Վարուժանի դատը նշանակվել է մարտին Դեռեւս 18 տարի առաջ ֆրանսիական Օռլի օդանավակայանում հնչած պայթյունի արդյունքում ձերբակալվեցին մի քանի տասնյակ (թվով 80 հոգի) հայեր։ Ֆրանսիական իշխանությունները նրանց մեղադրում էին տեռորիստական ակտ կազմակերպելու մեջ։ Կասկածյալների ցուցակում էր նաեւ Վարուժան Կարապետյանը։ Նա հրաժեշտ է տալիս ընկերներին եւ իրեն մեղավոր է ճանաչում ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման։ Երեկ «Ոգեղեն ուժ» սոցիալական կենտրոնը հրավիրել էր վերջերս Սեն Մորի բանտ այցելած Հայաստանյանց Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Վերապատվելի Ռընե Լեւոնյանին։ Նա փոխանցեց Վարուժանի ողջույնները, ասելով. «Շնորհակալ եմ, որ դուք այս երկար ու դժվարին 18 տարիներին իմ կողքին եք եղել։ Իմացած եղեք, որ ես միայն ի շնորհիվ ձեր նվիրվածության եմ մինչ օրս կենդանի մնացել»։ Վերապատվելի Ռընե Լեւոնյանը տեղեկացրեց, որ որոշ ժամանակ առաջ Վարուժանի առողջական վիճակն էր վատթարացել, որի հետեւանքով տեսողությունն էր թուլացել, սակայն համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո տեսողությունը վերականգնվել է։ Նա կարողանում է տեղաշարժվել, զբոսանքի դուրս գալ, մարզվել, ինչպես նաեւ՝ քաջատեղյակ է Հայաստանում կատարվելիք իրադարձություններից, քանի որ դիտում է հեռուստացույց եւ կարդում տեղական հայկական թերթեր եւ ամսագրեր։ Տեղեկացանք, որ Վարուժան Կարապետյանի փաստաբանը (մեկ անգամ մերժում ստանալուց հետո 1998թ.) հերթական անգամ դիմել է դատարան՝ Վարուժանին ազատ արձակելու խնդրանքով։ Ֆրանսիական օրենքների համաձայն, 15 տարի բանտում անցկացնելուց հետո բանտարկյալը իրավունք ունի նորից դիմել դատարան եւ ազատ արձակվել։ «Շատ դեպքերում հենց այդպես էլ լինում է, բայց ոչ Վարուժանի, քանզի այս հարցն արդեն քաղաքականացվել է, ինչի արդյունքում տուժում է միայն ինքը՝ Վարուժանը»,- տեղեկացրեց պրն Լեւոնյանը։ Վարուժանին ազատ արձակելու դատավարությունը նշանակվել է մարտին, որին մասնակցելու համար հրավիրվել են տուժածների ընտանիքները, հոգեբանները, ինչպես նաեւ Սեն Մորի բանտի ղեկավարության անդամները։ Ներկաներից մեկի այն հարցադրմանը, թե արդյո՞ք Թուրքիան կարող է ճնշումներ գործադրել Ֆրանսիայի վրա, քանզի կարծիքներ կան, որ առաջին անժամկետ հետաձգումը կապված էր հենց Թուրքիայի ճնշումների հետ, պրն Լեւոնյանը պատասխանեց. «Վարուժան Կարապետյանը, ինչպես երեք տարի առաջ, այնպես էլ հիմա, կարող է թիրախ դառնալ, եւ մի մարդուն բանտում պահելով՝ որեւէ հարց չի լուծվի»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ