Լրահոս
Օրվա լրահոսը

Զգո՛ւյշ, աղանդավոր է…

Փետրվար 09,2001 00:00

Զգո՛ւյշ, աղանդավոր է… Հայոց դարձից հետո միշտ էլ աղանդավորականներ (հերձվածողներ-անջատվողներ) եղել են Հայաստանում։ Արյունոտ հաշվեհարդարներ ու դատաստաններ, ինքնաթողի վիճակներ էլ շատ են եղել, սակայն ազգային համակեցության համատեքստում հոգեւոր առումով ոչինչ չի փոխվել։ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն կանգուն է առ այսօր, ոչ միայն 1700 տարվա փառահեղ պատմություն ունի, այլեւ այսօր, քան երբեւէ, առավել նպաստավոր պայմաններ ունի իր գործունեությունը ծավալելու համար։ Հայ ճշմարիտ հավատավորը թե՛ հոգեւոր, թե՛ աշխարհի դաշտերում լիարժեք միավոր է։ Ապաքաղաքական, ապազգային բնորոշումներն անհարիր են մեր եկեղեցու թե՛ առաջնորդների, թե՛ սպասավորների եւ թե՛ հավատացյալների համար։ Հանրորեն ընդունելի են այսօրինակ քրիստոնյաները, այսօրինակ առաջնորդները, քանզի նրանք չեն թաքնվում, չեն ծպտվում, չեն մեկուսանում ո՛չ աշխարհից, ո՛չ պետությունից, ո՛չ էլ հասարակական կյանքից։ Այլ է մյուս հավատավորների վիճակը, մտահոգիչ է շուրջ երկու դար ապրող ռուս աղանդավորներից մոլոկանների առկա վիճակը։ Ցարական իշխանությունների կողմից 19-րդ դարի առաջին կեսին Կովկաս աքսորված այս աղանդավորները ցավալիորեն այսօր դուրս են հայտնվել թե՛ Ռուսաստանի եւ թե՛ նոր հայրենիքի քաղաքական, մշակութային, ծիսական կյանքից։ Մասնավորապես Հայաստանի Լերմոնտով եւ Ֆիալետովո գյուղի բնակիչները ասվածի վառ վկայությունն են։ Նրանց երեխաները հրաժարվում են լիարժեք կրթություն ստանալուց, քանի որ, հայրերի ու մայրերի կարծիքով, իրենց զավակներին տարրական կրթությունը լիուլի բավարար է կաղամբն ու գազարը մշակելու եւ վաճառելու համար։ Ահա աղանդավորական մեծ ու ըմբոստ մի շարժման վերջնական ու փաստացի ձեռքբերումը երրորդ հազարամյակի շեմին։ Ավա՜ղ, վերջիններիս այլեւս անզոր են փրկել թե՛ իրենց մեծ ու հզոր հայրենիքի եւ թե՛ փոքր հայրենիքի իշխանությունները, կրթության նախարարները, դեսպանները, բարեգործները։ Եթե հիշյալ գյուղերի միջնակարգ դպրոցների բարձր դասարաններում հատուկենտ աշակերտների հանդիպեք, չշտապեք հակառակ եզրակացությունն անել. դրանք այդ գյուղերում ապրող հատուկենտ հայ ընտանիքների երեխաներն են… Հայ աղանդավորական մեծ ու փոքր խմբերից շատերն էլ լավագույն դեպքում սույն ճակատագիրն են վաստակել։ Արդյունքում մենք կորցրել ենք ոչ միայն հազարավոր ընտանիքներ ու գերդաստաններ, այլեւ մեծ թվով գյուղեր ու համայնքներ, որոնց աղանդավոր բնակչությունը կամ արտագաղթել է, կամ ոչնչացվել (հրդեհվել, հողին են հավասարվել տասնյակ գյուղեր ու շեներ), կամ կրոնափոխվել է՝ ընդունելով մահմեդականություն։ Ինչո՞ւ մեր պետությունն ու եկեղեցին այսօր վճռական պայքար չեն մղում աղանդավորների հարաճուն զանգվածների դեմ. առաջին՝ անցյալի դասերը մշտարթուն կոչնակի պես նախազգուշացնում են կտրուկ քայլերից, երկրորդ՝ աղանդավորները տանելի, կրելի են ցանկացած քաղաքական համակարգի համար, քանի որ դյուրակիր են պետության հանրակառքի մեջ, չեն ընդդիմանում, ցույցեր ու երթեր չեն կազմակերպում, նախագահի ու վարչապետի հրաժարական չեն պահանջում, հեղաշրջման կոչեր չեն անում։ Երկրայինը նրանց չի մտահոգում գրեթե, եւ աղանդների բերքը որքան առատ լինի, այնքան լավ իշխանությունների համար (սա՝ աշխարհի մասշտաբով)։ ԱԼՎԱՐԴ ԷՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել