Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում շաբաթվա դարմանը կրկին քամուն տրվեց։

Փետրվար 09,2001 00:00

Նոր հեծանիվ ոչ ոք չուզեց ստեղծել Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում շաբաթվա դարմանը կրկին քամուն տրվեց։ ԱԺՄ-ն իր ապահարզաններից խոսեց եւ ասաց, թե ջանք չի խնայի կրկին միանալու, «Միասնությունը» տխուր-տրտում խոստովանեց, որ «իր որոշման տերը պետք է լինի (խոսքը ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի չարաբաստիկ ընտրության մասին է- Մ. Ե.), քանի որ երեւի դրանից է կախված լինելու խորհրդարանի հետագա աշխատանքները»։ Իսկ Արտաշես Գեղամյանն ասաց, որ ՀՀԿ-ն այլեւս շանս չունի, իսկ «ներկայիս ԱԺ-ն իր մեծամասնությամբ սպառել է իրեն եւ պետք է լուծարվի»։ Ինչի հետ, հասկանալի է, «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանը չէր կարող համաձայն լինել։ Նա էլ իր հերթին ասաց. «Շատ պատշաճ է, որ յուրաքանչյուր կուսակցություն իր շանսերի մասին խոսի»։ Եթե, ըստ Արտաշես Գեղամյանի, այն, ինչ կատարվում է ՀՀԿ-ում զուտ պաշտոնակռիվ է, ապա, ըստ «Հայաստան» պատգամավորական խմբի. «Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որոնց նպատակն է ինչ-որ նախարարություն ձեռք բերելը, մենք ընդամենը դրանք զիջել ենք»։ ՀՀԿ-ից դուրս եկած Ղուկաս Ուլիխանյանը, Արա Կետիկյանը եւ դեռեւս դուրս չեկած Մյասնիկ Մալխասյանը գտնում են, որ ՀՀԿ-ն որպես իշխող կուսակցություն կադրային հարցեր չի լուծում։ Գալուստ Սահակյանի պնդմամբ՝ «ՀՀԿ խորհուրդը պիտի մասնակցի կադրային քաղաքականության մշակմանը, մնացածը ընկնում է նախագահի եւ վարչապետի վրա»։ Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ի ներսում կատարվածին ոչ մի քաղաքական հիմնավորում չի գտնում եւ կրկնելով նախորդ օրը Անդրանիկ Մարգարյանի ասածները, պնդում է, թե տարակարծություններ մինչ այդ չեն եղել, իսկ «Հայաստան» պատգամավորական խումբը գտնում է, որ. «Տարակարծություններ եղել են կուսակցության խորհրդի նիստերի ընթացքում եւ դրանք մեկ օրում չառաջացան»։ Որպես ապացույց, Մյասնիկ Մալխասյանը հիշեցրեց ԵԿՄ համագումարում Ալբերտ Բազեյանի ելույթը, հիշեցրեց նաեւ, թե ինչպես էր Անդրանիկ Մարգարյանը «նեղացել» (բառը մերն է- Մ. Ե.), երբ որոշ կուսակիցներ դեմ էին եղել իր՝ ԱԺ նախագահ դառնալուն, պնդելով սկզբունքային այն որոշումը, թե պետք է հարգել ստատուս-քվոն։ Հիշվեց նաեւ, թե ինչպես «Միասնությունը» գլուխը կախ հարմարվեց, երբ պաշտոնանկ արվեց վարչապետ Արամ Սարգսյանը։ Ակնհայտորեն նույնկերպ չի արձագանքի, երբ պաշտոնանկ կարվի Անդրանիկ Մարգարյանը։ «Հայաստան» պատգամավորական խմբի կարծիքով, այն, ինչ կատարվում է ՀՀԿ-ի ներսում, տեղի է ունենում բոլորի մեջ եւ պատճառը երկրում տիրող մթնոլորտն է։ Թեպետ, դեռեւս մայիսին, բաժանվելով «Միասնությունից» եւ առանձին խումբ ստեղծելով, Մյասնիկ Մալխասյանը եւ մյուսները արտահայտել են իրենց դիրքորոշումը։ Բայցեւայնպես, պարոն Մալխասյանը առայժմ, կարծես, չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից։ Ինչո՞ւ։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ Մ. Մալխասյանն ասաց. «Կուսակցությունից դուրս գալու խնդիրը մյուսների համար հեշտ է։ Բայց ես տարածքային կառույցի ղեկավար եմ եւ բազմաթիվ անդամներ ինձ հետեւելով, իմ խոսքին հավատալով են անդամագրվել։ Եվ այդպես հեշտ չի միանգամից դուրս գալ, առանց նրանց հետ խորհրդակցելու։ Պետք է չշտապենք, թող դաշտը տեսանելի լինի»։ Ըստ խմբի, երկրում այսօր վստահության պակաս կա. «Եթե չբացահայտվի «Հոկտեմբերի 27»-ը, անվստահության մթնոլորտը կխորանա։ ԵԿՄ նախագահն է գնդակահարվել, մենք պետք է տեր կանգնենք դատավարությանը, դատավարության ընթացքը շատ բան է հստակեցնելու եւ դատավարությունից է կախված, թե մեր ժողովուրդը ի՞նչ ապագա է ունենալու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել