Հոլիվուդից ոսկե մեդալ բերեց Առաջին անգամ 2000 թվականի վերջին Հայաստանը աշխարհի կատարողական արվեստի առաջնությանը ներկայանալու հրավեր ստացավ։ Հոլիվուդ էին ժամանել ավելի քան 150 գործակալներ, սկաուտներ, դիրեկտորներ, պրոդյուսերներ եւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա աշխարհի կատարողական արվեստների միակ մրցույթի կազմկոմիտեի նախագահ պարոն Գրիֆ Օ8217Նիլի հրավերում կարդում ենք՝ «Թանկագին Արտակ Բաղդասարյան, շնորհավորում ենք, քանի որ Հայաստանը 2000թ. աշխարհի կատարողական արվեստի առաջնությանը ներկայացնելը իսկապես մեծ պատիվ է։ Բարի գալուստ այն վայր, որը հաճախ կոչվում է կատարողական արվեստի եւ զվարճալիքների օլիմպիադա։ Այստեղ, ինչպես եւ օլիմպիական խաղերում, երկրները ուղարկում են մեզ իրենց լավագույն ներկայացուցիչներին։ Միակ գլխավոր մրցանակը «Ոսկե» մեդալն է։ Մենք ուզում ենք տեսնել Ձեզ Հոլիվուդում եւ մաղթում հաջողություն։ Անկեղծ Ձեր Griff o8217Neil, պրեզիդենտ»: Ա. Բաղդասարյանը աշխարհի առաջնությունում շահեց միակ ոսկե մեդալը։ Նա զարմանալի կենսագրություն ունի։ Աշխատել է Հայաստանի ազգային պաշտպանության սեյսմիկ ծառայությունում որպես փրկարար-շնավարժ։ Իր ջոկատով մասնակցել աղետի գոտու, մասնավորապես Սպիտակի փրկարարական աշխատանքներին։ Հայաստանում առաջին պատանին էր, որ մեկնեց պարտադիր զինվորական ծառայության իր շան՝ Ֆրենկի հետ։ Այսօր Արտակի ծնողները հիշում են. «Դեմ էինք, որ մեր տղան շուն պահի։ Բնակվում ենք շենքում եւ այնքան էլ հարմար չէր բնակարանում շուն պահել, ի դեպ, «պահել» բառը չէր ընդունում Արտակը, մշտապես օգտագործում էր «խնամել» բառը։ Ցանկանում էինք, որ նա հիմնավոր մասնագիտական կրթություն ստանա։ Ձեռքից ցած չէր դնում Կարմիր գիրքը եւ հաճախ էր ասում՝ «Յուրաքանչյուր երկիր, որի տարածքում ապրում է Կարմիր գրքում գրանցված այս կամ այն կենդանու տեսակը, մարդկության առջեւ բարոյական պատասխանատվություն պետք է առաջանա նրա պահպանության համար, իսկ մեզ մոտ կենդանիներից մոտ 300-ը համարվում են անհետացող կամ հազվադեպ հանդիպող։ Արտակի շունը հետախույզ էր եւ մասնակցել է մի քանի հանցագործությունների բացահայտմանը։ Ճիշտն ասած՝ այժմ ցավում ենք, որ սատկել է»։ Այժմ Արտակ Բաղդասարյանը ուսանում է «Հայֆիլմին» կից կինոդերասանի ստուդիայում։ 1998-99թթ. Հայաստանում անցկացված ֆոտո թոփ-մոդել մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Այնուհետեւ սկսվել է համագործակցությունը BEST ֆոտո ստուդիայի հետ, իսկ որպես թոփ-մոդել, նրա ճանաչման համար, ծնողներն ասում են՝ «Շնորհակալ ենք մշակույթի նախարարից։ Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին եւ իհարկե՝ Ինտերնետ կապին, վերջինիս շնորհիվ էր, որ մեր տղան հրավեր ստացավ ԱՄՆ-ից»։ Ինչպե՞ս որոշել մարդու գեղեցկությունը։ Այնքան էլ հասարակ բան չէ հակիրճ ու սպառիչ պատասխան տալ չափազանց պարզ թվացող այս հարցին։ Կամ ինչին տալ նախապատվությունը՝ մարմնակա՞ն, թե՞ հոգեկան գեղեցկությանը։ Տեղին է հիշել մեր իմաստուն մտքերից՝ «Գեղեցիկ մարմնում՝ գեղեցիկ հոգի»։ Ֆոտո եւ թոփ-մոդել… Մեզ մոտ արվեստի այս երիտասարդ, ավելի ճիշտ, նոր ճյուղը, կարող ենք ասել՝ կայացած է, այն էլ՝ աշխարհի կատարողական արվեստի առաջնությունում՝ հանձին այս հաջողության։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ