Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՐԿՈՒՍԸ՝ ԾԱԿ, ՄԵԿՆ ԷԼ՝ ԻՍԿԻ ՏԱԿ ՉՈՒՆԻ»

Փետրվար 08,2001 00:00

«ԵՐԿՈՒՍԸ՝ ԾԱԿ, ՄԵԿՆ ԷԼ՝ ԻՍԿԻ ՏԱԿ ՉՈՒՆԻ» «Առավոտ» զանգահարած քաղաքացուհին խիստ վրդովված հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը հերիք չէ նախարար է, հիմա էլ Առողջապահության ազգային ինստիտուտում հասարակական առողջապահության ամբիոն է բացել, ինքն էլ իրեն նշանակել ամբիոնի վարիչ։ Տիկինը նաեւ վիրավորված էր այն փաստից, որ իրենց՝ բուժաշխատողներին, ամիսներով աշխատավարձ չեն տալիս, իսկ նախարարը իր ծննդավայր Արարատում հինգ հարկանի տուն է կառուցում։ Դիմեցինք պրն Մկրտչյանին՝ նույն վրդովված լուտանքը նրան փոխանցելով։ Արարատ Մկրտչյանը մի կուշտ ծիծաղելուց հետո ասաց, որ կուզենար ունենալ հինգ հարկանի տուն կառուցելու հնարավորությունը, քանի որ ապրում է երկսենյականոց բնակարանում։ Հետո մեկ էլ «բարկացավ». «Բայց ինչո՞ւ Արարատում, է՛»։ «Մի՞թե պրն Մկրտչյանը ուրանում է իր հարազատ ծննդավայրը»,- կարծեցինք մենք։ «Մի հով տեղ կկառուցեի, Արարատը՝ շոգ-շոգ։ Համ էլ այնտեղ արդեն տուն ունեմ՝ հայրականը»,- եղավ «ուրացողի» պատասխանը։ Իսկ ԱԱԻ-ում ամբիոն բացել, վարիչ նշանակել պրն Մկրտչյանն իրավասու չէ։ «Բժշկական համալսարանում համապատասխան ամբիոն կա, որ նախարարի պաշտոնից դուրս եկա, գնալու եմ այնտեղ՝ դասավանդելու»։ ԱԱԻ-ում հասարակական առողջապահության ամբիոնի գոյության փաստն իսպառ հերքեց ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանը։ «Չի էլ նախատեսվում»,- վերջնականապես հիասթափեցրեց վերջինս։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել