Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի

Փետրվար 08,2001 00:00

«ԲՌՆՎԱԾ ՉԷ, ԳՈՂ ՉԷ» Հայտնի ֆրանսիական ֆիլմը Բրյուսովի անվան ինստիտուտի տարբերակում կլինի՝ «Կաշառք չկա, կաշառակեր էլ չկա» Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի դասախոս, 2000- 2001թթ. բուհերի ընդունելության քննությունների գերմաներենի հանձնաժողովի նախագահ Սարգիս Շահմուրադյանի դեմ հարուցված քրեական գործը (որն այժմ մտել է դատական փուլ) եւ, ընդհանրապես, ողջ նախապատմությունը հասարակությանը ներկայացնելու ցանկությամբ երեկ ասուլիս էր հրավիրել Սարգիս Շահմուրադյանի փաստաբան Ռուզան Տեր-Վարդանյանը։ Հիշեցնենք, որ Սարգիս Շահմուրադյանը մեղադրվում է կաշառակերության մեջ, թեեւ նրա հետ քիչ թե շատ շփում ունեցած բազմաթիվ մարդիկ անվերապահորեն հավատում են նրա ազնվությանը։ Գործը, որ հարուցվել է Սարգիս Շահմուրադյանի դեմ, ստացել է հասարակական լայն հնչեղություն, քանի որ ընդունելության քննությունների ընթացքում կատարվող մեծամասշտաբ ապօրինություններին բնակչության գերակշռող մասը ուղղակի կամ անուղղակի ձեւով առնչվել է։ Եվ, բնական է, որ այդ հասարակությունը «ուխա՜յ»-ներով կընդունի ցանկացած կաշառակեր «շնաձկան» որսը։ Բայց, ճակատագրի հեգնանքով, «քավության նոխազի» ու «շնաձկան» անհամատեղելի դերերն այս անգամ բաժին ընկան ազնվաբարո եւ համեստ մի երիտասարդի, որի ամենամեծ մեղքն, ինչպես նշեց դատապաշտպանը՝ «այն էր, որ նա կաշառք չէր վերցնում»։ Տիկին Տեր-Վարդանյանը վստահ էր, որ Սարգիսի դեմ «գործ տվողների» հեռահար նպատակը Սուրեն Զոլյանն էր՝ օտար լեզուների ինստիտուտի ռեկտորը։ Փաստաբանի վստահությունը, սակայն, որեւէ լուրջ փաստերով չէր ապացուցվում։ Եվ ընդհանրապես, թեեւ փաստաբանը ծայրաստիճան մանրամասներով ներկայացրեց նախապատմությունը եւ գործը, սակայն շատ հարցերում ակնհայտորեն հենվում էր զուտ սեփական կարծիքի եւ տպավորությունների վրա։ Եվ եթե այդ մեթոդն ընդունելի է լրագրողների ու հասարակության հետ շփման դեպքում, ապա դատարանում տիկին Տեր-Վարդանյանի «իմ կարծիքով», «թեեւ դա իմ կարծիքն է, բայց ես դրանում շատ վստահ եմ» տիպի նախաբանները կամ պնդումները ոչ մի քննության չեն դիմանա։ Ըստ տիկին Տեր-Վարդանյանի, այս ողջ գործը սարքվել է եւ անմեղ տղային մեկուսարան են նետել ու հիմա էլ դատում են միմիայն այն պատճառով, որ մեկ ուրիշը՝ Կարինե Աթոյանը (գերմաներենի ամբիոնի վարիչ, 35 տարվա աշխատանքային ստաժով), նեղսրտելով, որ ոչ թե իրեն, այլ Սարգիսին են նշանակել հանձնաժողովի նախագահ, որոշել է վրեժխնդիր լինել ե՛ւ երիտասարդ դասախոսից, որն, ի դեպ, իր ուսանողն է եղել, ե՛ւ Սուրեն Զոլյանից։ Ինչ խոսք, նորմալ, բանական մարդու համար անտրամաբանական թվացող այս պնդումը գուցե թե անհիմն չէ, սակայն ակնհայտորեն խախտվում է անմեղության կանխավարկածը։ Այն էլ՝ փաստաբանի կողմից։ Թեեւ ավելի մանրամասնորեն ունկնդրելով Սարգիսի եւ նրա փաստաբանի նախաքննական ոդիսականը ու չդադարելով զարմանալ մեր քննչական մարմինների աշխատաոճից, հանգում ես տխուր եզրակացության՝ «չեղած տեղը անմեղ մարդու գլխին գործ են սարքել, էլ ինչ անմեղության կանխավարկած, ինչ բան»։ Ընդ որում, տիկին փաստաբանը քանիցս նշել է, որ այս 6-7 ամիսների ընթացքում, ինչ ստանձնել է Սարգիսի պաշտպանությունը, 100-ից ավելի տարբեր ատյաններին եւ հիմնարկներին կատարել է 142 հարցում, իսկ քննիչն ընդամենը մեկ հարցում է կատարել։ Այդ հարցումների արդյունքում տիկին փաստաբանը միանշանակորեն գալիս է այն տրամաբանական եզրահանգմանը, որ այն գումարը, որն իբր դիմորդ Տիգրան Սուքիասյանի հայրը հանձնել է Սարգիս Շահմուրադյանին (10 հազար դոլար), չէր կարող գոյություն ունենալ, քանի որ որեւէ ձեւով չի ապացուցվում, որ Հրաչ Սուքիասյանն ուներ այդքան փող, որ կաշառեր Սարգիսին։ Ամենազավեշտականն այն է, որ այդ առասպելական 10 հազար դոլարը այդպես էլ ոչ մի տեղ չհայտնաբերվեց։ Ստացվում է, որ մարդուն դատում են չստացած փողի համար։ Եվ, որ ավելի տխուր է, փաստորեն, ոչ մեկս ապահովագրված չենք նման ձեւով քրեական պատասխանատվության կանչվելուց։ Այսինքն, յուրաքանչյուր մեկը, ում խանգարում է կամ ուղղակի դուր չի գալիս դիմացինը, կարող է ոստիկաններին հայտարարել, թե այսինչին այնինչ օրը այսքան հազար դոլար կաշառք եմ տվել։ Եվ առանց այդ գումարի առկայության, առանց որեւէ լուրջ ապացույցի, հանիրավի ամբաստանվածին կարող են քրեական պատասխանատվության կանչել։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել