ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵԼԸ՝ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈ՞Ց Շուտով լույս է տեսնելու շուրջ յոթ ամիս առաջ դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված եւ փակված «Ռեսպուբլիկա Արմենիա» պետական թերթը։ Բարի երթ եւ անխափան աշխատանք ցանկանալով այդ թերթի տաղանդաշատ կոլեկտիվին, ներկայացնում ենք «Տիգրան Մեծ» հրատարակչության տեսակետը՝ շեշտելով, որ վերջինիս բողոքը ոչ թե բուն թերթի, այլ նրա անպատասխանատու նախկին հիմնադիրների դեմ է։ Բանն այն է, որ թերթը պարտք է մնացել հրատարակչությանը եւ հիմա վերահրատարակվում է որպես «այլ թերթ»՝ նույն անունով։ «Տիգրան Մեծում» կարծում են, որ թերթը փակել են շահադիտական ինչ-ինչ նկատառումներից ելնելով. ցանկացել են պարտքատերերի հետ վարվել ժամանակակից ձեւով (քցել), հանդարտեցնել բորբոքված կրքերը եւ կրկին շարունակել սցենարը՝ մի փոքր այլ ձեւով։ Ըստ մեր զրուցակիցների, բոլորովին էլ պատահական չէ իրադարձությունների նման զարգացումը, որի գերագույն նպատակը խաղից դուրս պրծնելն էր՝ որոշ կազմակերպությունների պարտքերը չվերադարձնելու համար։ Այսօր փորձում են համոզել, թե վերածնվող նույնանուն թերթը, որը ամենայն հավանականությամբ կգործի նույն շենքում, կունենա նույն խմբագիրը, գուցեեւ նույն աշխատակազմը, բայցեւայնպես չի լինի նախորդի իրավահաջորդը եւ ամենեւին ոչ մի կապ չի ունենա նրա հետ։ Ուրեմն, ի՞նչ է մնում անել այն կազմակերպություններին, որոնք թեեւ սնանկացման եզրին չեն, բայց նման շարունակական վերաբերմունքը կարող է եւ դրան հասցնել։ Մի կողմից, թերեւս, կարելի է հասկանալ «Ռեսպուբլիկա Արմենիայի» հիմնադիրների քայլը. թերթը վճարունակ չէ եւ սնանկ է ճանաչվել։ Որոշ տեղեկությունների համաձայն, «Ռեսպուբլիկա Արմենիան» «Նոյ» տպարանին պարտք է 7 մլն դրամ (որի մասին մամուլով արդեն հայտարարվել է), «Տիգրան Մեծին»՝ 5 մլն 918 հազար 800 դրամ։ Միայն այս երկուսի պարտքը բավական խոշոր գումար է, եւ դա անտեսել, ասել է թե՝ «սառույցի վրա գրել», այնքան էլ ազնիվ ու պատվաբեր չէ։ Ճիշտ է, գուցեեւ «Տիգրան Մեծ» տպարանը այդ պարտքի պատճառով չհասնի ծայրահեղ վիճակի՝ սնանկացման, բայց, ինչպես հրատարակչության տնօրինությունն է հավաստում՝ ստանալով իրենց հասանելիք գումարը, հնարավորություն կունենան ավելի շատ նյութական արժեքներ ձեռք բերել, ինչը կապահովի արտադրության անխափան ընթացքը։ Երբեմն ասվում է, որ թերթի տպագրական ծախսերի գումարն ամեն ամիս վճարվել է։ Ըստ «Տիգրան Մեծ» հրատարակչության ֆինանսների հարցերով փոխտնօրեն Լյուդվիգ Հարոյանի, դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ «Ռեսպուբլիկա Արմենիայի» հիմնադիրները ամսական գումարը ոչ թե ամբողջությամբ են վճարել, այլ՝ մասամբ, ինչից էլ գոյացել է այդ պարտքը։ Չնայած թերթի հիմնադիրների ցուցաբերած անպատասխանատվությանը, «Տիգրան Մեծը» պարտաճանաչորեն վճարել է թերթի համար հատկացվող պետական հարկերը։ Տպարանի պահանջը կառավարությունից հետեւյալն է՝ նպաստել հրատարակչության պարտքը փակելու գործում, ընթացք տալ գործին եւ աչք չփակել իրենց շուրջ կատարվող անարդարությունների առաջ։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ