«ԵՐԵՎԱՆ» ՍՏՈՒԴԻԱՅԻ ՀԱՐՑԸ ՄՆԱՑ ԱՌԿԱԽ Օրեր առաջ «Երեւան» կինոստուդիայի աշխատակիցները մտահոգություն էին հայտնում կառավարության՝ ստուդիան լուծարելու մասին որոշման դեմ։ Կինոստուդիայի լուծարման կապակցությամբ մտահոգությունների վերաբերյալ հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը շեշտեց իր համաձայնությունը նման որոշման կապակցությամբ։ Մտահոգությունն արտահայտող փաստարկները, զարմանալիորեն, Տ. Նաղդալյանը «խաբկանք» համարեց, ասելով, թե կառավարությունը՝ լուծարելով ստուդիան, տրամաբանական որոշում էր կայացրել։ Մեր տվյալներով, ստուդիայի լուծարման հարցը կասեցվել է կառավարության կողմից։ Հայտնի չէ՝ ընթացք կստանա՞ այն, հաշվի առնելով Տ. Նաղդալյանի այդօրինակ վերաբերմունքը խնդրի նկատմամբ։ «Երեւան» ստուդիայի հարցի շուրջ փորձեցինք ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանից ճշտել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը։ «Հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, որի շուրջ խորհրդակցություններ պետք է լինեն, եւ այդ պատճառով նախագահը իր վերջնական դիրքորոշումը դեռ չի կարող արտահայտել»,- ասաց պրն Գաբրիելյանը։ Որոշ չափով ստուդիայի աշխատակազմի մտահոգությունը մեղմվել էր կառավարության կողմից հարցի կասեցման հետեւանքով։ Այնուամենայնիվ հարցը դեռեւս վերջնական լուծում չի ստացել, ինչը նշանակում է, թե կարող է նույն որոշումը կրկնվել։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ