Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԷՑ-երի սեփականաշնորհումը օգուտ չբերեց նույնիսկ Բրիտանիային եւ

Փետրվար 08,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՓՈՐՁԱԴԱՇՏԻ ԲԷՑ-երի սեփականաշնորհումը օգուտ չբերեց նույնիսկ Բրիտանիային եւ ԱՄՆ-ին Հայաստանի կառավարությունն ու էներգետիկայի նախարարությունը շարունակում են լռության մատնել էլեկտրաէներգետիկայի ազատականացման միջազգային կարճատեւ փորձարկումների բացասական արդյունքները։ Այս կապակցությամբ ստացվել է նոր տեղեկատվություն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից, որը ներկայացնելուց հետո փորձենք որոշակի հարցադրումներ ուղղել կառավարության եւ նախարարության համապատասխան պատասխանատուներին։ Նախ հիշեցնենք, որ էլեկտրաէներգետիկայի ոլորտի ազատականացման առաջին փորձը ձեռնարկվել է Մեծ Բրիտանիայում 1990թ. եւ նպատակ է ունեցել ապահովել գների մրցակցությունն ու դրանց իջեցումը։ Սակայն մինչեւ այժմ այդ երկրում սակագների իջեցում տեղի չի ունեցել եւ չի հաջողվել ձեւավորել մրցակցային դաշտ։ ԱՄՆ-ի 50 նահանգների շուրջ կեսը ծրագրեր էր կազմել՝ էլեկտրամատակարարման շուկան պետական վերահսկողությունից դուրս բերելու։ Սակայն Կալիֆոռնիայի նահանգի դառը փորձը սառեցրել է այդ ծրագրերի իրականացումը։ Այս նահանգում առաջինն է փորձարկվել համակարգի ազատականացման մոդելը։ Արդյունքում խափանվել են էլեկտրամատակարարումները եւ նահանգը հայտնվել է էներգետիկ ճգնաժամի մեջ։ Տուժել են ոչ միայն նահանգի միլիոնավոր բնակիչները, այլեւ տնտեսվարող սուբյեկտները։ Օրինակ, նահանգի կենցաղսպասարկման երկու հայտնի խոշորագույն ընկերությունները հայտնվել են սնանկացման եզրին։ Էլեկտրաէներգիայի սակագներն աճել են 4 անգամ եւ ԱՄՆ-ի նախագահը ստիպված է եղել ֆինանսական օգնություն տրամադրել նահանգի անվճարունակ բնակիչներին։ ԱՄՆ-ի էներգետիկայի հանձնաժողովը ձեռնամուխ է եղել կալիֆոռնիական ճգնաժամի հետաքննությանը։ Արդեն հայտնի է, որ կատարվելու է վերադարձ ինքնարժեքի հետ խստորեն կապված գներին, այսինքն՝ մինչեւ ազատականացումը գոյություն ունեցող վիճակին։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գրեդ Դեյվիսը հայտարարել է, որ ձեւավորելու են էլեկտրականության նահանգային լիազոր վարչություն։ Այսինքն, վերականգնվելու է ոլորտի պետական վերահսկողությունը։ Ազատականացման եվրոպական եւ ամերիկյան շուրջ 11-ամյա փորձից հետո նշվում է, որ մինչեւ այժմ չի հաջողվել մշակել օպտիմալ առեւտրային մոդել, քանի որ դա բարդագույն խնդիր է։ Այս տեղեկագրությունից հետո փորձենք մի շարք հարցադրումներ ուղղել ՀՀ կառավարությանն ու էներգետիկայի նախարարությանը, որոնց պատասխանատուներն անշուշտ տեղյակ են էլեկտրաէներգետիկայի ազատականացման միջազգային փորձի բացասական արդյունքներին։ Եթե շուկայական հարաբերությունների դարավոր փորձ ունեցող զարգացած երկներում ոլորտի ազատականացման ուղղությամբ ստացվել են խիստ բացասական արդյունքներ եւ դրա օպտիմալ տարբերակները մինչեւ հիմա էլ չեն մշակվել, ապա մեր պաշտոնատարները ինչո՞ւ են ձգտում փորձադաշտի վերածել նաեւ Հայաստանը։ Չէ՞ որ մեր երկրի համար նման փորձերը կարող են առավել կործանարար արդյունքներ գրանցել։ Երկրորդ, ազատականացման հետապնդած գլխավոր նպատակը մրցակցային դաշտի ստեղծումն է։ ՀՀ բաշխիչ 4 ցանցերին տեր է դառնալու ընդամենը 1-2 ընկերություն, որոնք, ըստ պայմանագրի, 2-3 տարի հետո իրավունք են ստանալու սահմանել իրենց սակագները։ Ի՞նչ ազատականացման մասին կարող է խոսք գնալ, երբ համակարգում նախատեսվում է պարզապես պետական մենաշնորհից անցում կատարել դեպի օտարերկրյա 1-2 ընկերությունների մենաշնորհը։ Երրորդ, ազատականացում իրականացրած երկրներում էլ միայն սեփականաշնորհվել են էլեկտրաէներգիա արտադրող կայանները, բայց ոչ բաշխիչ ցանցերը։ Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհում չի նախատեսվում նաեւ էլեկտրաէներգետիկայի ազատականացման Ռուսաստանի ծրագրում։ Հետաքրքիր է՝ Հայաստանում կատարվող այս «նորամուծությունը» ի՞նչ նպատակներ է հետապնդում։ ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել