ԶԻՆՎՈՐՆ ԻՆՉՈ՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ Գրիգոր Կարապետյանը հաշմանդամ դարձավ ՊՆ զորամասերից մեկում սպա Արթուր Զախարբեկյանի հրազենից արձակած գնդակից։ Վերջինս էլ անցյալ տարվա փետրվարի 2-ին դատապարտվեց ՀՀ քրօրենսգրքի 259 հոդվածի ա կետով՝ խափանման միջոցը փոխվեց… Քրեական գործի դատաքննության ժամանակ, ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ էինք նշել («Զինվորին հաշմանդամ դարձնելն արժե… 1500 դոլա՞ր», 19 դեկտեմբերի 2000թ.), չլուծվեց Գ. Կարապետյանին հասցված նաեւ նյութական վնասի փոխհատուցման հարցը, ինչը վերապահվեց այլ դատարանի, քաղաքացիական հայցի իրավունքի «տեղը» ցուցանելով։ Այդպես էլ վարվեցին Կարապետյանները. նրանց տղան ենթարկվել էր 3 վիրահատության, սակայն հիմնականում գամված է անկողնուն եւ, եթե քայլում էլ է, ապա հենակի օգնությամբ։ Գ. Կարապետյանի ներկայացուցիչը պահանջում էր դատարանում պաշտպանության նախարարությունից եւ Ա. Զախարբեկյանից բռնագանձել սննդի, դեղորայքի, տրանսպորտի համար կատարված ծախսերը՝ 3 մլն դրամի չափով, իրեն անաշխատունակ դարձնելու համար աշխատավարձի գումարը (մոտ 850 հազ. դրամ) եւ 40 հազար ԱՄՆ դոլար՝ բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար։ Վերաքննիչ դատարանը, չերկարացնենք, զինվորին հաշմանդամ դարձնելը գնահատեց 1500 դոլարին համարժեք դրամ։ Գործը հանգրվանեց վճռաբեկ դատարանում։ Վերջիններս օրեր առաջ գտան, որ վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է կողմի նյութական եւ դատավարական իրավունքը, ինչը նախորդ վճիռը բեկանելու հիմք դարձավ։ Գործը ուղարկվեց վերաքննիչ։ Դեպքից (տեղի է ունեցել 1999թ. ապրիլի 2-ին) անցել է ոչ քիչ ժամանակ, սակայն ինչո՞վ է մեղավոր Գրիգորը, որ իր ծառայական պարտականությունները կատարելիս հաշմանդամ է դարձել եւ դրա դիմաց չի ստացել ոչ մի հատուցում։ Ռ. Մ.