Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Քոչարյան, մտնում ես խորհրդարան, դիմում ես կուսակցությունների լիդերներին մեկ առ մեկ՝ հարցնում՝

Փետրվար 08,2001 00:00

«Ո՞ր բայղուշն է կռռացե մեր վրա, հը՞» «Պարոն Քոչարյան, մտնում ես խորհրդարան, դիմում ես կուսակցությունների լիդերներին մեկ առ մեկ՝ հարցնում՝ ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից։ Պահանջում ես փաստերով եւ թվերով ծրագրեր։ Երկրորդ օրը դիմում ես մնացած բոլոր կուսակցություններին, որոնք ԱԺ-ում պատգամավորներ չունեն։ Նորից՝ մեկ առ մեկ պահանջում ճգնաժամից դուրս գալու ծրագրեր։ Հաստատ համոզված եմ, որ ինչպես ԱԺ-ում, այնպես էլ մնացած կուսակցությունները ոչ մի ծրագիր չեն կարող ներկայացնել»։ Ահա, այսպես է սկսում իր նամակը ՀՀ նախագահին Հենրիկ Զաքարյանը։ Ըստ նամակագրի՝ ինքը 5 մլրդ դոլար կարող է մտցնել պետբյուջե։ Թեեւ պրն Զաքարյանը կոնկրետ ճանապարհ իր նամակում չի նշում, սակայն՝ «Նախագահ Քոչարյան, ինչպես տեսնում եք չեղած տեղը 400-500 հազար զինվոր եմ ստեղծում, հավաքագրում, բարձրացնում եմ բանակի հզորությունը։ Այդ ժամանակ ժողովուրդը քեզ կկոչի ուսյալ, լուսավորյալ Քոչարյան»։ «Գարեգի՛ն Բ,- կաթողիկոսին է դիմում նամակագիրը,- որպեսզի Տիրոջ հուշանշանը մուսուլման Յասեր Արաֆաթը չգցի ճանաչված անձանց վիզը, ինչպես կատարվեց Ելցինի, Շեւարդնաձեի, Քոչարյանի եւ ուրիշների Ավետյաց երկիր գնալու ժամանակ, նորակառույց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին անվանենք Տիրոջ՝ Հիսուսի անունով եւ փողոցը կոչենք Բեթղեհեմ։ Դու կուղղես աշխարհի ամենամեծ սխալը»։ Իր երկարաշունչ նամակը Հենրիկ Զաքարյանն ավարտում է «Թո՛ւ անցած 10 տարիների վրա՝ ազգակերներ, աթեիստներ, հայուհիներին մուսուլմանական երկրներ ուղարկողներ, հավաքարարներ (՞)։ Հալա գլխարկ էլ դնում եք։ Ի՜նչ բայղուշ է կռռացե հայ ժողովրդի բախտին, դեգեներատներ, տզրուկներ, ռեգենատորներ (՞)»։ Իր այս նամակը տպագրելու դեպքում պրն Զաքարյանը խոստացավ մեզ չթողնել 15 հարկանի այս շենքում, քանի որ «երկրաշարժի ժամանակ կմնաք փլատակի տակ»։ Նամակագիր Գեւորգ Յազըճյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին։ Վերջերս ԱԺ խոսնակն իր, ԱԺ-ի եւ ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն էր փոխանցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ։ Եվ դա արել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրայի միջոցով։ «Ազգությամբ հայ եմ, սակայն Լիբանանի Հանրապետության քաղաքացի։ (…) Պրն Խաչատրյան, Դուք լիազորված եք խոսելու ՀՀ ԱԺ պատգամավորների անունից։ Դուք եւ անձամբ միայն դուք 100 %-ով իրավունք ունեք խոսելու ձեր սեփական անձի անունից։ Սակայն ո՞ւմ եք նկատի ունեցել՝ ասելով «ողջ հայ ժողովուրդ». ՀՀ քաղաքացիների՞ն։ Բայց մի՞թե չգիտեք, որ «ողջ հայ ժողովուրդ» եւ «ՀՀ քաղաքացիներ» հասկացությունները տարբեր բովանդակություն ունեն։ ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն են ազգությամբ հայ, առավել եւս՝ ոչ բոլոր հայերն են ՀՀ քաղաքացի։ Սակայն հարց եմ տալիս՝ ե՞րբ եմ ձեզ լիազորել խոսել իմ անունից»։ Գուցե թե պրն Յազըճյանն այսքան «չմանրանար», եթե նույն ԱԺ նախագահը մատը մատին խփեր՝ մի բան անելու եւ Ֆրանսիայի Սեն Մորի բանտում արդեն մոտ 18 տարի նստած Վարուժան Կարապետյանին ազատելու նպատակով. «Վ. Կարապետյանը ֆրանսիական օրենսդրության նորմերի իսկ կոպիտ խախտումով բանտում է հենց նույն Ցեղասպանության փաստն աշխարհին ճանաչել տալու մեղադրանքով»։ Նամակագիրը «եղբայրաբար» խորհուրդ է տալիս պրն Խաչատրյանին՝ այսուհետեւ չխոսել ողջ հայ ժողովրդի, մասնավորապես իր անունից։ Հակառակ դեպքում, եթե ԱԺ խոսնակը չդիմանա ողջ հայ ժողովրդի անունից խոսելու գայթակղությանը, պրն Յազըճյանը պահանջում է անպայմանորեն դիմել իրեն՝ իր կարծիքը հարցնելու, «այլապես պահանջում եմ անպայմանորեն նշել իմ անունը՝ անձս բացառելով նման արտահայտությունների պատասխանատվությունից»։ Եթե Արմեն Խաչատրյանը ցանկություն ունենա ճշտել նամակների ինքնությունը՝ պարոն Յազըճյանի խորհրդով՝ կարող է դիմել իր տեղակալ Տիգրան Թորոսյանին։ Մելիք Խաչյանն իր նամակում նույնպես անդրադարձել է Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն՝ այլ տեսանկյունից։ «Իմ կարծիքով, թուրքերին չի կարելի ներել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ծնկաչոք ներողություն չեն խնդրել հայ ժողովրդից եւ չեն հատուցել իրենց հասցրած նյութական, ֆիզիկական եւ հոգեկան բոլոր վնասների համար։ Անցյալ տարի, 2000 թ. հոկտեմբերի 3-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, ուր քննարկվեց եւ ընդունվեց 15 թվականի Ցեղասպանությունը, կոնգրեսմեններից մեկն իր ելույթում մեղադրեց ՀՀ կառավարությանն ու ԱԺ-ին, ասելով՝ ինչո՞ւ են իրենք քննարկում Հայոց ցեղասպանության հարցը, եթե Հայաստանը չի դիմել ԱՄՆ-ին»։ «Առավոտի» ստացած սոցիալական բովանդակության նամակներին կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում։ «Առավոտի» նամակների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել