Լրահոս
Օրվա լրահոսը

2001

Փետրվար 08,2001 00:00

Տուրիստ են, կգան էլ, կգնան էլ 2001 թվականը զբոսաշրջության առումով մեր երկրի համար բեկումնային հայտարարած ՀՀ կառավարությունը դեռեւս չի քննարկել «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Երեկ մամուլի ասուլիս հրավիրած ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արա Պետրոսյանը գոհ էր այս համակարգի զարգացման համար անցած տարվա ձեռքբերումներից։ Գոհ կմնա՞ն արդյոք այս տարի պետական կանխատեսումներով Հայաստան այցելող 100 հազար զբոսաշրջիկները՝ կպարզվի արդեն այս տարվա ավարտին։ Այսօր հանրապետությունում (անկախ որակական ցուցանիշներից) կա 31 հազար ննջատեղ, որից, ըստ պրն Պետրոսյանի, միայն 10%-ն է մոտ միջազգային չափանիշներին։ Սպասվող զբոսաշրջության մեծ հոսքը հաշվի առնելով, պետությունն այսօր հյուրանոցային տեղերի պակաս ունի։ Ներկայումս ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը 23 հայտ է ներկայացվել 1200 ննջատեղի համար։ «Ես չեմ ասում, թե էդ բոլոր հայտերը կդառնան իրականություն, բայց ես համոզված եմ, որ անգամ 10-20%-ը դառնա իրականություն, մրցակցային դաշտը կհավասարեցնի»,- նշեց Ա. Պետրոսյանը։ Փոխնախարարի վկայությամբ, մեր պետությունը ներկայումս տուրիստական ծառայությունների որակը բարձրացնելու եւ որոշակիորեն գները մեղմելու խնդիր ունի։ Ինչ վերաբերում է լիցենզավորման կարգին՝ այն, պրն Պետրոսյանի հավաստմամբ, ամրագրված է «Զբոսաշրջության մասին» օրինագծում, որը, ինչպես նշեցինք, դեռեւս չի քննարկվել անգամ կառավարությունում։ Մեկ տարի առաջ նույն կառավարությունը զբոսաշրջությունը գերակա ճյուղ հայտարարելուց հետո առանձնապես էական տեղաշարժեր չի արձանագրել։ Համենայնդեպս, զբոսաշրջության հարցերով փոխնախարարը որեւէ կոնկրետ ձեռքբերում չնշեց (եթե, իհարկե, չհաշվենք «Էքսպո-2000»-ը, որի հաջողության մասին պարտադիր բոլոր պաշտոնյաները նշում են)։ Բայց ամեն ինչ այդքան վատ չէ. պարզվում է նախարար Կարեն Ճշմարիտյանը, հյուրանոցատերերի եւ տուրիստական օպերատորների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ, կոչ է արել չբարձրացնել գները։ Ի դեպ, փոխնախարար Պետրոսյանի գնահատմամբ՝ 5-6 օր Հայաստանում անցկացնելը զբոսաշրջիկի վրա նստում է մոտ 1000 դոլար (ներառյալ ավիատոմսը)։ Ի պատասխան «Առավոտի» այն հարցին, թե համաձայն ո՞ր կարգի է որոշվում հյուրանոցների աստիճանակարգը (ասենք ինչի՞ հիման վրա է «Երեւան» հյուրանոցն իրեն համարում 5 աստղանի)՝ պրն Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս պահին պարտադիր սերտիֆիկացում չկա։ Հետեւաբար, հյուրանոցներին աստղերը տրվում են այն ժամանակ, եթե հյուրանոցն ինքը կդիմի ստանդարտացման վարչությանը։ Պրն Պետրոսյանի կարծիքով, կամավորության այդ սկզբունքը հիմա պետք է պարտադիր նորմ դարձնել։ Այս տարի 100 հազար տուրիստի սպասող Հայաստանի Հանրապետությունը նրանց ընդունելու համար պատրաստ է դեռեւս ծրագրերի եւ նախագծերի տեսքով կամ, լավագույն դեպքում, փաստաթղթանորմատիվային տեսքով։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել