Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացնում ենք Ազգային ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խմբի անդամների երեկվա ասուլիսում «

Փետրվար 08,2001 00:00

«ԱԺՄ-Ն ԴԱՐՁԵԼ Է ԱՄՈՐՖ ՄԱՐՄԻՆ» Ներկայացնում ենք Ազգային ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խմբի անդամների երեկվա ասուլիսում «Առավոտի» հարցերին տրված պատասխանները։ Մինչեւ ԱԺՄ 12-րդ համագումարի երրորդ փուլը Շավարշ Քոչարյանը միշտ ասում էր, որ եթե համագումարը չընդունի իրենց առաջարկած քաղաքական գիծը, ինքը չի առաջադրվի վարչության կազմում, բայց կմնա ԱԺՄ-ում։ Ի՞նչ փոխվեց այս 1,5 ամսում, որ որոշեցին հեռանալ կուսակցությունից։ «Երբ համագումարը մեծամասնությամբ մի գծի կողմնակից է եւ շատ կարճ ժամանակահատվածում փոխում է տեսակետը՝ դա, իհարկե, ցույց է տալիս, որ այստեղ մոտեցումը գաղափարական չէ,- պատճառաբանեց պրն Քոչարյանը։- Եվ այդ պայմաններում մնալն արդեն անհնարին է»։ Այլապես, իհարկե, նրա կարծիքով, կարելի էր սպասել մինչեւ հաջորդ համագումար եւ ասել. «Համոզվեցի՞ք, որ կուրսը սխալ էր»։ Իսկ ինչո՞ւ նրանք չընդունեցին Վազգեն Մանուկյանի առաջարկը՝ իրենց խմբակցությունը ձեւավորել կուսակցության ներսում։ Վահե Վարսանյանն ի պատասխան բացահայտեց, որ Վազգեն Մանուկյանը նմանատիպ առաջարկ իրեն եւ Վարդան Պողոսյանին արել էր նաեւ ԱԺՄ 11-րդ համագումարից հետո. «Սակայն քննարկեցինք, եւ ինքը՝ Վազգեն Մանուկյանը գտավ, որ աննպատակահարմար է եւ իմաստ չունի կուսակցության մեջ խմբակցություն ունենալը»։ Ասուլիսի մասնակիցները շեշտում էին, որ անիմաստ էր կուսակցության մեջ մնալը։ Վարդան Պողոսյանի շարադրմամբ՝ փոխվել է կուսակցության գաղափարախոսությունն անգամ, թե մենք մի արեւելյան ազգ ենք ու սովորական խնդիրներ ենք իրագործելու։ Որքան հիշում էինք, նման տեսակետներ հայտնել էր միայն Դավիթ Վարդանյանը՝ համագումարի առաջին փուլում ունեցած իր ելույթում։ Մի՞թե ԱԺՄ-ում պրն Վարդանյանի տեսակետներն առավել գերիշխող են, քան Վազգեն Մանուկյանի դիրքորոշումները՝ մեր այս հարցին Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Դավիթ Վարդանյանի գիծը սկսել է գերիշխել ԱԺՄ-ում, իմ կարծիքով, 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ վարչությունում սկսեց ձեւավորվել մի տեսակետ, որ այլեւս անիմաստ է լինել ընդդիմության շարքերում եւ իշխանական կառույցներում ինտեգրվելով հնարավոր է որոշակի խնդիրների լուծման հասնել։ (…) Հետեւաբար, պետք է համագործակցել իշխանությունների հետ։ Եվ, ցավոք սրտի, իսկապես Դավիթ Վարդանյանի գիծը հաղթանակ տարավ։ Իհարկե, կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը պաշտոնապես միշտ հակադրվել է այդ թեզիսներին։ Բա՛յց։ ԱԺՄ-ում գործնական քաղաքականության մեջ, ցավոք սրտի, նրա կողմից այդպիսի հակազդեցություն չի եղել այդ գծին»։ Վարդան Պողոսյանը նաեւ նշել էր, որ ԱԺՄ-ում հստակ մեծամասնություն է ձեւավորվել միայն մի հարցի շուրջ՝ մտնելով իշխանություն, ապահովել նյութական բարեկեցություն եւ նեղ անձնական խնդիրների լուծումը։ Արդյոք խոսքը միայն պետական գույքի կառավարման նախարարությունում աշխատանքի տեղավորված ԱԺՄ-ականների, նրանց զավակների եւ հարազատների՞ մասին է, թե՞ կան այլ փաստեր եւս։ Պարզվեց, որ պրն Պողոսյանը նկատի ուներ միայն այդ նախարարությունում աշխատանքի տեղավորվելու միջոցով որոշակի խնդիրներ լուծելու մտայնությունը, որ տարածվել է ԱԺՄ-ում։ Սակայն ԱԺՄ-ն անգամ նախկին իշխանությունների օրոք պաշտոններ ուներ՝ Վազգեն Մանուկյանը նախարար էր, ԳԽ-ի հանձնաժողովների 3 նախագահներն ԱԺՄ-ական էին, Լյուդվիգ Խաչատրյանը՝ Կրոնի գործերի պետական խորհրդի նախագահը, Ֆիլարետ Բերիկյանը՝ «Արցախ» կոմիտեի նախագահի տեղակալը։ Ինչո՞ւ նման հարցեր չէին ծագում այն ժամանակ՝ մեր այս հարցին ի պատասխան Դուստրիկ Մխիթարյանն ասաց, թե ակունքը սոցիալ-տնտեսական վիճակի ներկա առավել վատթարացումն է, բացի այդ, այն ժամանակ՝ «ԱԺՄ անդամների մեջ կար հավատ, հույս»։ Շավարշ Քոչարյանը լրացրեց նրան. «Այդպիսի խնդիր չկար, որովհետեւ չկար այդպիսի մոտեցում, որ գործադիր իշխանությունում պաշտոնն ինքնանպատակ է։ Նպատակը նորմալ պետություն կառուցելն էր»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել