Լրահոս
Օրվա լրահոսը

Երախտագիտության մոլուցքով

Փետրվար 08,2001 00:00

Երախտագիտության մոլուցքով Պարարվեստի միությունը եւ պարարվեստի դպրոցի սաները պարուսույցների հետ երեկ հավաքվել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ եւ ճիչերով ազդարարում էին իրենց երախտագիտությունը ֆրանսիական իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ «Ֆրան-սիա՛, Ֆրան-սիա՛»,- գոռում էին փոքրիկները։ Ճաղերի հետեւում կանգնած՝ նրանց էր հետեւում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրան։ Ինչ խոսք, նա դուրս չեկավ սեղմելու փոքրիկների ձեռքերը կամ կոնֆետներ չբաժանեց։ Բայց դա էական չէ։ Երեխաներն իրենց պարուսույցներից մեկի կոչով՝ «Դրե՛ք ծաղիկները» մեխակների փնջեր դրեցին դեսպանատան ճաղավանդակների մոտ։ Տեսարանը տխուր ասոցիացիաներ առաջացրեց՝ հիշեցնելով, որ բոլորս էլ ի վերջո, մահկանցուներ ենք։ «Երեխանե՛ր, ի՞նչ առիթով եք այստեղ»,- հետաքրքրվեց «Առավոտը»։ «Ցեղասպանության»,- պատասխանեցին մի երկուսը։ «Իսկ ի՞նչ է ցեղասպանությունը»։ «Այն, որ ազգերը կոտորում են ազգերին»։ Ոչխարներ եւ ընտանի այլ չորքոտանիներ չմորթվեցին, ինչպես դա եղավ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում։ Վերջում Միշել Լեգրան խոստացավ, որ բոլոր մեխակները իրենք կտանեն Ծիծեռնակաբերդ։ Երեխաներն ամեն դեպքում ուրախ էին. մի քանի ժամ դաս չէին արել։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել