Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԵՆ ԵՂԵԼ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԷԼ, ԲԱՅՑ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆԻ

Փետրվար 09,2001 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԵՆ ԵՂԵԼ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԷԼ, ԲԱՅՑ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ Վազգեն Մանուկյանն իրեն մեղավոր զգո՞ւմ է այն բանում, ինչ կատարվեց ԱԺՄ-ի ներսում։ Ինքը՝ որպես կուսակցության ղեկավար, պարբերաբար շարունակվող եւ չվերջացող համագումարների արանքում բավականին ժամանակ ուներ կուսակցության ներսում փոխզիջումային քայլերի գնալու եւ հասունացող տարաձայնությունները հարթեցնելու համար։ Ինչո՞ւ չարեց։ Վազգեն Մանուկյանը, իհարկե, իրեն մեղավոր է զգում։ Բայց ինքը եղել է եւ շարունակելու է լինել «հաշտարարի, ինտեգրացնողի դերում»։ Պարոն Մանուկյանը հիշեցրեց, որ 88 թվականի շարժումը. «կողքից համարվում էր հակակոմունիստական շարժում, ես բացարձակապես ոչ մի նախադասություն կոմունիստների դեմ չեմ ասել, միշտ բանակցությունների մեջ եմ եղել, փորձել եմ միավորել մեր ուժերը Ղարաբաղի հարցը լուծելու համար»։ Պրն Մանուկյանը համարում է, որ դա քաղաքականության ոճ է եւ միայն այդ ոճով Հայաստանը կարող է ինչ-որ մի բանի հասնել։ Բայց ինչո՞ւ այդ «ոճը» սեփական կուսակցության մեջ հաջողություն չունեցավ։ ԱԺՄ ղեկավարը դեռ հույսը չի կորցրել, որ միացումը տեղի կունենա։ Նա հայտարարեց, որ ամեն ինչ անելու է Շավարշ Քոչարյանին եւ մյուսներին ԱԺՄ-ի մեջ պահելու համար, հակառակ դեպքում, ըստ Վ. Մանուկյանի՝ «կկորցնենք մի ազգային արժեք»։ Պարոն Մանուկյանը հույս ունի, որ մինչեւ ԱԺՄ հերթական համագումարը (հնարավոր է՝ մի քանի ամիս հետո) կուսակցությունը կրկին միաբանված կլինի։ Իսկ ո՞ւր մնաց թիվ մեկ հարցը՝ ԱԺՄ-ն իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն։ Հարցի պատասխանն ավելի քան վիճելի է։ Պարոն Մանուկյանի ասելով՝ իրենք գաղափարախոսներ են եւ երբեք հարցն այդպես չի դրվել՝ իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն. «Մեզ համար դրանք գաղափարներ են, եւ մենք գաղափարախոսներ էինք։ Արանքում մենք հասցրել ենք ե՛ւ իշխանություն լինել, ե՛ւ ընդդիմություն»։ Արանքում հասցրել են նաեւ պառակտվել։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել