Լրահոս
Օրվա լրահոսը

1985թ. սկսվել է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Որոտան-Արփա թունելի շինարարությու

Փետրվար 09,2001 00:00

ՀՀ նախագահը աշխատատեղեր է փակում 1985թ. սկսվել է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Որոտան-Արփա թունելի շինարարությունը։ 22 կմ երկարություն ունեցող այդ ջրատարը պետք է ավելացնի այսօր արդեն ճահճացող Սեւանա լիճ թափվող ջրի ծավալը՝ տարեկան 165 մլն խմ-ով, Արփա-Սեւան թունելի հետ միասին հասցնելով այն 415 մլն խմ-ի։ Մինչ օրս հորատվել է 550մ ընդհանուր բարձրությամբ ուղղահայաց չորս հորան, 21,5 կմ երկարությամբ հորիզոնական թունել (մնացել է 5800), կատարվել է պատերի եւ հատակի բետոնապատում՝ 35 կմ (մնացել է 8 կմ), կատարվել է ինեկցիոն աշխատանքներ՝ 10 կմ։ Այսինքն կատարվել է աշխատանքների ամբողջ ծավալի 85-90%-ը։ Հիմա հանրապետության նախագահի կարգադրությամբ որոշվել է դադարեցնել աշխատանքները (բացի առաջին հանքախորշից)։ Մնացած աշխատանքները կատարելու համար հայտարարվել է միջազգային մրցույթ։ Անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված նման որոշումը։ Մրցույթ սովորաբար հայտարարվում է նոր սկսվող կառույցի համար եւ ոչ թե արդեն ավարտին մոտեցողի։ Եթե դա արվում է խնայողության նկատառումներով, ապա կառույցի նախահաշիվը կազմել է «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտը եւ ենթադրվող տնտեսումը ձեռք կբերվի որակի հաշվին։ Եթե նպատակը կատարվող աշխատանքների որակի բարձրացումն է, ապա դա նույնպես հիմնավորված չէ, քանի որ դրանք կատարում են հանրապետությունում ճանաչման արժանացած այնպիսի կոլեկտիվներ, ինչպիսիք են «Հիդրոմասնագետշին» եւ «Արփա-Սեւան» ձեռնարկությունների կոլեկտիվները, շինարարներ, որոնք կառուցել են Արփա-Սեւան թունելը եւ ունեն նման աշխատանքների հսկայական փորձ եւ համապատասխան սարքավորումներ։ Եթե պատճառաբանում են շինարարության ձգձգումը, նշեմ, որ կատարվել են պետբյուջեով նախատեսված աշխատանքներ (իսկ բյուջեն, ինչպես հայտնի է, շատ աղքատիկ է)։ Մրցույթի հաղթողը նույնպես սնվելու է այդ աղբյուրից, այնպես որ, ակնկալիքներ լինել չեն կարող։ Այժմ աշխատանքները դադարեցված են մինչեւ մրցույթի ավարտը, որը կտեւի մի քանի ամիս, չհաշված հաղթող կազմակերպության կողմից համապատասխան սարքավորումների ձեռք բերումը։ Այսպիսով, 400 աշխատողներ առայժմ զրկված են աշխատատեղերից։ Դեռ ավելին։ Քանի որ մրցույթը միջազգային է, ապա հնարավոր է, որ այն շահի որեւէ արտերկրի կազմակերպություն, ասենք, իրանական (որը, ըստ նախնական տվյալների, ցանկություն է հայտնել մասնակցել մրցույթին) եւ աշխատանքները կատարի իր անձնակազմի ուժերով։ Այդ դեպքում Երեւանի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի շրջանների մոտ 400 քաղաքացիներ ընդմիշտ կզրկվեն իրենց աշխատատեղերից։ Պետք է լուծվի պատվիրատուի՝ ՀՀ գյուղնախարարության հարցը, որը չունենալով համապատասխան որակավորմամբ հիդրոշինարար մասնագետներ, չի կարող այդ հարցերը բավարար մակարդակով լուծել։ Նախարարության համար այն հանդիսանում է «չաղլիկ օբյեկտ», որից հրաժարվելը, իհարկե, ցանկալի չէ։ Որպես Որոտան-Արփա թունելի պատվիրատու, պետք է հանդես գա քաղաքաշինության նախարարությունը, որը կարող է պատշաճ մակարդակով իրականացնել նման օբյեկտի տեխնիկական հսկողությունը եւ շինարարության մակարդակը։ Հարցը չպետք է քաղաքականացնել։ Սակայն, ըստ իս, այն ունի քաղաքական ենթատեքստ։ Դա պլանավորված ակցիա է, որը նպատակ ունի թունելի աշխատանքների ավարտը նախագահական ընտրությունների փուլին մոտեցնելու եւ որպես հաղթաթուղթ նախագահ Քոչարյանի կողմից օգտագործվելու։ Եթե հանրապետության նախագահին եւ կառավարությանը, իրոք, հետաքրքրում է Որոտան-Արփա թունելի ճակատագիրը, ապա նրանք դա պետք է դարձնեն իրենց ամենօրյա հոգածության առարկա, ինչը խոստացվել է, չխանգարեն թունելագործներին եւ թողնեն, որ նրանք ավարտին հասցնեն իրենց սկսած կառույցը։ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ, ճարտարագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել