ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱ՞Ն Է ՄՂՈՒՄ Այս հարցի մասին կարծիքներ լսելու նպատակով «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» երեկ քննարկում-բանավեճ էր հրավիրել՝ դատական իշխանության ներկայացուցիչների ու լրագրողների մասնակցությամբ։ Ընկերակցության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանը հանդիպման սկզբում թեմայի քննարկման անհրաժեշտությունը հիմնավորեց նրանով, որ լրագրողներն իրենց աշխատանքի ընթացքում անընդհատ առնչվելու են քրեական նոր օրենսգրքին։ Մինչդեռ, մասնագետների կարծիքով, ընդունվելիք այդ օրենսգրքում կան շատ կետեր, որոնք կոռուպցիայի հնարավորություն են տալիս։ Հրավիրյալ մասնագետները մասամբ համաձայն էին այս գնահատականին, թեեւ ավելի շատ խոսեցին քրեական նոր օրենսգրքի թերությունների մասին եւ շեղվեցին բանավեճի հիմնական թեմայից։ Իսկ ՆԳ նախարարի խորհրդական Միքայել Գրիգորյանը վստահ էր, որ «խնդիրը ոչ թե քրեական օրենսգրքի անկատարությունն է, այլ պաշտոնատար այն անձինք, ովքեր կարող են չարաշահել օրենքը»։ Հավանաբար նրա հետ համամիտ էր ՀՀ վճռաբեկ դատարանի Քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը, որը, հիշելով Էդիկ Բաղդասարյանի ֆիլմերից մեկում բերված վիճակագրությունը, թե դատավորներին մարդկանց 4%-ն է միայն վստահում, առաջարկում էր իրենց ազատել օրենքով նախատեսված որոշ իրավունքներից։ Մասնավորապես նվազագույն պատիժ հատկացնելու իրավունքից՝ այն վերապահելով օրենսդիրին։ Պրն Խաչատրյանը գտնում է, որ օրենսգիրքը պիտի հնարավորինս սահմանափակի դատավորի սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը, որ չլինի այնպես, որ մի հանցանքի համար մի դատավորը տուգանք սահմանի, մյուսը՝ ազատազրկում։ Մ. Խաչատրյանը նաեւ առաջարկում էր, որ քրեական նոր օրենսգրքով նախատեսվող պատժատեսակներից հանվի գույքի բռնագրավումը, քանի որ բռնագրավման դատավճիռն իրականում ի կատար չի ածվում։ Նման դեպք մինչեւ օրս դեռ չի գրանցվել եւ այս առաջարկը հրավիրյալ մյուս մասնագետների պաշտպանությանն էլ արժանացավ։ Մասամբ նման ճակատագրի արժանացավ նաեւ պրն Խաչատրյանի մյուս առաջարկը, ըստ որի՝ զինվորական եւ այլ կոչումներից զրկելու պատիժը եւս պետք է օրենսգրքից հանել։ Այս կարծիքին համամիտ էր նաեւ վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Ավետիսյանը։ Հավատալով, որ պատիժների առատությունը չի նպաստում արդարադատության իրականացմանը՝ պրն Ավետիսյանն էլ իր հերթին առաջարկում էր հանել «ազատության սահմանափակում» պատժատեսակը, որը ենթադրում է գաղութ-բնակավայրում ապրելը։ Մինչդեռ մեր «պետությունը իր տնտեսական հնարավորություններով չի կարողանում որեւէ պայման ստեղծել գաղութ-բնակավայրի ձեւով նշանակված պատիժը կիրառելու համար»։ Արդյունքում՝ դատապարտյալներն իրենց տանն են մնում՝ ստորագրություն տալով քաղաքից չբացակայելու մասին՝ որոշակի օրերին ներկայանալով ՆԳ բաժիններ։ Առաջարկներն ու կարծիքներն այսքանով չսահմանափակվեցին, թեեւ բանախոսների համար այնքան էլ պարզ չէր, թե քրեական նոր օրենսգրքի նախագծի որ տարբերակն են քննարկում։ Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենց հանձնարարել են տասնօրյա ժամկետում կարծիք ներկայացնել այդ նոր նախագծի մասին։ Այն ունի 395 հոդված եւ, պրն Ավետիսյանի գնահատմամբ՝ «10 օրում միայն 5-6 հոդված կարելի է պատշաճ ձեւով ուսումնասիրել»։ Այսինքն, սա ձեւական բնույթ է կրում։ Իսկ Մ. Գրիգորյանն ու ԱԺ իրավաբանական վարչության քրեական եւ վարչական օրենսդրության փորձագիտության բաժնի պետ Ս. Ծաղիկյանը հավանաբար մտահոգված չէին նախագծի հանդեպ նման ձեւական մոտեցումով, քանի որ ակնհայտորեն բացասաբար էին տրամադրված վերջինիս նկատմամբ։ Մ. Գրիգորյանը, որը մյուս տարբերակի վրա աշխատած խմբի ղեկավարն է, նույնիսկ անթաքույց թշնամությամբ խայթեց, որ Վիկտոր Դալլաքյանի ղեկավարությամբ ներկայացված այդ տարբերակի հեղինակները իրականում ոչ թե պատգամավորներն են, այլ այն մասնագետները, որոնց հետ ժամանակին իրենք աշխատել են։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ