Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես

Փետրվար 10,2001 00:00

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ Այսպես ասում են ոչ պաշտոնական աղբյուրները, իսկ պաշտոնականները՝ լռում են Հավաստի, բայց ոչ պաշտոնական աղբյուրները տեղեկացրին, որ երեկ իր հրաժարականի դիմումը նախագահ Քոչարյանին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը։ Ի պատասխան «Առավոտի» այն հարցին, թե արդյո՞ք այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանն այն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր՝ պատճառաբանելով, թե հարցին չի կարող պատասխանել, տեղեկություն չունի։ Գլխավոր դատախազի հրաժարականի մասին անտեղյակ էին նաեւ կառավարությունում եւ դատախազությունում։ Կեսօրից հետո առանձին պատգամավորներ եւ Բ.Նազարյանին մոտ կանգնած այլ աղբյուրներ հաստատեցին այդ տեղեկությունները։ Ու մինչ պաշտոնական աղբյուրները կբարեհաճեն հաստատել կամ հերքել այս լուրերը, քաղաքական շրջանակները սկսել են վերլուծել հրաժարականի պատճառները։ Հավաստի տեղեկությունների համաձայն, Արկադի Վարդանյանի խափանման միջոցը փոխելու դատական նիստի նախօրեին, գլխավոր դատախազ Բ.Նազարյանն ու պաշտպանության նախարար Ս.Սարգսյանը հանդիպել են Ռ.Քոչարյանի հետ եւ փորձել են համոզել, որ Ա.Վարդանյանի խափանման միջոցը պետք է փոխել։ Ռ.Քոչարյանը, ըստ մեր աղբյուրների, առաջարկել է այդ անել դատարանի որոշմամբ։ Թե արդյունքում ինչ էր որոշել դատարանը՝ հայտնի է։ Ըստ որոշ ենթադրությունների, գլխավոր դատախազի հրաժարականի պատճառներից մեկը կարող է դա լինել: Դատախազը, հնարավոր է, որոշել է իր ուսերից հանել Ա.Վարդանյանի առողջության կտրուկ վատթարացման, դրա հնարավոր հետեւանքների եւ, ընդհանրապես, սկսված գործի պատասխանատվությունը։ Երկրորդ ամենամեծ հավանականություն ունեցող շարժառիթն այն է, որ Բ.Նազարյանը չի ուզում կապել իր ընկերոջ եւ համերկրացու՝ Արամ Սարգսյանի ձեռքերը, որը, ըստ երեւույթին, քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել։ Միաժամանակ, լավատեղյակ աղբյուրները նշում են, թե պրն Նազարյանը եւս կարող է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ Հրաժարականի երրորդ շարժառիթը, ըստ դիտորդների, «27-ի» առաջիկա դատավարությունն է։ Նախաքննության, ըստ էության, տապալումը հուշում է, որ առաջիկա դատավարությունն էլ կարող է նույն ճակատագրին արժանանալ եւ ընթանալ իշխանությունների գրած սցենարով։ Երեկ մինչեւ ուշ երեկո պաշտոնական հաղորդագրություն ո՛չ հրաժարականի դիմում ներկայացնելու եւ ո՛չ էլ դրա ճակատագրի մասին, այդպես էլ չեղավ։ Նախագահ Քոչարյանը, հավանաբար, մտածում է՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել հրաժարականը։ Այլ կլիներ, եթե նախագահն ինքը գլխավոր դատախազին առաջարկած լիներ հրաժարական տալ։ Ի դեպ, նման տեղեկություններ եւս կան, թեեւ երկու դեպքում էլ հրաժարականի բացատրությունն ու դրա շարժառիթները ներկայացնողը հենց պարոն Նազարյանն էր լինելու։ Քաղաքական շրջանակները, բնականաբար, քննարկում են նաեւ հաջորդ գլխավոր դատախազի թեկնածությունը։ Ըստ ոմանց, այդ պաշտոնում ռեալ կարող են հավակնել ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը, ինչի մասին արդեն վաղուց է խոսվում, ինչպես նաեւ՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը։ Ի դեպ, վերջինս, մեր աղբյուրների վկայությամբ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի փեսան է։ Դիտորդներն այս անգամ զարմանալիորեն բացառում են գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի հնարավոր վերադարձը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել