Նրանք սեփականաշնորհել են քրեական օրենսգիրքը Արդարադատությունը ճզմող եռյակը՝ դատախազություն, դատարան, ՆԳՆ, իրավաբանորեն առանձին եւ յուրաքանչյուրն իր խնդիրներն իրականացնող կառույց է, սակայն իրականում դրանք նույնն են (Հասան քաչալ կամ քաչալ Հասան) եւ ունեն մեկ չգրված նպատակ՝ ցանկացած մարդու կարող են բռնել, մեղադրել, դատապարտել։ Միամտություն է սպասել, թե դատարանը կարող է թեկուզ ցցուն եւ լկտի անօրինականությամբ կազմված գործն ուղարկել լրացուցիչ քննության կամ կայացնել արդարացնող վճիռ, որն արդեն առասպելների ոլորտից է։ Նրանք «սեփականաշնորհել» են ե՛ւ «ՀՀ քր. դատավարության օրենսգիրքը», ե՛ւ 40-ամյա զառամյալ «ՀՀ քրեական օրենսգիրքը»։ Այս առումով բավականին շատ է խոսվել դատարանների կողմից հանցագործությունների վերաորակավորման իրավունքը չունենալու եւ նման դեպքերով վճիռներ արձակելու անօրինական լինելու մասին, այլ կերպ ասած՝ դատարաններն առ այսօր թույլ են տալիս իշխանազանցություն կամ պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում, որով կատարում են ազատազրկման ձեւով պատժվող քրեորեն հետապնդելի արարք (ՀՀ քրօրի հ.183)։ Դատախազության, դատարանի, ՆԳ համակարգի կողմից օրինական լիազորությունների անցումով կատարված յուրաքանչյուր գործողություն դառնում է մարդկանց, ընտանիքների ողբերգություն։ Պաշտոնաթերթերից մեկում 1999թ. փետրվարի 2-ին տպագրվեց դատապարտյալ Արամ Պետրոսյանի նամակը երկրի նախագահ Ռ. Քոչարյանին։ Նամակից պարզ երեւում է, որ նրա նկատմամբ թույլ է տրվել ակնհայտ անօրինականություն, սանձարձակ ձեւով խախտվել է քննչական ենթակայության սկզբունքը։ ՆԳՆ տխրահռչակ 6-րդ վարչությունը, երբեւէ նման իրավունք չունենալով, գործ է հարուցել նախարարության աշխատակից Ա. Պետրոսյանի դեմ, ձերբակալել եւ նույնիսկ դատի տվել։ Ակնհայտ անօրինական ձեւով առաջադրված մեղադրանքը պաշտպանվել է դատարանում։ Նման դեպքում դատարանի մասին խոսելն ավելորդ է, քանի որ առայսօր մեր դատավորները 6-րդ վարչության (եւ ոչ միայն) պատվերներ կատարողներն են։ Եթե նշված վարչությունը պետական դավաճանության մեղադրանք առաջարկի, ասենք, Ավ. Իսահակյանի արձանի ձեռնափայտին, հավատացեք, որ դատարանը վճիռ կարձակի։ Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ ե՛ւ նախկին, ե՛ւ այսօրվա քրեական դատավարության օրենսգիրքը միանշանակ սահմանում է՝ պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների, ՆԳ եւ ԱԱ մարմինների աշխատակիցների վերաբերյալ նախաքննությունը կատարում են դատախազության քննիչները։ Մեզ մոտ օրենքի գերիշխանության եւ նրա առջեւ բոլորի հավասարության լավագույն ապացույցն էր Արման Դանգոյանցի գործը, որին այն ժամանակվա կարեւորագույն գործերով քննիչ Ա. Հովսեփյանը ձերբակալել էր սպանության մեղադրանքով, այն դեպքում, երբ հայտնի չէր անձը, որի համար մեղադրանք էր առաջադրվել, սպանվա՞ծ է, թե՞ ոչ։ Թվում էր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը պատասխանատվության պետք է ենթարկվեր՝ առանց անհերքելի ապացույցների անձին ավելի քան 4 տարի քննչական մեկուսարանում պահելու համար, բայց այդպես չեղավ։ Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է վերջնականապես գիտակցի, որ այսօրվա դատաիրավական համակարգի ծնողն ու սնողը նախագահն է եւ միամտություն է մտածել 37-ականների հոգեբանությամբ՝ հայր Ստալինը չգիտի՞ թե ինչ է կատարվում, եթե իմանա՜… ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ