Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-ն լռում է, ՀԺԿ-ականները՝ քննադատում

Փետրվար 08,2001 00:00

ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՎԵՐԸ ԲԱՑԵԼ Է ՊԵՏՔ ՀԺԿ-ն լռում է, ՀԺԿ-ականները՝ քննադատում Այն, որ ՀԺԿ-ի վերաբերմունքը «Միասնության» մաս կազմող Հանրապետական կուսակցության եւ իշխանությունների հանդեպ փոխվել է, պարզ էր դեռ այն ժամանակ, երբ ՀԺԿ-ն հրաժարվեց պաշտպանել Անդրանիկ Մարգարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում եւ կրել կառավարության գործունեության պատասխանատվությունը։ Այսօր էլ ՀԺԿ-ն թեեւ խորհրդարանական մեծամասնության մաս է կազմում, բայց դժգոհ է իշխանությունների վարած տնտեսական, ներքին եւ արտաքին քաղաքականությունից։ Հավանաբար, դժգոհ է նաեւ «27-ի» նախաքննության արդյունքներից։ Ամեն դեպքում ՀԺԿ-ն պաշտոնապես դժգոհություններ չի արտահայտում, իսկ դրանց մասին կարծիք են հայտնում կուսակցության առանձին անդամներ։ «Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը խիստ լարված եւ օրհասական է եւ եթե այն շուտափույթ չշտկվի, մենք կհայտնվենք փակուղու առաջ։ Մեզ մտահոգող հիմնախնդիրներից մեկն էլ երկրի արտաքին քաղաքականությունն է, որը մեր գնահատմամբ սխալ ուղղություն է վերցրել եւ շեղվել է իր հունից»։ «Միասնություն» խմբակցության պատգամավոր եւ ՀԺԿ ներկայացուցիչ Արամայիս Բարսեղյանը հայտնեց, թե կիսում է վերջերս քաղաքական ուժերի նախաձեռնած հանդիպման ժամանակ հրապարակված այս տեսակետը։ Հասկանալի չէ միայն, թե իշխանություններից դժգոհ ՀԺԿ-ն, որ գոնե դե յուրե խորհրդարանական մեծամասնության մաս է կազմում եւ իշխանություն ունեցող ուժ է համարվում, ինչո՞ւ չի փորձում օգտագործել իր հնարավորությունը՝ կուսակցությանը հուզող հարցերն իր իրավասությունների սահմաններում բարձրացնելու եւ լուծելու համար։ «Եկեք նախ ճշտենք, թե ո՞վ է այսօր իշխանությունը՝ ըստ Սահմանադրության։ Մենք՝ շուրջ 20 պատգամավորներով (ՀԺԿ անդամ- պատգամավորների մասին է խոսքը-խմբ.) իշխանության այն մասն ենք կազմում, որը չի կարող ուղղություն փոխել։ Տնտեսական եւ այլ բարեփոխումներ իրականացնելու եւ ուղղություն փոխելու համար պետք է կառավարման համակարգում լծակների տիրապետել եւ նախագահի հետ համախոհ լինել։ Մենք սա չունենք, քանի որ տարբեր կերպ ենք պատկերացնում պետության, տնտեսության զարգացման հեռանկարները, պետական պաշտոններում նշանակումներին, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը»,- ճշտեց պարոն Բարսեղյանը։ Եթե ՀԺԿ-ին եւ ներկա իշխանություններին կապող որեւէ բան չկա, ինչո՞ւ է կուսակցությունը շարունակում իշխանական դաշինքի մաս կազմել։ Արդյո՞ք այս պարագայում նրա տեղն ընդդիմադիր դաշտում չէ։ Այս հարցադրումներին ի պատասխան, պարոն Բարսեղյանը նկատեց՝ «Մենք չենք կարող ընդդիմություն լինել, եթե խելացի բաներ են առաջարկվում կամ լինել դիմություն, եթե հիմարություններ են կատարվում։ Մենք կողմնակից ենք այն նախաձեռնություններին, որոնք նպաստավոր են ժողովրդի համար։ Եվ եթե «Միասնության» հետ միասին ճանապարհ ենք անցնում՝ չի նշանակում, որ մենք անում ենք այն, ինչ մեզ թելադրում են»։ Իշխանություններին քննադատող ուժերը փաստում են, որ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը ծանր է։ Մինչդեռ նախագահ Քոչարյանը հայտարարում է, թե 40 հազար աշխատատեղ է բացվելու, տնտեսության ոլորտում ներդրումներ են կատարվում, եւ 2000 թ. մայիսից, այսինքն՝ վարչապետ Մարգարյանի պաշտոնավարությունից հետո տնտեսությունը զրոյից հանկարծ հրաշքով 8 տոկոս աճ է արձանագրել։ Ո՞րն է այստեղ ճիշտը։ «Ես այդ մասին արդեն ասել եմ քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ։ Իմ կարծիքով, 40 հազար նոր աշխատատեղերի մասին հայտարարությունն անհեռանկար է եւ իրականությանը չի համապատասխանում։ Այսօրվա իշխանական համակարգն ի վիճակի չէ թռչելու համար թեւերը բացել։ Նախ այդ մասին պետք է խոսեր ոչ թե նախագահը, այլ վարչապետը, եթե, իհարկե, վերջինս նախագահի մոտ գործադիր տնօրենի տեղակալ չի աշխատում։ Երկրորդ, այդ հայտարարության հիմքում պետք է ծրագիր լինի։ Ո՞րն է այն ծրագիրը, որով պետք է այդ 40 հազար աշխատատեղը բացվեր։ Իսկ ես կարող եմ ավելի հստակ հիմնավորել եւ ապացուցել, որ առաջիկայում միայն առողջապահության համակարգում աշխատող 15 հազար մարդ գործազուրկ է դառնալու։ Առաջիկայում լսումներ կլինեն, որտեղ մենք քննարկելու ենք առողջապահական համակարգի, այսպես կոչված «օպտիմիզացիայի» հնարավոր հետեւանքները։ Ըստ այդ ծրագրի, մասնավորեցվելու է առողջապահական ողջ համալիրը, որի արդյունքում մարդկանց թողնելու ենք դրսում։ Հիմա աշխատատեղ ենք ստեղծո՞ւմ, թե հակառակն ենք անում։ Բացի այդ, մեր պետությունը որեւէ ոլորտի զարգացման ռազմավարություն չունի եւ չի կարող ծրագրել, թե կոնկրետ առողջապահության ոլորտը հեռանկարում ի՞նչի է ձգտում եւ ի՞նչ է անելու։ Փոխարենը, այն ինչ ստեղծվել էր գոնե կոմունիստների ժամանակ՝ պատրաստ ենք օտարելու, միայն թե կատարենք դրսի կազմակերպությունների թելադրանքը։ Այսպես մենք ծախում ենք պետությունը։ Սրանց վրա խաբար չկա։ Եթե կա՝ ուրեմն ավելի վատ. ուրեմն սրանք պետական հանցագործներ են»,- նշեց պարոն Բարսեղյանը։ Ըստ նրա, ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն երկրի առջեւ ծառացած որեւէ խնդիր լուծել, քանի որ նրանք ղեկավարվում են իրենց ստեղծած կլանային համակարգի շահերով։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել