Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականացնում են եւ պարտվում

Փետրվար 08,2001 00:00

Քաղաքականացնում են եւ պարտվում ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության խնդիրը պիտի որ ընդամենը աշխատանքային լիներ, բայց ի վերջո վերածվեց քաղաքական եւ «Միասնության» արժանապատվության խնդրի։ Այն այդպիսին դարձավ գերազանցապես ՀՀԿ գործիչների պահվածքի շնորհիվ։ Երբ երեկ պարզ դարձավ, որ այդ պաշտոնի 3 թեկնածուներն էլ (անկախ նախօրեին անցկացված վարկանիշային քվեարկության արդյունքներից) առաջադրվելու են՝ «Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ ունեցավ, թե «խնդիրը թեկնածուների որակավորումը չէ, այլ այն քաղաքական վճիռը, որը կայացրել է «Միասնությունը»։ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ հանձնաժողովի նախագահի ընտրությունը միշտ լուծվել է քաղաքական համաձայնության արդյունքում եւ, որ քվեարկությունը պիտի պատասխանի այն հարցին, թե արդյոք շարունակելո՞ւ են առաջնորդվել այդ սկզբունքով. «ԱԺ-ն պիտի որոշի՝ հարգո՞ւմ են «Միասնության» որոշումը, թե՞ ոչ»։ Քվեարկությունը ցույց տվեց՝ չե՛ն հարգում։ «Միասնության» թեկնածուն՝ Գագիկ Մինասյանը, 42 ձայն էր ստացել, առաջնությունը զիջելով Վահրամ Բաղդասարյանին, որը հավաքել էր 54 ձայն։ Եվ եթե երկրորդ փուլի քվեարկությունը չհետաձգվեր հաջորդ եռօրյային՝ դժվար է ասել, արդյոք վերջնակա՞ն կդառնար «Միասնության» թեկնածուի պարտությունը։ «Առավոտի» հարցին, թե երկշաբաթյա ընդմիջումը պատգամավորների հետ «բացատրական» եւ այլ աշխատանքների համա՞ր է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Լուրջ քննարկումների խնդիր կա։ Սա խնդիր է ե՛ւ ԱԺ-ի մեծամասնության, ե՛ւ թե հետագայում ինչ գնահատականներ պիտի ստանա համագործակցության այն փուլը, որ սկսել է «Միասնություն» դաշինքը»։ Իր ստացած ընդամենը 18 ձայների առնչությամբ Վարդան Բոստանջյանը մեկնաբանություններ անել չէր ցանկանում։ Քանի որ նա ՀՀԿ անդամ է՝ նախազգուշացում էր հնչել, թե ՀՀԿ խորհրդի եւ «Միասնություն» դաշինքի որոշումներին չենթարկվելու համար Վարդան Բոստանջյանի վերաբերյալ կարվեն կազմակերպական եզրակացություններ։ Այդ մասին «Առավոտի» հարցին ի պատասխան պրն Բոստանջյանն ասաց. «Իմ նկատմամբ վերաբերմունքից ես ինքս էլ ձեւավորում էի իմ որոշակի վերաբերմունքը»։ Նա դրական պատասխանեց մեր ենթադրությանը, թե ինքն է պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել