Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետությունում ստեղծված վիճակը եւ ժողովրդի՝ տարբեր երեւույթների նկատմամբ անտարբեր դառնալը ներկա

Փետրվար 08,2001 00:00

ՈՎ՝ ՈՎ Է Հանրապետությունում ստեղծված վիճակը եւ ժողովրդի՝ տարբեր երեւույթների նկատմամբ անտարբեր դառնալը ներկա քաղաքական եւ մշակութային (քաղաքականացված) գործիչները բացատրում են նախկին իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Ներկան չտեսնելու, իրենց սխալները չնկատելու բնավորությունը հատուկ է արդի հայ քաղաքական ու մշակութային (պաշտոնյա) գործիչներին։ ՀՅԴ խմբակցության անդամ, գրող Ալվարդ Պետրոսյանը թերթերից մեկում այդ անտարբերությունը կոչում է «ապատիա» բառով՝ «Ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ապատիկ վիճակում է»։ Վերջին շրջանում Ա. Պետրոսյանի անունը բազմիցս շոշափվում է մի դրվագով, թե նա շուտով (հեսա-հեսա) կնշանակվի ՀՀ մշակույթի նախարար։ Այս լուրերին հաջորդենք Ա. Պետրոսյանի հարցազրույցը, որում ինքն էլ խոստովանում է, որ լսել է իր՝ մշակույթի նախարար դառնալու խոսակցությունները եւ. «Ես ընդհանրապես կարող եմ հավակնել նախարար լինելուն, եթե մանավանդ, տեսնում եմ, թե ովքեր են հավակնում ընդհանրապես նախարար լինելուն։ Իմ կրթական ցենզն ինձ թույլ է տալիս մտածելու, իսկ ինչո՞ւ ոչ»։ Մեր կողմից նշենք, որ մշակույթի նախարարի պաշտոնին ձգտում են եւս մեկ-երկու դաշնակցական քաղաքական գործիչներ։ Քանի որ ՀՀ մշակույթի ներկա նախարար Ռ. Շառոյանը եւս դաշնակցական է՝ թեեւ կասեցված անդամությամբ (ինչպես հայտնի է՝ նախկին դաշնակցական չի լինում), վերոնշյալ գործիչների՝ պաշտոնին հասնելու հավակնոտությունը կարելի է բացատրել ՀՅԴ ներսում կատարվող խմորումներով։ Տխուրը, սակայն, դաշնակցական (եւ այլ) գործիչների այդ հավակնոտությունը չէ եւ ոչ էլ պաշտոնատենչությունը։ Այլ այն, որ ժողովրդին «ապատիայից» մտադիր են դուրս բերել մտավորականության հեղինակությունը բարձրացնելով։ Ա. Պետրոսյանի կարծիքով՝ մտավորականությանը հեղինակազրկելը պետականորեն իրագործվող ծրագիր էր. «Մտավորականությանը, մանավանդ մշակույթը ներկայացնող մտավորականությանը վարկաբեկելու այդ քաղաքականությունը հատուկ պետականորեն իրագործվող ծրագիր էր, եւ արդյունքում ունենք ապատիայի մեջ թաղված ժողովուրդ, որը չի տեսնում իսկապես կատարվող ինչ-որ դրական տեղաշարժեր։ Պատճառն այն է, որ հոգեւոր արժեքային չափանիշներն է կորցրել։ Չեն հավատում իրենց հոգեւոր առաջնորդներին»։ Ինչո՞ւ պետք է հավատան, երբ մշակույթի գործիչները շահարկում եւ շահարկել են իրենց նկատմամբ եղած վստահությունը։ Երբ այդ մշակույթի գործիչները տեղի-անտեղի բառեր են շաղ տալիս՝ գեղեցիկ խոսքեր ասում ու իրենց խնդիրները լուծում։ Ժողովրդի արվեստասեր հատվածը թերեւս ավելի ճիշտ է ճանաչում մշակույթի գործիչներին եւ օգտվում նրանցից՝ նրանց ստեղծագործությամբ։ Գիտակցում են, որ քիչ մշակույթի գործիչներ կան, որոնց խոսքն ու արվեստը նույնն են եւ միայն այդ դեպքում կարող է արվեստագետը (կամ մշակույթի գործիչը) սկզբունքային լինել։ Մարդկանց հիշողությունը երբեմն կարճ չի լինում. հիշում են՝ երբ եւ որ մշակութային գործիչը քաղաքական վայրիվերումների ընթացքում ինչպես է կերպարանափոխվել։ Ի վերջո, այդ ժողովրդից շատերն են գիտակցում, որ արվեստագետի (մշակույթի գործչի) անձնագիրն իր արվեստն է (աշխատանքը)։ Մարդիկ հոգնել են նույն դեմքերից, տարբեր շարադասությամբ ու ճոխ բառերով նույն տեքստերից։ Առավել եւս, երբ մամուլի շնորհիվ նրանց ներկայացվեց ոչ միայն մշակույթի գործիչների միակողմանի մեկնաբանությամբ (ծափահարություններ, պաթետիկ խոսքեր, ժապավենի կտրում, եւն) գործունեությունը, այլեւ նրանց հաշվեհարդարները, մանր վեճերը, հարաբերությունները, դեմագոգիկ խոսքերը, «խոհանոցը» եւ այլն։ Այդպիսի ճղճիմ հարաբերություններն էլ են մշակույթի գործիչների առօրյայի ու ստեղծագործական ընթացքի մասը կազմում։ Եվ մարդկանց ինքնապաշտպանական բնազդն է ստիպում այդպես վերաբերվել մշակույթի շատ գործիչների։ Եվ կգա մի օր, երբ կգնահատվի արվեստը, հոգեւոր արժեքները եւ ինքը՝ արվեստագետը։ Ի վերջո, պետք է խոստովանել, որ իրական արվեստագետների մեծ մասին այսօր ամբիոններում, ասպարեզում կամ շատ քիչ կարելի է տեսնել, կամ ընդհանրապես չտեսնել։ Նրանք արվեստով են զբաղվում եւ ազգայնախառը-լացակումած խոսքեր չեն թափում։ Ցավոք, նրանք շատ չեն ու էկրաններից, թերթերից, ամբիոններից երեւացողներից հատուկենտերն են։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել