Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը պատռեց քրգործը

Փետրվար 09,2001 00:00

Ամբաստանյալը պատռեց քրգործը Երեկ փոքր-ինչ լարված ընթացավ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտին մոտեցող Համլետ Ասրյանի, Օնիկ Գալստյանի, Իշխան Խաչատրյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը, որն առնչվում է պաշտպանության նախարարության, նրա գումարների հափշտակության եւ Մավրիկ Ավետիսյանի հետ։ Մեղադրող Ժաննա Կոտիկյանն ի պատասխան նախորդ նիստում ամբաստանյալ Օ. Գալստյանի հարցման, պարզաբանում տվեց գործում առկա ապացույցներից մեկին։ Այն է. բյուջեի դրամարկղից պաշտպանության ֆոնդի օգտին Մավրիկ Ավետիսյանը (հանգուցյալ վարչության պետը) 516 մլն դրամ գումար էր անհիմն ձեւակերպել, դրանով իսկ քողարկելով հափշտակությունը։ Հրապարակվեց մի տեղեկանք եւս. Երքաղխորհրդի գործկոմին «Մարտին» ֆիրմայից բաց էր թողնվել բենզին եւ մնացել էր 62 հազար 90 լիտրը։ Ամբաստանյալ Հ. Ասրյանը հաստատեց, որ տեղեկանքը ճիշտ է, որ այնտեղ որեւէ կեղծ ինֆորմացիա գոյություն չունի, որ տեղեկանքն էլ պատրաստել է իր հաշվապահը՝ Ա. Միլիտոնյանը եւ ոչ թե Ն. Մարտիրոսյանը։ Երքաղխորհրդի «Տավրոս-66» ՍՊԸ-ի հաշվապահը նույնպես հաստատեց, որ տեղեկանքը տրվել է 1994թ. մարտի 11-ին, թեեւ նրա մեջ նշված է եղել մինչեւ մարտի 1-ը ստացված բենզինի քանակությունը։ Եվ, որ մնացել էր իսկապես 62 հազար 90 լիտր բենզին (որը չի գողացվել)։ Մեղադրողը տեղեկացրեց, որ կա նաեւ Ա. Միլիտոնյանի ձեռագիրը, վրան նշված թվեր, ըստ որի, բաց թողնված բենզինի եւ ձեւակերպվածի միջեւ եղել է տարբերություն։ Ամբաստանյալ Հ. Ասրյանը խնդրեց մեղադրողից՝ տրամադրել իրեն այդ ապացույցը՝ զննելու նպատակով։ Քրգործի 7-րդ հատորը տրվեց նրան։ Երբ նա ծանոթացավ Ա. Միլիտոնյանի ձեռագրով գրվածին, պատռեց եւ անձնական վիրավորանքներ հասցրեց մեղադրող Ժ. Կոտիկյանին։ «Ես եմ պատռել,- ասում էր Հ. Ասրյանը,- քանի որ ինձ հնարավորություն չի ընձեռնված ծանոթանալ գործի նյութերին։ Նման տեղեկանք Ա. Միլիտոնյանը չէր կարող կազմել, ես նման կարգադրություն չեմ արել»։ Նա միջնորդում էր, որ Ա. Միլիտոնյանը գա դատարան։ Այնուհանդերձ, գործում առկա այդ փաստաթուղթը Հ. Ասրյանը գնահատեց այսպես. «Կատարվել է զինդատախազության քննիչի՝ Ա. Եղոյանի ստիպմամբ եւ պահանջով, իր նենգ ամփոփումները հիմնավորելու համար»։ Մեղադրող Ժ. Կոտիկյանը հանդես եկավ միջնորդությամբ. «քրգործի զննության տրված փաստաթուղթը պատռելու, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար Համլետ Ասրյանին հեռացնել մինչեւ դատաքննության ավարտը եւ հետագա նիստերը շարունակել առանց նրա»։ Ի դեպ, 8 ամբաստանյալ (մեկը ձեռնպահ մնաց, ասելով՝ «օրենքով սահմանված կարգով լուծեք») դեմ էր միջնորդության բավարարմանը։ Դատավոր Տիգրան Պետրոսյանը բավարարեց միջնորդությունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել