով լսումները չեն մտնում ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ համար սահմանված իրավասությունների մեջ եւ կարող են դառնալ քաղաքական կուսակցությունների եւ առանձին պատգամավորների կողմից քննչական մարմինների վրա ճնշման յուրօրինակ միջոց», ուստի զգուշացվում է ՀՀ գլխավոր դատախազին եւ նրա ենթակա դատախազներին որեւէ քրեական գործով կազմակերպվող լսումներին մասնակցելու անթույլատրելիության մասին»։ Մյուս օրինակը դատախազական համակարգի անկուսակցականության սկզբունքի ՀՀ գլխավոր դատախազի 97 թ. օգոստոսի 18-ի ցուցումով դատախազության աշխատակիցներին կուսակցությունների եւ դրանց կից կառույցների աշխատանքներին մասնակցելու անթույլատրելիության մասին է։ Այստեղ խոսքը ոչ միայն Գ. Ջհանգիրյանի մասին է, այլեւ ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի։ Հոդվածում ասված է. «2000 թ. մարտի 3-ին ՀՀ գլխավոր դատախազը եւ ՀՀ զինվորական դատախազը, անտեսելով այդ պահանջները, ակնհայտորեն կրելով կուսակցական ազդեցություն, միացան ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ պահանջելով առանձին պաշտոնատար անձանց (այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի եւ ՀԱՀ գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանի- Լ. Ա.) հրաժարականը։ Գլխավոր դատախազի եւ զինվորական դատախազի այդ վարքագիծը նաեւ քրեադատավարական օրենքում ամրագրված՝ դատախազական հսկողության օբյեկտիվության սկզբունքի խախտում էր»։ Խոսելով «Դատախազության մասին» օրենքի բացերից առհասարակ՝ պրն Հովսեփյանը նշում է, թե օրենքում բացակայում են «այնպիսի կարեւոր սկզբունքներ, ինչպիսիք են՝ մարդասիրությունը, ժողովրդապետականությունը, մասնագիտական կարողությունների հիման վրա դատախազական կադրերի ընտրությունը, իրավահավասարությունը»։ Հոդվածագիրը պետության ուշադրությունն է հրավիրում՝ դատախազության կադրեր ընտրելիս, առաջնային ուշադրություն դարձնել այդ մարմիններում աշխատել ցանկացողների մասնագիտական հմտություններին եւ «ձեռնահասությանը»։ «Մինչդեռ, այդ մարմիններում այնպիսի մարդկանց ներգրավումը, որոնք չունեն իրավախախտումների դեմ պայքարի եւ իրավակարգի ամրապնդման հմտություններ, ինչպես ցույց է տալիս պետական շինարարության հայրենական փորձը, բացասական հետեւանքների է հանգեցնում»։ Դա առաջ էր, որ «իրենց գործառույթները որակով չկատարելով՝ այդ մարդիկ արագ հայտնվում էին դատախազության մարմիններից դուրս»։ Հոդվածի հեղինակ Աղվան Հովսեփյանին խնդրեցինք պատասխանել՝ պատահաբա՞ր է ընտրված հոդվածը գրելու ժամկետը (նկատի ունեինք, որ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին մոտ կանգնած պրն Հովսեփյանը կարող է մասնակցել գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի պաշտոնանկությանն ուղղված խարդավանքներին), հավակնո՞ւմ է պրն Հովսեփյանը վերադառնալ իր երբեմնի՝ գլխավոր դատախազի պաշտոնին, եւ ինչպե՞ս է, որ հոդվածում, փաստորեն, քննադատել է իր անմիջական ղեկավարին՝ շարունակելով նրա հետ համատեղ աշխատել։ «Ես ոչ մի պաշտոնի չեմ ձգտում,- պատասխանեց պրն Հովսեփյանը,- իսկ այդ հոդվածը անցյալ տարի լույս տեսած իմ «Դատախազական հսկողությունը Հայաստանում» գրքի մի պարագրաֆն է։ Հավատացնում եմ՝ այդ հոդվածում ոչ մի ենթատեքստ չկա»։ Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հոդվածը չէր կարդացել, հետեւաբար, ոչ մի ասելիք այս կապակցությամբ չուներ։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել