Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ից

Փետրվար 08,2001 00:00

Ո՛չ ՀՀԿ խորհրդում, ո՛չ կառավարությունում, ո՛չ մամուլում ՀՀԿ-ից դուրս եկածներն անցած ամիսներին չեն հայտնել իրենց գաղափարական տարաձայնությունների մասին։ Այս հանգամանքի վրա երեկ լրագրողների ուշադրությունը բեւեռեց ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ ՀՀԿ շարքերից հեռանալու վերաբերյալ Ալբերտ Բազեյանի, Արամ Սարգսյանի, Արտակ Զեյնալյանի, Արա Կետիկյանի եւ Ղուկաս Ուլիխանյանի որոշմանը Անդրանիկ Մարգարյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, երեւույթը բացասաբար է գնահատվում, բայց յուրաքանչյուր անհատ ունի սահմանադրական իրավունք՝ իր կարողություններն ու ցանկություններն իրացնել որեւէ կուսակցության շարքերում»։ ՀՀԿ նախագահը հարկ համարեց շեշտել, որ կուսակցությունն անցած տարվա ապրիլ-մայիսից չի փոխել իր հստակ դիրքորոշումը. «Եվ եթե կային մարդիկ, ովքեր համաձայն չէին կուսակցության 8 ամսվա գործունեությանը՝ այդ ամիսների ընթացքում հնարավորություն ունեին արտահայտել իրենց դիրքորոշումների տարբերությունը։ Ցավոք սրտի, դուրս եկողներից ոչ մեկն այդ ընթացքում դրա մասին չի ասել։ Իսկ պրն Բազեյանն ընդհանրապես պաշտոնից դուրս գալուց հետո հիշեց, որ մեր պետությունն իրավական չէ եւ որոշակի խնդիրներ կան։ Մենք էլ ենք գտնում, որ թերություններ կան»։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ից դուրս եկածների հայտարարության մեջ որակումներն ավելի խիստ էին, թե իշխանության ինստիտուտների գործունեության նորմեր են դարձել իրավական նիհիլիզմը եւ օրինականության նկատմամբ բացարձակ արհամարհանքը։ Վարչապետի ձեւակերպումներն ավելի մեղմ էին։ «Այդ բացերի վրա շեշտը դնելը եւ ասելը, որ թերություններ կային եւ կուսակությունը դրանց դեմ չի պայքարում, գտնում եմ, թե դա գաղափարական այն պատճառը չէր, որը պիտի դուրս գալու առիթ հանդիսանար»։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ից հեռացածների հայտարարության այն դրույթը, որ այդ կուսակցության մեջ գերակշռող է դարձել պատեհապաշտությունը, Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե ընդհանրապես տեղին չի դիտում այդ բառի օգտագործումը. «Այն գիծը, որ մենք տանում ենք՝ խորհրդում դրա մասին հարցը քննարկվել է ապրիլ-մայիս ամիսներին եւ քննարկմանը մասնակցել են նաեւ Բազեյանը, Կետիկյանը, Զեյնալյանը»։ Եվս մեկ անգամ շեշտվեց, որ եթե այս ամենը պատեհապաշտություն է՝ կարելի էր ավելի վաղ տալ այդ գնահատականը։ Սեփական նախաձեռնությամբ վարչապետն անդրադարձավ նաեւ այն մեղադրանքին, որ կադրային քաղաքականության մեջ ՀՀԿ-ն սոսկ դիտորդի կարգավիճակում է. «Կուսակցությունը երբե՛ք իր խորհրդի նիստերի ժամանակ չի քննարկել կադրային հարցեր։ Մենք ունենք որոշակի մոտեցումներ կադրերի նշանակման, կառավարման սկզբունքների վերաբերյալ, այսինքն՝ ներգրավում ենք նաեւ այլ քաղաքական ուժերին։ (…) Կոմունիստը դուրս է եկել՝ դաշնակցական է եկել։ Այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ (…) Մինչեւ այժմ կուսակցությունում չեն քննարկվել կադրային հարցեր, խորհրդի հետ չեն համաձայնեցվել նախարարների թեկնածությունները։ Սրանից հետո էլ չի լինելո՛ւ»։ «Առավոտի» հարցն էր, թե կարելի՞ է գնահատել, որ հետ է պտտեցվում այն գործընթացը, որ սկսել էր Վազգեն Սարգսյանը՝ ՀՀԿ-ի եւ ԵԿՄ-ի միասնականացումը եւ եթե իրոք շարունակվի երկրապահների դուրս գալը ՀՀԿ-ից՝ քանի՞ հոգի կմնա այս կուսակցությունում։ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ այն ժամանակ ԵԿՄ-ի միայն քաղաքականացված հատվածը դարձավ ՀՀԿ անդամ. «Բայց Հանրապետականին ավելացել են ոչ միայն երկրապահները՝ հսկայական մասը ոչ կուսակցական զանգվածն էր։ Եվ այս գործընթացն էական ազդեցություն չի ունենա»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել