ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է, ԳԵՐԱԶԱՆՑ Միայն թե ավելի չլավանա Հայ ժողովուրդն այնքան գո՛հ է, այնքա՛ն գոհ է ՀՀ էներգետիկ հանձնաժողովի գործունեությունից։ Հատկապես իր գոհունակությունը հայ ժողովուրդը բավական բուռն արտահայտեց, երբ վերջինս էլեկտրաէներգիայի սակագինը՝ 1 կվտ/ժամը, սահմանեց 25 դրամ։ Հիմա այդ հանձնաժողովը «պետք է դառնա բնական մենաշնորհների հանձնաժողով։ Բոլոր սակագները, այդ թվում՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր, ջեռուցում, հեռահաղորդակցություն, երկաթգիծ (որն այսօր մոնոպոլիա է), պետք է սահմանի մեկ հանձնաժողով»։ Մեջբերումը երեկվա ՀՀ կառավարության նիստի ընդմիջմանը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի՝ լրագրողների հարցերին տրված պատասխաններից է։ Քանի որ այդ հանձնաժողովն արդեն իսկ գոյություն ունի, «չարժե բազմաթիվ հանձնաժողովներ ստեղծել»։ Ընդ որում, պրն Խաչատրյանը լավատես է (կամ կարծում է, թե մենք ենք միամիտ). սա կլինի «անկախ, որը կպաշտպանի եւ սպառողի, եւ արտադրողի շահերը, որտեղ ավելի օբյեկտիվ որոշումներ կլինեն՝ ելնելով բուն պրոբլեմներից, ոչ թե այս կամ այն ճնշումներից»։ Պրն Խաչատրյանը խնդրեց ներել անհամեստության համար եւ համեստորեն թվարկեց իր գրած երեք օրենքները, որոնք մնացել էին առանց քննարկման (դրանց թվում է նաեւ «Բնական մենաշնորհի մասին» օրենքը)։ Լրագրողներին հուզող հարցերից էր Աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրը (ԱԿՌԾ)։ «Այն ընթացքի մեջ է, վերջնական քննարկում երեւի մյուս շաբաթ կլինի… Կամփոփենք, կներկայացնենք, կաշխատենք…»։ Իսկ մինչ այդ, երեկ կառավարությունը հաստատեց Աղքատության մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի ձեւավորման եւ ներդրման աջակցության՝ 75 հազար եւ Երաշտի աղետի դեմ պայքարի աջակցության՝ 30 հազար դոլար գրանտները։ Վարդան Խաչատրյանը ավելորդ չհամարեց ասել, որ ինքը նույնպես երաշտը աղետ է համարում։ Չի բացառվում, որ կառավարությունը խիզախություն ունենա արդեն իսկ իր «ունեցած որոշ վարկերը վերաձեւակերպել եւ այս գարնանը օգնել գյուղացուն՝ հերկելու, ցանելու, սերմ գնելու առումով»։ ԱԿՌԾ-ով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնց ձեւավորման սկզբունքը կառավարությունն է որոշելու։ Իսկ ընդհանրապես այս ծրագրին «բոլորը, ովքեր ցանկություն են ունեցել, մասնակցում են։ Կարեւորը դա չի, կարեւորը խնդրի լուծումն է»։ Տարիներ ի վեր ՀՀ կառավարությունը չի սահմանում նվազագույն եւ պարենային սպառողական զամբյուղների արժեքների որոշման կարգը։ Տարիներով զանազան ծրագրերում օգտագործվում են դրանց միայն փորձագիտական թվերը։ Այս անգամ էլ, ԱԿՌԾ-ով, ինչքան պրն Խաչատրյանը գիտի, հիմք են վերցվում սպառողականը՝ 17 հազար դրամ, 14 հազար՝ պարենայինը՝ դարձյալ անկախ փորձագիտական թվեր։ «Առավոտի» դիտարկումը, թե վաղուց նպաստ չեն տալիս, ֆինանսների նախարարի համբերության բաժակը երեւի լցրեց. «Ո՞վ ա ասում, ա՛խ, ո՞վ ա ասում»։ Պարզվեց՝ մենք սուտ ենք ասում, որովհետեւ մեր ինֆորմացիան պրն Խաչատրյանը լա՜վ գիտի։ Հետո վրդովվեց, թե նպաստառուներն ինչու իրեն չեն ասում, որ չեն ստացել. «Էդ հենց գալիս՝ ձեզ են ասում»։ Մեր փաստարկը, թե՝ իրեն ասելուց-նպաստ չստանալուց հետո են գալիս մեզ ասում, նախարարին կասկածելի թվաց, որովհետեւ «երեկ հարցուպատասխանին (ԱԺ-ի- Ա. Գ.) մի հատ հարց չեղավ դրա մասին, որովհետեւ բոլորը գիտեն, որ ստանում են»։ Պրն Խաչատրյանը գործազրկության նպաստի մասին պատգամավոր Արամայիս Ալոյանի հարցը ԱԺ-ում երեւի բաց է թողել, քանի որ հարցին պատասխանեց սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը։ Իսկ նպաստները, թոշակները, աշխատավարձը՝ հունվար ամսինը, ստացել են բոլորը, բոլորը, բոլորը։ Հիշեցնենք, որ որոշ համայնքներում (մասնավորապես՝ Արթիկում) ընտանեկան նպաստ չէին ստացել անցյալ տարվա սեպտեմբերից, եւ եթե այդ ամիսները բաց չեն թողել, միանգամից թռել հունվար, ուրեմն սուտ ենք ասում մենք։ Հակառակ դեպքում՝ այն նպաստառուներն ու թոշակառուները, որոնք ֆիննախի արգելափակոցները հաղթահարելու անհաջող փորձից հետո գալիս են ու «հենց էլ մեզ են ասում»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ