ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՐԻՆ Երեկ ժամը 17։00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը պիտի կայացներ Արկադի Վարդանյանի խափանման միջոցը փոխելու կամ նախնական կալանքը եւս մեկ ամսով երկարացնելու մասին որոշում։ Դեպի դատարան սկսեց ձգվել Ա. Վարդանյանի առողջությամբ եւ ճակատագրով հետաքրքրվող մարդկանց շարքը։ Նրանց մեջ նկատելի էին ԱԺ մի քանի պատգամավորներ, հատկապես՝ ՀԺԿ-ականներ։ Նիստը դռնփակ էր եւ հավաքված մարդկանցից 60-70-ը մնացին դատարանի բակում։ Ա. Վարդանյանի կուսակիցների («21-րդ դար միջազգային ասոցիացիա») եւ համակիրների հետ զրույցներից պարզեցինք, որ երեկ կեսօրին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Արյան բարձր ճնշման պատճառով դժվարացել է շնչառությունը։ ԱԺ պատգամավոր Ա. Բարսեղյանը նշեց. «Այս ամենը, ինչ որ կատարվում է, անօրինականություն է, որեւիցե մի իրավական մոտեցում խնդրին չկա»։ Նա հայտնեց մեզ, որ մտադիր են պատգամավորներով «այցելել» ՀՀ գլխավոր դատախազին՝ ճշտելու նրա դիրքորոշումը։ Նույնիսկ նկատեց, եթե դատախազը ճիշտ մոտեցում չցուցաբերի, «լուրջ հետեւանքներ կլինեն կապված ե՛ւ հանրապետության իրավիճակի, ե՛ւ Ա. Վարդանյանի առողջականի հետ»։ Մինչեւ դատական նիստի ավարտը դատարանի մուտքի մոտ իրենց դիրքերը չզիջեցին քաղաքացիական համազգեստ հագած ենթադրյալ ԱԱՆ աշխատակիցները։ Մթնել էր, երբ փաստաբանը դուրս գալով՝ հավաքվածներիս հաղորդեց, որ Վարդանյանի կալանքը երկարացվել է եւս մեկ ամսով։ Սեփ. լր.